ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

6893

Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:

Ներառական կրթությունն իրենից ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:

2001թ. «Հույի կամուրջ» հասարակական կազմակերպության և ՀՀ Կրթության և Գիտության համատեղ ջանքերով Հայաստանում մեկնարկեց  ներառական կրթության առաջին փորձնական ծրագիրը:

Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ, ներառական կրթության հիմնադիրներից Անահիտ Բախշյանը 16 տարի առաջ հենց իր ղեկավարած դպրոցում է առաջինը ներդրել ներառական կրթության համակարգը: Նրա կարծիքով այս տարիների ընթացքում ներառականությունը հասկացությունից վերաճել է օրենքի:

Վերջին տարիներին հասարակության մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել դեպի հաշմանդամություն ունեցող երեխայի կրթության իրավունքը:

2014թ.-ին «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ համընդհանուր ներառական կրթությունը ՀՀ-ում ամրագրվել է որպես պետական քաղաքականություն: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ներառական կրթությունն արդեն իսկ իրողություն է:

2014թ. դրությամբ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով Հայաստանում գործում է 139 ներառական դպրոց Երևանում և մարզերում:

Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության որակի ապահովմանը:

Ներառական կրթությունն ամբողջովին չի կարող գործել, քանի դեռ մեր ընտանիքներում, հասարակությունում հաշմանդամություն ունեցող երեխայի նկատմամբ կա խտրական վերաբերմունք:

«Յուրաքանչյուր համայնք տեսնում է,թե ինչպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան մտավ դպրոց և ինչ հաջողություններ գրանցեց: Այսինքն` սոցիալիզացման խնդիրը լուծվում է դրանով, ինչն էլ նպաստում երեխայի կրթության որակի բարձրացմանը և կոտրում այն կարծրատիպը, որ այդ երեխայի հնարավորթությունները սահմանափակ են»,-նշում է Անահիտ Բախշյանը:

Մինչդեռ ներառական կրթությունը ոչ միանշանակ է ընդունվում բոլորի կողմից: Այսօր հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ շատ կարծրատիպեր կոտրվել են, սակայն երբ մարդիկ պետք է իրենց խոսքը գործով ապացուցեն այդտեղ նկատվում է որոշակի բաց: Շատերն են ասում, որ հաշմանդամություն ունեցող երեխան պետք է սովորի դպրոցում, բայց դեմ են, որ իրենց երեխայի հետ սովորի նույն դասարանում: Հաշմանդամություն չունեցող երեխաների ծնողները  հաճախ ներառական դպրոց չհաճախելու պատճառ նշում են, որ իրենց երեխան կհուզվի մինչև անգամ սթրես կապրի խնդիրներ ունեցող երեխայի հետ նույն դասարանում սովորելով: Նման գաղափարի տեր ծնողները իրենց երեխաներին առանձնացնում են հաշմանդամություն ունեցող երեխաներից և ցույց տալիս իրենց խտրական վերաբերմունքը:

Երեխաները, անկախ հաշմանդամ լինելուց կամ կրթական դժվարություններ ունենալուց, դպրոցն ավարտելուց հետո որոշակի դերակատարություն ունեն հասարակության կյանքում:

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ունեն նույն իրավունքներն, ինչպես մյուսները: Առանձնացված ուսուցումը սահմանափակում է ինքնաարտահայտման իրավունքներն ու հնարավորությունները:

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Թադևոսյանի կարծիքով մեծագույն խնդիրը մնում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը և կան շատ անելիքներ այդ վերաբերմունքն ու կարծրատիպերը կոտրելու համար:  Մեծագույն խնդիր է նաև ուսուցիչների պատրաստվածությունը, նրանց մոտեցումներն ու վերաբերմունքը երեխայի կարողությունների և հնարավորությունների նկատմամբ, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխայի:

Ամբողջ աշխարհում ներառումը այլևս ապրելակերպ է, մարդկանց համատեղ ապրելու,աշխատելու և սովորելու կենսակերպ: Յուրաքանչյուր երեխա իրեն պետք է կարևորված զգա հանրակրթության պայմաններում: Պետությունը պետք է յուրաքանչյուր երեխայի մասին հոգ տանի անկախ նրանից երեխան առանձնահատուկ պայմանների կարիք ունի թե չունի, հասարակությունն էլ իր հերթին պետք է իր դրական վերաբերմունքով էլ ավելի խթանի ներառական կրթությունը:

 

Կարինե Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել