«Ես չեմ գտել առավել մեծ բան, քան սերը». քանդակագործ Հարութ Հովհարը՝ իր...

«Ես չեմ գտել առավել մեծ բան, քան սերը». քանդակագործ Հարութ Հովհարը՝ իր քանդակների գաղափարի մասին

523

Հոկտեմբերի 10-ին «Arvestanoc Cafe & Bar»-ում տեղի ունեցավ քանդակագործ Հարութ Հովհարի (Հովսեփյան)  քանդակների ցուցահանդեսը:

Ժամանակից շուտ եկած այցելուները ականատես էին լինում երիտասարդ քանդակագործի նախապատրաստական աշխատանքին:

«Cafe & bar»-ում  հնչող  ժամանակակից երաժշտության տակ նա երկաթից, փայտից և այլ նյութերից պատրաստած իր աշխատանքները մերթ շտկում էր, մերթ վերադասավորում:

Իր աշխատանքների յուրահատուկ և հետարքիր ոճի մասին քանդակագործը  մեզ հետ զրույցում ասաց, որ որևէ քանդակ ստանալու համար բնությունը բոլոր միջոցները տալիս է. «Կուզես՝ միասին փիղ ստեղծենք: Կտեսնես, որ այդ փիղը հենց այս տարածքում կա»: 

Եվ իր գործերից մեկի մասին, որն իրենից հենց փիղ էր ներկայացնում, նա նշեց, որ այն չի պատրաստել, պարզապես կպցրել է:

Երբ հյուրերը սկսեցին աստիճանաբար ժամանել, քանդակագործը տվեց  ցուցահանդեսի մեկնարկը. նա մոտեցավ ամբողջովին սպիտակ պատին և սկսեց  ֆլոմաստերներով  գունազարդել այն: Ապա նրան մոտեցան այլ այցելուներ, երեխաներ, պատանիներ, և  դատարկ պատը լցվեց երփներանգ պատկերներով: Մեկը կատվի կերպարանքով լուսին էր նկարում, մյուսը կոտրված սիրտ, մեկ ուրիշը ձեռքեր, ծաղիկներ, թիթեռներ..:

Իր «Հովհար» անվան մասին ասաց, որ անվան և ազգանվան առաջին 3 տառերի միացումի արդյունքն է, ապա ծիծաղելով հավելեց. «Բոլորին հով եմ անում հենց շոգում են»:

Իսկ այն հարցին, թե իր գործերը ինչ գաղափար են կրում,  քանդակագործը ասաց, որ այս աշխարհում չի գտել առավել մեծ բան, քան սերը. «Այն, ինչը որ կա, գոյություն ունի, գուցե  և գոյություն չունի, դա հենց սերն է: Այդ մասին բոլորը գիտեն:  Ես հիմա զբաղվում եմ նրանով, ինչ սիրում եմ, ես նոր բան չեմ կարող տալ մարդկանց»:

Քանդակագործ Հարութ Հովհարը ստեղծագործում է դեռ մանկուց: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը,  ապա սովորել  Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում։

Լուսինե Հակոբյան Արտակի

2-րդ կուրս

Կիսվել