Մինչև պատերազմը Գայա Ասոյանը բնակվում էր Բերձորում, կապված էր իր քաղաքի հետ, այնտեղ է անցկացրել իր մանկությունն ու պատանեկությունը, այնտեղ էին իր դպրոցն ու ընկերները։ Նա բանաստեղծություններ է գրում։ 17 տարեկան է, պատերազմից հետո տեղափոխվել է Հայաստան և սովորում է 12-րդ դասարանում: Գայայի գրված բանաստեղծությունները տպագրվել են Տարագիր համահեղինակային գրքում։
Նրա հետ խոսել ենք իր ստեղծագործությունների, տպագրված գրքի և ԵԳԸ-ի (Երիտասարդ Գրողների Ընտանիք) անդամ լինելու մասին։ ԵԳԸ-ն ստեղծվել է կարանտինի օրերին: Նազենի Հովհաննիսյանն ամեն ուրբաթ կազմակերպում էր «Պոետիկ երեկոներ» և ուղիղ եթերների միջոցով կապ էր հաստատում երիտասարդ ստեղծագործողների հետ։ Այդ երիտասարդները հետագայում համախմբվել են և իրենց բոլորի ստեղծագործություններով տպագրվել է գիրք, որը կոչվում է »Թանաքն ունի ոտքեր», իսկ ԵԳԸ անունով նրանց կոչել է Ավետ Բարսեղյանը։
-Երիտասարդ Գրողների Ընտանիքի անդամ եք։ Ի՞նչ եք անում այնտեղ, ինչո՞վ եք զբաղվում։
-ԵԳԸ-ն փոքրիկ ընտանիք է, որն ունի տուն, բայց այդ տունը ոչ թե 4 պատն է, այլ գիրն ու գրականությունը։ Այն բավականին մեծ ու կարևոր դեր ունի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ ինձ համար։
-12-րդ դասարան եք, իսկ ե՞րբ եք սկսել գրել:
-13-14 տարեկանի էի, երբ սկսեցի գրել: Սկզբնական շրջանում ստեղծագործություններս ոչ մի տեղ չէի հրապարակում, որոշ ժամանակ անց ֆեյսբուքում բացեցի ստեղծագործական էջ և բանաստեղծությունները այնտեղ էի տեղադրում: Երբ նկատեցի, որ շատերն են կարդում և հետաքրքրված, սկսեցի հանդես գալ իմ անունով և նկարներով։ Միշտ արձակ եմ գրել։ Ինձ համար գրելը ապրելակերպ է։ Ժամանակի ընթացքում, երբ անընդհատ գրում էի, օր օրի մտքերս ավելի էին հասունանում, որովհետև դրա հետ մեկտեղ հասունանում էին ապրումներս:
-Ո՞վ է Ձեր ընթերցողը։
-Առաջին ընթերցողները քույրս և ընկերուհիս են: Մյուս ընթերցողները համացանցային տիրույթում ընթերցող անձիք են։
–Ունե՞ք այնպիսի ստեղծագործություն, որը գրել եք ինքներդ Ձեզ համար։
-Այո՛, իհարկե, կան ու կլինեն։ Նախ գրում եմ ինքս ինձ համար, իմ խաղաղության համար, ապա հետո մեկ ուրիշի ցավը որոշ չափով ամոքելու և, ինչու ոչ, նաև ուժ տալու համար։
–Ունե՞ք մոտիվացիայի աղբյուր։
-Բոլոր ապրումներս, զգացմունքներս, որոնք կամ ինձ ժպիտ են պարգևում, կամ խլում են ժպիտս։ Ինձ շրջապատող աշխարհն է ինձ մոտիվացնում:
-Դուք ունեք արդեն տպագրված գիրք, որը կոչվում է «Երբ որոտաց պատերազմը»: Քանի՞ տարեկան էիք, երբ գրեցիք:
-16 տարեկան էի։ Չեմ կարող նկարագրել զգացողություններս, որովհետև գրքում գրված ամեն տողը ես ապրել եմ ու, ցավոք, դեռ ապրում եմ։ Դա ինձ համար սովորական գիրք չէ, դա տունն է այն ցավիս, որն իմ հոգում բույն դրեց պատերազմի ժամանակ։
–Իսկ ինչո՞ւ որոշեցիք գրել:
-Ապրումներս չէի կարողանում իմ մեջ պահել: Հասկացա, որ պետք է պատերազմի մասին գիրք գրեմ, խոսեմ։ Պետք է կարողանամ ցավիս մասին խոսել բարձրաձայն, մարդկանց թույլ տալ դա տեսնել մինչև վերջ, ու գուցե իմ խոսքերի միջոցով նրանք կարողանան իրենց ցավը սփոփել։ Այս փոքրիկ գիրքը ես գրել եմ 6 ամսվա ընթացքում։
-Եթե կարողանայիք հայտնվել գրքում, ո՞րը կլիներ։
-Գուցե այդ գիրքը լիներ Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», կամ Էթել Վոյնիչի «Բոռը»:
Նշենք, որ գիրքի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ն Հովհաննես Թումանյանի տուն -թանգարանում։ Շնորհանդեսը կազմակերպվել էր Քաշաթաղի շրջանի «ՄԵՐԱՆ» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի նախաձեռնությամբ։ Գիրքը շուտով կվաճառվի գրախանությում։
Սիլվի Պետրոսյան
3-րդ կուրս