ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ ԳԱՏՆԻՔԸ ԿՅԱՆՔԻՍ ՌԻԹՄՆ Է

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ ԳԱՏՆԻՔԸ ԿՅԱՆՔԻՍ ՌԻԹՄՆ Է

1758

«Հա ջան». այս պատասխանն է միշտ հնչում, թե՛ «ալո»-ի, թե՛ «բարև»-ի դեպքում: «Հա ջան»-ը, ինչպես ընկերներն են կոչում Արմեն Մարգարյանն է՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գանգրահեր տղան:

Վերջերս «Դե տժժա» կատակերգական ֆիլմում նկարահանված գլխավոր հերոսն ամբողջ կյանքում «տժժում է»՝ ասելով, որ կյանքը չափազանց կարճ է միապաղաղ ապրելու համար: Յուրաքանչյուր օրն ավարտում է նվազագույնը հինգ գործ արած: Ինչպես ինքն է ասում՝ պարտադիր պայման է՝ կյանքի ռիթմ, որն էլ իր հաջողությունների գաղտնիքն է:

Դերասան ու երաժիշտ Արմենն ի սկզբանե դիմել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, սակայն ոչ թե իր, այլ՝ ծնողների ցանկությամբ: «Չանտեսեցի նրանց խոսքը, բայց միասնական քննությանն արեցի անկարելին. թեստիս վրա գրեցի՝ «Շնորհակալություն ուշադրության համար» ու հանձնեցի: Մայրս, իհարկե, բարկացավ, բայց ես ուրախ էի, քանի որ մյուս տարի դիմելու էի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ու հստակ քայլերով գնալու էի երազանքներիս իրականցման ճանապարհով»:

Գիտակցելով, որ թատրոնն այնքան էլ պահանջված չէ մեր օրերում՝ երիտասարդ դերասանը չի տրվում հեռուստատեսային հայտնիության գայթակղությանն ու անդավաճան է մնում թատրոնին: Չնայած նրան, որ նկարահանվել է տարբեր ֆիլմերում ու սերիալներում, երբեք չի լքել թատրոնը. «Թատրոնում ամեն ինչ այլ է: Երբ տեսնում ես հանդիսատեսի վերաբերմունքը, վայելում նրանց ծափահարությունները, լիարժեք բավարարվում ու երջանկանում ես: Իսկ էկրանից այն կողմ ամեն ինչ շատ սառն է, ոչինչ չես զգում»:

Երբ Արմենին հարցնում են իր մրցանակաների մասին, ժպտում է ու ասում, որ իր մայրիկին հարցնեն, քանի որ մրցանակների մասին անձամբ խոսելը գլուխգովանություն է համարում: «Արմենի ճարտարապետ կերպարն այդպես էլ երազանք մնաց ինձ համար, բայց որպես դերասան սիրում եմ նրան: Նրա առաջին ներկայացմանը սթրես տարա, երբ Արմենը սկսեց ծխել». պատմում է Արմենի՝ մասնագիտությամբ ճարտարապետ մայրը:

Թատրոնի գանգրահեր տղան ստացել է «Արտավազդ» մրցանակ, ճանաչվել է տարվա լավագույն դերասան, հաղթել է առցանց միջազգային մրցույթում:

Արմենն ընտրություն կատարելիս չի ընտրում կա՛մ սա, կա՛մ նա, այլ՝ և՛ սա, և՛ նա: Նա մշտապես իրեն հանդիպած խոչընդոտները վերածում է հնարավորությունների և ասում. «Յուրաքանչյուր մռայլ գիշերին էլ հաջորդում է լուսավոր առավոտը»:

 

Անի Առաքելայն

2-րդ կուրս

Կիսվել