Դռների տակ մնացած, նոր ավտոբուսներին սպասելով

Դռների տակ մնացած, նոր ավտոբուսներին սպասելով

851

Երևանի կանգառներն ամեն առավոտ մարդաշատ են։ Երթուղայիններն անցնում են մեկը մյուսի ետևից, քաղաքացիներն էլ  չեն կարողանում օգտվել։ Ուսանողները և աշխատանքի շտապողները գրեթե միշտ ուշանում են․ ինչքան էլ շուտ դուրս գան տնից, միևնույն է, երթուղայինում տեղ չկա, լինելու դեպքում էլ՝ հազիվ մի ոտնաչափ։ Ավտոբուսներում տիրող իրավիճակը սարսափելի է․ մարդիկ, «իրար գրկած», ժամերով խցանման մեջ են մնում։ Այս ամենը նաև ավելացնում է կորոնավիրուսով վարակման դեպքերը։ 

«Ինչքա՞ն կարելի է։ Ամեն առավոտ տասը հատ բաց ենք թողնում, նստելու դեպքում էլ մնում ենք խցանման մեջ։ Ով էլ զգում է, որ ճար չկա,  դռներից կախված է գնում։ Էսպես ինչքա՞ն կարա շարունակվի»,- բողոքում են ուղևորները։ 

Երևանի Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության մասնագետը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ քաղաքապետարանը, միանշանակ, քայլեր ձեռնարկում է խնդիրը վերացնելու համար։ Մասնավորապես նշեց, որ Հայաստան են գալիս 211 նոր ավտոբուսներ։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում էր կատարել. «Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան»: Քաղաքապետը խոստացել էր, որ ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին: Նա նշել էր նաև, որ այս ավտոբուսներում պետք է վճարել նստելիս՝ 100 դրամանոց մետաղադրամներով և հավելել․ «Մի քանի ամսից մենք անցում կկատարենք էլեկտրոնային վճարման համակարգի, որի շնորհիվ կկիրառենք նորագույն տեխնոլոգիական հնարավորություները»։

Ըստ Հ. Մարությանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի ավելի վաղ՝ սույն թվականի հուլիսի 2-ի գրառման՝ նոր շարժակազմով երթուղի է դուրս եկել  97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը): «Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթեւացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել եւ գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար»,- նշել է քաղաքապետը։

Հիմա Երևանում գործում է 9 նոր երթուղի՝ 26 , 74 , 97, 47 , 38 , 99 , 24 , 46 , 22 համարներով։ Այս դեպքում դժգոհություններ ունեն նաև վարորդները։ Թեև երթուղիները շահագործվում են հուլիսի 2-ից, մեկ է, ուղևորների մեծ մասը  դեռ չի կարողանում ճիշտ օգտվել։ Վարորդներից մի քանիսը բողոքում ու նյարդայնանում են, որ օգտվողները, գումարը հատուկ արկղ գցելու փոխարեն, իրենց են տալիս։

Թե ինչքանո՞վ կլուծվեն խնդիրները, դեռ կտեսնենք։ Քաղաքացիները սպասում են, որ նոր ավտոբուսները մի փոքր կթեթևացնեն իրենց հոգսը։

Օֆելյա Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել