Փելա սարը գտնվում է Կապանի շրջանի Ագարակ գյուղից մոտ 2 կմ արևմուտք և ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ բարձունքը անցել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ. «Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար»:
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԱԾ- ն տարածեց հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ «Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»:
Նույն օրը, սակայն, Կապանի համայնքպետ Գևորգ Փարսյանը ևս հաստատել էր, որ Փելա սարը գտնվում է թշնամու վերահսկողության տակ. «Ես տեղեկացված եմ, որ այն հատվածը, որը մենք Փելա սար ենք անվանում, ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Երեկ չէ անցած օրվա դրությամբ սարը անցել է իրենց»:
Ըստ Փարսյանի՝ թշնամուն է անցել նաև հարակից ճանապարհահատվածը, որը ծառայում էր ոչ միայն զինծառայողներին, այլև գյուղացիներին. «Ճանապարհը մեր համար միջդիրքային ճանապարհ էր ծառայում, գյուղացիների համար էլ ծառայում էր վառելափայտ հայթհայթելու համար, դա հիմա ադրբեջանցիները փակել են և իրենց վերահսկողության ներքո է»։
Նշենք նաև, որ Փելա սարի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը անցելու պարագայում անմիջական վտանգի տակ են հայտնվում հետևյալ բնակավայրերը՝ Խդրանք, Ուժանիս, Եղվարդ, Սյունիք, Ագարակ գյուղերը և Կապան քաղաքը:
Սոնա Քյարունց
4-րդ կուրս