ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

750

«Միջազգային ժուռնալիստիկա և միջազգային կազմակերպություններ» դասընթացի շրջանակում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն այսօր հանդիպել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ ISTC-ում կազմակերպված հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

«Ուրախ ենք հյուրընկալելու ՄԱԿ-ի ներկայացուցիչներին Մայր բուհում: Ողջունելի է, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարությունը դասընթացի շրջանակում նմանօրինակ հանդիպումներ է նախաձեռնում ուսանողների համար: ԵՊՀ-ն համագործակցության երկար պատմություն ունի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ, որի շրջանակում մի շարք ծրագրեր են իրականացվել: Ընդհանրապես շատ ենք կարևորում ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունը»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին ԵՊՀ-ի հետ մշտապես պատրաստակամ աշխատելու համար. «Այս դասընթացը սկսելու գաղափարը ծագել է հենց ՄԱԿ-ի գրասենյակում, երբ գրասենյակի Հանրային կապերի և տեղեկատվության վարչություն էինք այցելել: Որոշում կայացվեց ապագա լրագրողներին ծանոթացնել միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի բոլոր նրբություններին»:

«Դասընթացն իսկապես շատ կարևոր է երիտասարդների համար, քանի որ միջազգային կառույցների հետ աշխատանքը հավելյալ հմտություններ է պահանջում: Ուրախ եմ, որ ուսանողներին հնարավորություն է ընձեռվել հանդիպելու ՄԱԿ-ի մեր գործընկերների հետ»,- ասաց «Միջազգային ժուռնալիստիկա և միջազգային կազմակերպություններ» դասընթացի վարող Գայանե Աբրահամյանը:

Զարգացման համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գվի Յոփ-Սոն ողջույնի իր խոսքում նշեց, որ մեծ ոգևորությամբ է ընդունել ԵՊՀ այցելելու առաջարկը, այնուհետև ներկայացրեց գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները:

«Ուրախ եմ կրկին գտնվել Մայր բուհում և մասնավորապես ISTC-ում: Հաճելի է երիտասարդ լրագրողների հետ հանդիպելը: Լրագրողի դերը միշտ էլ բարձր ու կարևոր է եղել, քանի որ վերջիններս բացահայտում են ճշմարտությունները և հասցնում հանրությանը: Լրագրության և հաղորդակցության ուժն էլ ավելի է մեծացել սոցիալական մեդիայի զարգացմանը զուգընթաց, քանի որ յուրաքանչյուր ոք, որն ունի համացանցին միացած հեռախոս, կարող է տեղեկություն հաղորդել, ուստի պրոֆեսիոնալ լրագրության դերն ավելի է կարևորվում մեր օրերում»,- ասաց  Շոմբի Շարփը և հույս հայտնեց, որ ԵՊՀ-ի հետ համագործակցության հաջողված փորձն էլ ավելի է ընդլայնվելու:

ՄԱԿ-ի մշտական համակարգողը ներկայացրեց կառույցի աշխատանքը, գլխավոր ուղղությունները և հիմնական նպատակները: Շոմբի Շարփը նաև խորհրդանշական նվերներ էր պատրաստել այն ուսանողների համար, որոնք ճիշտ պատասխանեցին հյուրի՝ կառույցի մասին հնչեցրած հարցերին:

Ելույթներից հետո ՄԱԿ-ի ներկայացուցիչները պատասխանեցին նաև ուսանողների հարցերին:

Սկզբնաղբյուրը՝ ysu.am

Կիսվել