ՄԱՍՆԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ

ՄԱՍՆԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ

4783

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ է առողջ միջավայր: Նրա անհատի ձևավորման համար շատ կարևոր դեր են խաղում մանկապարտեզները: Այսօր կան շատ մասնավոր և պետական մանկապարտեզներ, և երբ գալիս է երեխային մանկապարտեզ տանելու տարիքը, ծնողները  կանգնում են ընտրության  առաջ, տանել մասնավոր, թե պետական մանկապարտեզ: Հայաստանում գործում են մոտավորապես 650 պետական և 65-ից ավելի մասնավոր մանկապարտեզներ:

Պետական և մասնավոր մանկապարտեզներն ունեն իրարից որոշ տարբերություններ:

Պետական մանկապարտեզների թիվը զգալիորեն մեծ է: Հայաստանում գործող բոլոր պետական մանկապարտեզներն անվճար են: Այստեղ երեխաներն ըստ տարիքի ընդգրկվում են խմբերում: Երեխաների խնամքով զբաղվում են դայակները, և տրվում է երեքանգամյա սնունդ: Այստեղ երեխաներին սովորեցնում են նկարել, երգել, իսկ օտար լեզուների, ինչպես նաև այլ խմբակների հաճախելը վճարովի է` կախված ծնողի ցանկությունից:

Մասնավոր մանկապարտեզներում պատկերն այլ է: Այստեղ ավելի հանդիպում են նույն տարիքային խմբի երեխաներ, որոնցից յուրաքանչյուրի հանդեպ կա առանձնակի ուշադրություն և հոգատարություն: Մասնավոր մանկապարտեզներում երեխաներին դասավանդում են օտար լեզուներ, երգեցողություն, տրամաբանություն, վարվեցողության կանոններ, կեցվածք, էթիկա և այլ առարկաներ: Ցանկության դեպքում տրամադրում են նաև փոխադրամիջոցներ: Ի տարբերություն պետական մանկապարտեզների, որոնք անվճար են, երեխային մասնավոր մանկապարտեզ տանելը ծնողի վրա  կարժենա  60 հազարից մինչև 120 հազար դրամ: Եվ պատճառներից մեկն էլ այն է, որ շատ ծնողներ, ֆինանսից ելնելով, իրենց երեխաներին տանում են պետական մանկապարտեզներ:

26-ամյա Հասմիկ Սարգսյանի երեքամյա աղջիկը հաճախում է մասնավոր մանկապարտեզ և իր խոսքերով շատ հաճելի է, երբ փոքրիկիդ տանում ես մի վայր, որտեղ շատ լավ են վերաբերվում նրան: Յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում են ցուցաբերում, անգամ հողաթափը հագցնելուց մինչև փոքրիկի կերակրումը:  Սակայն  նա խորհուրդ տվեց ծնողներին, որ  վճարովի մանկապարտեզ փնտրելիս ուշադրություն պետք է դարձնել, որ չհաճախած օրերի գումարը փոխանցվի մյուս ամսվա վարձին: Կան մանկապարտեզներ, որոնք չեն հանում գումարը վարձից, իսկ բալիկները շատ հաճախ են հիվանդանում:

30-ամյա Տաթևիկ Սիմոնյանն էլ նախընտրում է իր տղային տանել պետական մանկապարտեզ, քանի որ այն ամեն դեպքում պետական կառույց է, և մոտ է իրենց տանը: Պետական մանկապարտեզների խմբերում ներառված երեխաների թիվը ավելի մեծ է, բայց սա նպաստում է նրան, որ երեխաս շփվում է տարբեր բնավորություններ ունեցող երեխաների հետ:

Մի քանի ծնողներ չեն ժխտում, որ հաճախ երեխաներին գերադասում են տանել մասնավոր մանկապարտեզներ . գուցե պատճառներից մեկն այն է, որ որոշ մասնավոր մանկապարտեզներ պատրաստ են ծնողների ուզած տևողությամբ երեխաներին զբաղեցնել:

Կարինե Գրիգորյանն էլ նշեց. «Սկզբնական շրջանում փոքրիկս լաց էր լինում, չէր համակերպվում առանց ինձ մնալուն, և ի տարբերություն պետական մանկապարտեզների, որտեղ գրեթե միշտ հանդիպում ենք դաստիարակների կողմից հետևյալ խոսքերին, որ ոչինչ մի քիչ կլացի կսովորի, մասնավոր մանկապարտեզում այլ կերպ է: Այստեղ յուրաքանչյուր երեխայի դայակ ցուցաբերում է հոգատար վերաբերմունք, նույնիսկ ինձ սկզբում թույլ էին տալիս որոշ ժամանակով մնալ երեխայիս մոտ, մինչև որ նա կսովորեր»:

Մասնավոր մանկապարտեզների բոլոր աշխատակիցները երիտասարդներ են, և ծնողների կարծիքով` երիտասարդ կադրերը ավելի ճիշտ են: Մասնավոր մանկապարտեզներից են «Լապտերիկը», «Արևի ծաղիկը», «Մալու մանկիկը», «Հրաշք պալատը», «Անգելինան», «Մուրզիլկան», «Բալուն» և այլն:

«Բալու» մանկական զարգացման կենտրոնի աշխատակից Տաթև Աղաբաբյանի հետ զրույցում պարզեցինք, որ նրանք հատուկ մշակված ծրագրեր ունեն: Կենտրոնում աշխատում են խմբերով: Տարբեր տարիքային խմբերի հետ աշխատող մասնագետները երեխաների տարիքին համապատասխան մեթոդներ ու ծրագրեր ունեն, որը ներառում է մեկ ժամ խաղ, իսկ մնացած ժամանակը տրամադրվում է տարբեր կրթական ծրագրեր իրականացնելուն: Նախադպրոցականները հաճախում են կենտրոն չորս ժամով: Առավոտյան պարտադիր զբաղվում են մոտ 30 րոպե տևողության մարմնամարզությամբ: Մանկական զարգացման կենտրոնում նախադպրոցականների համար կան խոսքի զարգացման, նկարչության, օտար լեզուների, երաժշտության, հեքիաթաթերապիայի դասեր: Կենտրոնի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գործում է նաև մինչև 1 տարեկան երեխաների խումբ: Տաթև Աղաբաբյանը նշեց, որ ունեցել են անգամ 8 ամսեկան երեխա: Օրական վարձավճարը 3000-3500 դրամ է: Ի տարբերություն այլ մանկապարտեզների`այն բացի աշխատանքային օրերից գործում է նաև շաբաթ օրերին:

Թե ՛մասնավոր, թե՛ պետական մանկապարտեզների դեպքում` ամենկարևոր խնդիրը մնում է երեխայի դաստիարակությունը, անհոգ մանկությունն ու անվտանգությունը, իսկ ընտրությունը կախված է ծնողի ցանկությունից:

 

Կարինե Սարգսյան

4-րդ կուրս

 

 

Կիսվել