44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված միջոցառում` Արագածոտն մարզի Երնջատափ գյուղի Ե.Չարենցի անվան միջնակարգ...

44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված միջոցառում` Արագածոտն մարզի Երնջատափ գյուղի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցում

931

Սեպտեմբերի 18-ին Արագածոտն մարզի Երնջատափ գյուղի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։ Դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ միջոցառմանը ներկա են գտնվել գյուղի կամավորականները, զորացրված զինծառայողները, համագյուղացիները, ինչպես նաև Մուղնի համայնքի ՀՀ ՊՆ N զորմասի զինծառայողները։

Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ զոհված հայորդիներին հարգանքի տուրք մատուցելով։ Այնուհետև  դպրոցականները հանդես են եկել իրենց շնորհակալական խոսքերով ու ազգագրական երգերով` արցախցի փոքրիկների կատարմամբ, որոնց ընտանիքները գյուղում են բնակեցվել պատերազմից հետո։

Միջոցառման ընթացքում  պատերազմին մասնակցած ազատամարտիկները պատասխանել են դպրոցականների հարցերին և խոսել պատերազմի ընթացքի, դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին։ Կամավորական Սամվել Հարությունյանը իր ելույթում նշել է, որ պատերազմը ավարտված չէ, և վաղվա օրը մատաղ սերնդի ձեռքում է. «Պետք է անդադար աշխատել, կրթվել և զարգացնել երկիրը, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաղթել պատերազմում»,- ասել է նա։

Միջոցառման ավարտին Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդան Ղուկասյանը պատերազմին մասնակցած ազատամարտիկներին իր շնորհակալությունն է հայտնել ու պատվոգրեր հանձել։ Այնուհետև ներկաները այցելել են գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի`մոմավառության` հանուն Արցախ աշխարհի վերածնման և հարատև խաղաղության հաստատման։

Սաթենիկ Խալաթյան

2-րդ կուրս

Կիսվել