Սեպտեմբերի 21-ը՝ հաշվետվության օր

Սեպտեմբերի 21-ը՝ հաշվետվության օր

471

Վերջին պատերազմից հետո մենք բոլորովին այլ իրականությունում ենք ապրում, տարածաշրջանում աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխություններ են եղել։ Կյանքը բազմիցս ապացուցել է, որ այս տարածաշրջանը առանձնահատուկ է՝ դաժանության առումով։ Այս տարածաշրջանը (ոչ միայն, բայց հիմա սա է մեր խնդրո առարկան) վառ, առանց այլեւայլության ցույց է տվել, որ թույլերին տրորում են, իսկ հաղթողին չեն դատում, եթե նույնիսկ այդ հաղթողը խախտել է նույն «առաջադեմ» կոչված աշխարհի բոլոր նորմերը՝ մարդու իրավունքներից սկսած մինչեւ արգելված զինատեսակների գործածում եւ այլն։ Այս տարածաշրջանում ամեն օր հաստատվում է աշխարհի «արդարության» սկզբունքը։ Հիմա որոշողը մենք ենք՝ հաշտվում ենք ու մնում թույլ՝  իբրեւ թյուրքական տարրի ոտքի կոխան, թե՞ սթափվում ենք ու գնում հաղթության ճանապարհով։ Բայց հաղթելու համար մեզ պետք է շատ արագ ոտքի կանգնել։ Տնտեսության այս վիճակով հազիվ թե կարող ենք։ Մեզ վերակառուցվել է պետք, շատ բան վերանայել՝ մեր հաղթելու նպատակը ռելսերին դնելու համար։  Սեպտեմբերի 21-ը յուրօրինակ հաշվետվության օր դարձնենք։ Քանի որ մեզ հիմա պետք է ճիշտ հաշվարկված տնտեսաքաղաքականություն՝ արագ ու որակյալ ոտքի կանգնելու համար (դանդաղ կայունի ժամանակը չունենք), հակիրճ փորձենք հասկանալ մեր 30 տարվա ապրածը, քաղած դասերն ու անելիքները։ «ՀՀ»-ի զրուցակիցներն են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանը, տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը։ Տնտեսական խնդիրները հիմնարար չեն լուծվի, եթե չլուծվեն անվտանգության խնդիրները «Վերջերս Արցախում մի գիտաժողովի էի մասնակցում, այնտեղ հանդես եկա «ՀՀ տնտեսության դիմագծի բարեփոխումները եւ մարտահրավերները» զեկույցով։ Նույն ձեր հարցի՝ 30 տարվա մասով է. եթե հակիրճ, ապա անկախությունից ի վեր վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում եւ՛ մեր տնտեսությունը, եւ՛ հասարակությունը հայտնվել են անցանկալի իրավիճակում, եթե, իհարկե, ավելի խիստ որակումներ չտամ։ Այսօր դեռեւս ունենք չհաղթահարված ճգնաժամեր, որոնցից պետք է կարողանանք դուրս բերել մեր տնտեսությունը նոր ուղեծիր»,- «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց Հայկ Սարգսյանը։ Պրոֆեսորի խոսքերով՝ տարիներ շարունակ մեր տնտեսական քաղաքականությունը վայրիվերումներով է եղել, եւ չի իրականացվել կրթական ու գիտարտադրական միասնական համակարգի առաջանցիկ զարգացում։ Չի արվել մարդկային կապիտալի եւ մեր ռեսուրսների (հող, ջուր եւն) ու այլ բաղադրիչների օպտիմալ ռեսուրսօգտագործում։ Տնտեսական ամենատարբեր՝ աճին միտված ծրագրերն ամրագրված չեն եղել մեր պոտենցիալ հնարավորությունների բացահայտման, այնուհետեւ այդ հնարավորությունների գործադրման բավարար պայմաններով։ Մի խոսքով՝ ներկայումս ձեւավորվել է մի տնտեսություն, որը լուրջ կառուցվածքային