Արցախում այդպես էլ կմնա այն մի քանի շենը, որոնց վրա ոտք չդրեց...

Արցախում այդպես էլ կմնա այն մի քանի շենը, որոնց վրա ոտք չդրեց Գևորգ Արշակյանը

790

Գևորգ Արշակյանը ծնվել է 1996թ. նոյեմբերի 12-ին, բայց բոլորին ասում էր, թե ծնվել է սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը, և հավելում. «Յուրաքանչյուր հայի գիտակցված ծնունդը սեպտեմբերի 21-ին է»: Սեպտեմբերի 21-ը նշում էր ֆանտաստիկ ձևով (ֆանտաստիկը Գևորգի բառն է) և «ստիպում» էր իր մտերիմներին, որ նրանք էլ նշեն իր հետ:

 Գևորգը կենսուրախ էր, ապրում էր կյանքի յուրաքանչյուր վայրկյանով, պաշտում էր հայրենիքն առանց «բայց»-երի ու «եթե»-ների:

Սովորում էր Երևանի պետական համալսարանի 2 ֆակուլտետներում միաժամանակ և գերազանց: Ուսանում էր նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

2018թ. որպես լեյտենանտ մեկնեց իր սիրելի հայրենիքին պարտքը տալու: Գևորգի ծառայությունն անցնում էր Մատաղիսում, կամ, ինպես ինքն էր կնքել, Մատաղիսի Թագավորությունում:

Գևորգը պաշտում էր Արցախը: «Արցախում մի քանի շեն է մնացել, որ ես ոտքով չեմ անցել»,- ասում էր հաճախ: Իր պաշտելի Արցախի համար էլ կյանքը տվեց 2020թ. պատերազմում:

Գևորգը մի խոսք ուներ, ասում էր. «Հայրենիքը սիրում են այն ճանաչելով, երկիրը՝ շենացնելով»: Իր 24-տարվա կյանքով Գևորգը պարտավորեցրեց մեզ սիրել ու շենացնել հայրենիքը և սեպտեմբերի 21-ը նշել որպես մեր գիտակցված ծնունդ:

Անուշ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել