ԱՂՋԻԿ, ՈՎ ՎԵՐԱԾՆԵՑ ՍԻՍԻԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՈՒՆՉԸ

ԱՂՋԻԿ, ՈՎ ՎԵՐԱԾՆԵՑ ՍԻՍԻԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՈՒՆՉԸ

1753

Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տունը 2013թ.-ից դարձավ Սիսիանցիների ամենասիրելի վայրը: Երիտասարդ 22-ամյա աղջիկն, ով սովորել էր Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, ռեժիսուրա և մասսայական հանդիսություններ մասնագիտությամբ, որոշեց իր գիտելիքներն ու մշակույթի հանդեպ մեծ սերը վերադարձնել ծննդավայր: Աննա Հակոբյանի շնորհիվ Սիսիանն այսօր ոչ մի համահայկական տոն բաց չի թողնում, դրանով յուրաքանչյուր բնակչին մոտեցնելով մշակույթին ու դրա տակ թաքնված արժեքներին :

Աննա, ինչպե՞ս ոտք դրեցիք Համո Սահյանի անվան մշակույթի տուն:

-Դիպլոմային աշխատանքիս համար բնակության վայրից ինձ տեղեկանք էր անհրաժեշտ: Դիմեցի Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին. հարցրեց՝ որտեղ եմ սովորում, ինչ եմ անելու ավարտելուց հետո և առաջարկեց վերադառնամ Սիսիան, ու խոստացավ, որ  աշխատանք կտա: 2013 թվականի հունվարի 15-ին՝ ծննդյանս օրը հրաման տվեցին:

Առաջին աշխատանքային օրդ որևէ հետք թողե՞ց  քո հետագա նպատակների վրա:

-Ամեն ինչ շատ անսովոր էր, պլանավորված ոչ մի բան չունեի, միակ բանը որի համար շատ էի մտահոգվում` աշխատավարձիս շատ ցածր լինելն էր, բայց մայրիկս ինձ շատ օգնեց՝ասելով, որ համբերեմ, որ իմ աշխատանքը տեսնելուց հետո ամեն ինչ կփոխվի. այդպես էլ եղավ:

Այժմ մշակույթի տան փոխտնօրենն ես, ի՞նչ աշխատանքից սկսեցիր մինչ այդ պաշտոնին հասնելը:

-Ընդունվել էի որպես մասսայական միջոցառումների կազմակերպիչ, դե մինչև հիմնական աշխատանքս էլ ինձ արդեն տեսել էին միջոցառումներ վարելիս, հենց այդտեղից էլ սկսել էին հետաքրքրվել ինձանով: Ավելի շատ միջոցառումներ վարելն էի սիրում, շատ էր ինձ դուր գալիս և ես մնացի այստեղ: Երեք ամիս աշխատելուց հետո դարձա փոխտնօրեն:

Ունե՞ս միջոցառումներ, որոնք հիշելիս ավելի շատ ես սիրում աշխատանքը, որն անում ես:

-Իմ կազմակերպած բոլոր միջոցառումներն էլ շատ եմ սիրում, որովհետև դրանցից յուրաքանչյուրը մի քայլ էր դեպի ինքնաճանաչում, ինքնահղկում, ինքնաձևավորում, բայց երկու միջոցառում ունեմ, որոնց շնորհիվ ես ինքս էլ գնահատեցի իմ աշխատանքը: Սիսիական գնդի 20-ամյակի  զորահավաքի միջոցառումը վարելը, և վերջերս նաև հորեղբորս՝ Արցախյան ազատամարտի հերոս Լիպարիտ Հակոբյանի անվան դասասենյակի բացման միջոցառումը:

Սիսիանը վաղուց էր ունեցել թատերական խումբ, որը փակվել էր: Դու կարծես թե ազդարարեցիր նոր խմբի վերածնունդ՝ստեղծելով քո թատերական խումբը: Ինչպե՞ս ես ընտրում քո փոքրիկ դերասաններին:

-Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, գործս քիչ էր. ձանձրանում էի: Որոշեցի մեր բակի երեխաներին հավաքել ու մի փոքրիկ ներկայացում բեմադրել: Շատ հետաքրքիր ստացվեց, բոլորը շատ գոհ էին, և ես որոշեցի թատերական խումբ ստեղծել: Երեխաներին չեմ ընտրում, բոլորին ընդունում եմ, բոլոր երեխաներն էլ ինքնին դերասաններ են:

Դերասաններդ սիրված են հանդիսատեսի կողմից: Ի՞նչ ընդհանուր բան կա քո և երեխաներիդ մեջ, որը միասին եք փոխանցում հանդիսատեսին:

-Նախ այն, որ իմ և իրենց տարիքային տարբերությունն այդքան էլ մեծ չէ, շատ ընկերական եմ իրենց հետ, երբեք որպես ուսուցիչ ինձ չեմ ներկայացրել և իրենք էլ ինձ այդպես չեն ընկալել, ես խորհրդատու եմ ավելի շատ և սովորեցնում են՝ ինչպես պետք է բեմում դրսևորեն իրենց ունակությունները: Ես կատարում եմ իրենց ցանկություններն ու երազանքները, իրենք՝ իմը, ու էդպես  մեր միասնական աշխատանքը, փոխըմբռնումը փոխանցում ենք հանդիսատեսին:

Կա՞ որևէ թեմա, որը գերիշխում է ձեր ներկայացումներում:

-Չկա թեմա, որն առավել շատ դրսևորվի մեր ներկայացումներում, մենք անդրադառնում ենք  ամենատարբեր թեմաներին՝ սիրո, հայրենասիրության, առօրյա, մանկական-հումորային: Ամեն անգամ նոր բան ենք տալիս հանդիսատեսին, բայց մինչ այդ մենք ինքներս ենք ընդունում և ընկալում այդ նորը:

Ունե՞ք  ներկայացում, որի մեջ գտել եք նաև ձեր կերպարը:

-Լևոն Շանթի «Հին Աստվածներ»-ը դրամայի հերոսուհու՝ Սեդայի կերպարն եմ սիրում, բայց նրա համար, որ շատ տարբեր է ինձնից: Գուցե ուղղակի կցանկանայի նման լինել նրան.. չգիտեմ…

Եթե ժամանակը ետ տային և նորից հնարավորություն  ունենայիք նվիրել ձեր տարիները մշակույթին ու դրա պահպանմանը, նույն կերպ կվարվե՞ք, ինչ տարիներ առաջ:

-Աշխատանքիս պտուղներն այնքան քաղր են, մասնագիտությանս հանդեպ սերն այնքան մեծ, որ այո՛, ես նորից ու նորից նույն կերպ կվարվեի, ինչ տարիներ առաջ:

Կա՞ մեկ բառ, որով կարող եք բնորոշել ձեր աշխատանքը:

-Ոգեշնչում.. ամեն անգամ նոր տեղից, և ամեն անգամ նոր նպատակի համար:

 

 

Ռուզան Գաբրիելյան

4-րդ կուրս

Կիսվել