եւ տեխնոլոգիական փոփոխությունների անհրաժեշտություն ունի. «Օրինակ՝ մենք պետք է էապես լրջագույն ուշադրություն դարձնենք գյուղատնտեսության ոլորտին եւ երբ խոսում ենք նոր տեխնոլոգիաների մասին, դա պետք է վերաբերի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսությանը։ Մենք պետք է կարողանանք այս ոլորտում հիմնովին լուծել պարենային անվտանգության, ջրոռոգման անհրաժեշտ ենթակառուցվածքների, գյուղկոոպերացիայի, խորհրդատվության, ապահովագրության խնդիրները։ Այսօր պետք է կարողանանք նոր հնարավորություններ գտնել»։ Հայկ Սարգսյանը կարեւորագույն մի հանգամանք շեշտադրեց. «Տնտեսությունն ինքնին առանձին չի զարգանում։ Մենք պետք է կարողանանք լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երկրի անվտանգությունն ապահովող պետական կառավարման համակարգի անխափան ու արդյունավետ աշխատանքը, տեխնոլոգիական բարեփոխումների հիմամբ տնտեսական քաղաքականության բարելավումը եւ այս հենքի վրա ռեսուրսների լավագույնս օգտագործման չափանիշների ներդրումը։ Եվ, վերջապես, այս ամենին հավելենք դատաիրավական  համակարգի գործունեության շեշտակի՝ իրապես բարեփոխումը, քաղաքական իշխանություն-բիզնես տարանջատումը, պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությունը։ Ընդհանրապես մենք ինստիտուտների դիսֆունկցիա ունենք, խաթարում, ու սա հիմնախնդիր է, որ անպայման պետք է շտկվի։ Տնտեսական խնդիրները հիմնարար չեն լուծվի, եթե չհաղթահարվեն անվտանգության, քաղաքական, բարոյահոգեբանական, դիվանագիտական եւ այլ խնդիրներ»։ Եվ, իբրեւ հակիրճ ամփոփում կարեւորեց. մեր երկրին անհրաժեշտ է սահմանադրականության բարձրացում, որ ոլորտին էլ ուզում է խոսքը վերաբերի. «Նախորդ 30 տարում մեր տնտեսությունում ամենաբացթողնված ոլորտը եղել է գիտակրթական համակարգը։ Բացասական հետեւանքները տեսնում ենք։ Մինչդեռ մեր երկրի իմիջը, այդ թվում անվտանգության խնդիրները պետք է պայմանավորված լինեն նախ եւ առաջ հենց այս հատվածի զարգացմամբ»։ Մենք 10 միլիոն ենք, եւ մեր Հավատքը Մայր Հայրենիքն է Համազասպ Գալստյանի համոզմամբ՝ անկախությունը եւ դրա հռչակումը պետության համար կարող են դառնալ իրական ու լիարժեք ազգային տոն, եթե ակնառու տեսանելի են ոչ միայն նրա դասական այցեքարտ խորրհդանիշները (դրոշ, գերբ, օրհներգ), այլեւ տվյալ պետությունը ներկայացնող մշակութային, սոցիալ-տնտեսական, կրթական, իրավաքաղաքական, տեխնոլոգիական միջավայրերի արդյունավետ կենսագործունեությունը՝ ի նպաստ պետականության զարգացման եւ ամրապնդման։ Այդ առումով Անկախության  օրը նաեւ տվյալ պետության յուրաքանչուր քաղաքացու  համար (անկախ պետականաշինության պատվաբեր գործում նրա գրաված դիրքից ու ներազդեցության չափից) իր արած ու չարածի յուրօրինակ հաշվետվության օրն է, մտքում եւ բարձրաձայն ու նաեւ առիթը՝ խորհելու իր պետության անցած ուղու, հաջողությունների, փորձությունների, ձեռքբերումների ու նաեւ մարտահրավերների մասին։ Այն, իհարկե, նաեւ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները վաղվա օրվա մասին։ «Այս առումով, պետք է ցավով փաստենք, որ 30-ամյա անկախության սերնդի ուսերին է բարդվել այս երեք տասնամյակի չարվածի, չիրականացվածի ու ձեռքից բաց թողնվածի համախումբը, եւ այս համախմբում ներառված խնդիրների լուծման ուղիների նախանշման ու իրագործելի ճանապարհների ներկայացումը պետք է լինի մեր առաջնային գործողությունը։ Յուրաքանչյուրինս իր ոլորտում, իր հարթակում, դրսում, տանն ու ամենուրեք»,- նշեց «Ամբերդի» հետազոտողը։ Ըստ նրա՝ արհավիրք-պատերազմը ոչ միայն վեր հանեց մեր բացթողումները, այլեւ, որքան էլ տարօրինակ է, ցույց տվեց այն նշաձողը, առանց որին հասնելու Մեր Անկախության մասին ձոներգելը կդառնա պարապ մի բան։ Պատերազմն իր դաժան իրողությամբ խմբագրեց մեր հետագա գործողությունների սցենարը, եւ այժմ մենք օբյեկտիվորեն ստիպված ենք դրան հաղորդել բոլորովին այլ արագություն. «Ճանապարհը նման դեպքերում մեկն է՝ գտնել ոտքի կանգնելու ամենակարճ, ամենաարդյունավետ եւ ամենաարագ տարբերակը, քանզի դանդաղ ու բնականոն զարգացման բոլոր սցենարները կիրառելի չեն այլեւս։ Որքան էլ կրկնվելիք է, սակայն այս ամենի հիմքում ոտքի կանգնելու միասնական կամքը պետք է լինի դրված, հավաքական ու մեկ նպատակի միտված մեր Ոգին։ Մեխանիզմները, այլոց պատմության դասերը մեր օգնականն են, սակայն, ի վերջո, մեր խնդիրը մեր լուծելիքն է»։ Իսկ ո՞րն է մեր լուծելիքը: «Ամբողջապես նոր հայացք դեպի գյուղ ու սահմանամերձ շրջաններ։ Մասնավորապես՝ պետական այլ ինստիտուտների (ոստիկանություն, քրեակատարողական հիմնարկներ, պետական գերատեսչություններ եւն) կայացման վրա ծախսվող գումարների մեծ մասնաբաժինը պետք է այս պահին վերաբաշխվի դեպի գյուղական շրջանների հոգեբանական ու ֆիզիկական ամրացում՝ նպատակային ֆինանսավորման տեսքով։ Երիտասարդ ընտանիքների ստեղծմանը նպաստող պետական անմիջական օժանդակություն գյուղում (բնակարանաշինություն, սոցիալական ձեռներեցություն, վերապատրաստումներ)։ Բարձր տեխնոլոգիաներով արտադրությունների կազմակերպման ժամանակ ակտիվ վարել արտոնագրերի ձեռք բերման քաղաքականություն՝ «ստեղծել, բայց նաեւ օգտագործել ուրիշի ստեղծածի պտուղները» սկզբունքով։ Արագ կյանքի կոչել «Հյուսիս-հարավ» կենսական ճանապարհի կարեւորագույն հատվածների շինարարությունը՝ թունելների ու կամուրջների շինարարության ժամանակ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների ողջ զինանոցը։ Սահմանել հարկային արտոնությունների ճկուն համակարգ, օրենսդրորեն ու արդյունավետ աջակցել ՓՄՁ-ներին՝ իրենց գործունեությունը մայր հայրենիքում շարունակելու համար։ Նպաստել ցանկացած երկխոսության երկրի ներսում եւ քայլել դրսում մեր շահերի համընկնումով՝ երկրների բանակն էապես ավելացնելու բարդ, բայց իրագործելի ճանապարհով»,- ընդգծեց Համազասպ Գալստյանը: Տնտեսագետը համոզված է՝ «Աներկբա պետք է ընդունենք, որ առանց թվարկյալ գործողությունների արագ իրականացման անխուսափելի է դառնալու Հայ մարդու հեռացումը նախ իր ակունքից, ապաեւ՝ հայրենիքից։ Առանց ավելորդ պաթետիկայի արձանագրենք. մենք 10 միլիոն ենք, եւ մեր Հավատքը Մայր Հայրենիքն է։ Անգամ իսկ մեր աշխարհագրական շրջապատն է պարտադրում մեզ գործել համախմբված ու միասնական ճակատով։ Այլ ելք ուղղակի չկա։ Հետեւապես, մենք «դատապարտված ենք» հաջողության»: Երկրի զարգացման համար ռազմական առումով պետք է հնարավորինս անխոցելի լինենք Մեր տնտեսության վայրիվերումների մասին Կարեն Սարգսյանը նույնպես խոսեց: Անկախացումից հետո Հայաստանն անցել է դրա միջով. «Շուկայական տնտեսակարգի արմատավորումը, ինչպես եւ այլ հետխորհրդային երկրներում, բավական ցավոտ դրսեւորումներ ունեցավ, մենք եւս անցանք «շոկային  թերապիայի» փուլը։ Հենց այդ ժամանակահատվածը համընկավ Արցախյան առաջին պատերազմի  ընթացքի հետ։ Նոր անկախացած, տնտեսությունը կաթվածահար եղած երկիրը ներքաշվել էր երկարատեւ պատերազմի մեջ, ինչն ուղեկցվեց գրեթե տոտալ շրջափակմամբ։ Բնականաբար, սա իր դրոշմակնիքը թողեց թե այդ ժամանակահատվածի եւ թե  հետագա տարիների տնտեսական զարգացումների վրա»։ Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում կուտակվել էին հզոր արտադրական ներուժ, արդյունաբերական  հզորություններ։ Պլանային տնտեսության քայքայումից հետո պարզվեց, որ այդ միջոցների զգալի մասն ավելցուկային է, չպահանջված: 1900-ականների սկզբի տնտեսական փլուզման պայմաններում այդ միջոցներն աշխատանքային վիճակում պահելու գործառնական ծախսերը չափից դուրս բարձրացան, իսկ միութենական բյուջեից հատկացվող կապիտալ ներդրումները սպառվեցին: Գործարաններն ու ֆաբրիկաները, սարքավորումներն ու ենթակառուցվածքային օբյեկտները հիմնականում սեփականաշնորհվել էին: Շուկայական տնտեսության ձեւավորումը, բնականաբար, նախ պետք է ուղեկցվեր մասնավոր սեփականության ինստիտուտի ձեւավորմամբ, ինչի համար պետք է ձեւավորվեր կապիտալի շուկան։ Հայաստանում, տնտեսագետի խոսքերով, ցավոք, սա տեղի չունեցավ, եւ զանգվածային սեփականաշնորհման արդյունքում երկրի տնտեսական ռեսուրսների գերակշիռ մասը կենտրոնացվեց սահմանափակ թվով մարդկանց մոտ, ինչն էլ հետագայում հանգեցրեց եկամուտների խիստ բեւեռացվածության, միջին խավի եւ ներդրման կուլտուրայի բացակայության. «Մասնավորեցված ձեռնարկությունների ակտիվներից այն, ինչը կարելի էր ապամոնտաժել, հետագայում վերավաճառվեց որպես ջարդոն եւ դուրս բերվեց հանրապետությունից: Բազմաթիվ օբյեկտներ դարձան ամբողջովին ոչ պիտանի: Արտադրական ձեռնարկությունների նոր սեփականատերերը հնարավորություն չունեին եւ շատ դեպքերում չէին ցանկանում ներդրումներ ներգրավել արտադրական հզորությունները զարգացնելու համար: Այդպիսով՝ հավելյալ արժեքի ստեղծման եւ երկրի բյուջեի համալրման գործում դրանց դերակատարումը սպառվեց: Շուկայական տնտեսության կայացմանն ուղղված տնտեսական բարեփոխումներն իրականացվեցին հիմնականում ի հաշիվ պետական պարտքի ավելացման ու բյուջեի պակասուրդի՝ չգործադրելով արտաքին ներդրումների ներգրավման ուղղությամբ մեծ ջանքեր։ Մարդկային կապիտալը եւս զերծ չմնաց բացասական ազդեցություններից։ Հայաստանը, որը խորհրդային ժամանակաշրջանում ունեցել է մեծ գիտական ներուժ, չնպաստեց վերջինիս ոչ միայն զարգացմանը, այլեւ պահպանմանը, ու բազմաթիվ մասնագետներ լքեցին երկիրը, իսկ սոցիալ-տնտեսական մարտահրավերների ֆոնին կրթությունը մղվեց երկրորդային պլան»։ Այնուամենայնիվ, ինչպես նկատում է տնտեսագետը, 1990-ականնների վերջերին Հայաստանի տնտեսությունում նկատվեցին որոշակի դրական տեղաշարժեր, իսկ արդեն 2000-ական թվականների սկզբում, երբ համաշխարհային տնտեսությունը գտնվում էր աննախադեպ աճի փուլում՝ ուղեկցվելով ներդրումային գործընթացների գերակտիվացմամբ, ՀՀ տնտեսությունը թեւակոխեց  տնտեսական աննախադեպ վերելքի փուլ` գրանցելով երկնիշ տնտեսական աճ։ «Սակայն, պետք է նշել,- նկատեց նա,- որ Հայաստանում նման բարձր տնտեսական աճին հիմնականում նպաստել են հանքարդյունաբերությունը՝ պայմանավորված մետաղների համաշխարհային գների կտրուկ աճով, եւ տնտեսության ոչ արտահանելի հատվածը՝ հիմնականում կապիտալ շինարարության հաշվին։ Թերեւս, սա է պատճառը, որ 2008 թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով մեր տնտեսությունը հայտնվեց  բավական խոր ռեցեսիայի մեջ։ Հետճգնաժամային տարիներին տնտեսական աճի նախաճգնաժամյան տեմպերը չվերականգնվեցին, եւ ըստ տարիների արձանագրվել է բավական տատանողական շարժընթաց»։ Արցախյան վերջին պատերազմը կրկին ցույց տվեց մեր տնտեսական մոդելի անարդյունավետությունը։ Կարեն Սարգսյանը վստահ է՝ եթե ունենայինք մրցունակ տնտեսություն, հզոր ռազմարդյունաբերություն, ապա այս պատերազմը տանուլ չէինք տա. «Երկրի զարգացման համար այն պետք է ռազմական առումով հնարավորինս անխոցելի լինի։ Եթե ժամանակին մտածեինք այս մասին, ամենայն հավանականությամբ, այս պատերազմն այլ ելք կունենար։ Անկախության անցած երեք տասնամյակներից հետո, ի վերջո, պետք է  հետեւողականություն դրսեւորենք, փոխենք տնտեսական աճի մոդելն ու տնտեսության կառուցվածքը, բարձրացնենք արտաքին շոկերից մեր տնտեսության պաշտպանողականությունը, պահանջարկի վրա հիմնված տնտեսությունից անցում կատարենք «առաջարկի տնտեսության», խթանենք գիտելիքահենք արտադրությունների զարգացումն ու ոչ հումքային արտահանումը, բարելավենք ներդրումային միջավայրը, զարգացնենք ներդրումային կոլեկտիվ ինստիտուտները, խրախուսենք մարդկային կապիտալի զարգացումը»։ Կառավարման փորձագետը եզրափակեց կարեւորագույն շեշտադրումով. «Ռազմարդյունաբերությունը պետք է դառնա մեր տնտեսության առաջատար ոլորտներից մեկը։ Ես վստահ եմ, որ ունենք դրա ներուժը, պարզապես անհրաժեշտ է հետեւողական քաղաքականություն այս ոլորտում։ Այդ կերպ կարող են լուծվել ինչպես մեր երկրի անվտանգության խնդիրները, այնպես էլ կապահովվեն տնտեսության դիվերսիֆիկացումն ու առաջանցիկ զարգացումը»։

Սկզբնաղբյուրը՝ hhpress.am

Կիսվել