Ճանաչենք մեր հերոսներին. Սարիբեկ Մկրտչյան

Ճանաչենք մեր հերոսներին. Սարիբեկ Մկրտչյան

901

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու հետևանքով արիաբար  զոհվել է  Սարիբեկ Հովհաննեսի Մկրտչյանը: Սարիբեկը ծնվել է 2000թ.-ի  հեկտեմբերի 23-ին քաղաք Երևանում։ Սովորել է Ն. Աղբալյանի անվան համար 19 դպրոցում, ապա ընդունվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ։ Ծրագրավորող էր ուզում դառնալ: Տան միակ արու զավակն էր: Իրենից փոքր 2 քույր ունի:

Սարիբեկի հերոսական կերպարի մասին զրուցել ենք մայրիկի՝ Լիլիթ Ներսեսյանի հետ։

Տիկին Լիլիթը մեծագույն սիրով է խոսում որդու մասին. «Սարոն իրական հայրենասերի, երաժշտասերի կերպար էր,- փաստում է մայրը,- շատ սիրուն, կանաչ աչքերով, բարձրահասակ, խելացի, բարի, հումորով, միաժամանակ լուրջ, բոլորին հասնող, ձեռքից ամեն ինչ գալիս էր»։

6 տարեկանից  հաճախել է «Վահագն» դհոլահարների համույթ: Դհոլի հանդեպ սերը ժառանգել էր մորեղբորից․ «Սարոս շատ էր սիրում երաժշտությունը: Որոշեց, որ պիտի նմանվի իր քեռուն: Երաժշտությունն իր տարերքն էր: Դհոլի դասերին նվագում էր, հետո գալիս էր ու տանն էր շարունակում նվագել: Նա երբեք չէր ափսոսում, որ ընտրել է հենց դհոլահարի մասնագիտությունը»,-պատմում է Սարիբեկի մայրը` Լիլիթ Ներսեսյանը:

Հերոս տղան, մինչև բանակ զորակոչվելը, ընկերոջ՝ Հարութ Առաքելյանի հետ իրենց երաժշտական փոքրիկ ստուդիան էին բացել:  Մայրը հիշում է, թե ինչպես էր Սարիբեկը համակարգիչը տանից տարել, որ ընկերների հետ ձայնագրեին իրենց երգերը․ «Ստուդիան իրենց ձեռքբերումն էր, ու Սարոս շատ էր հպարտանում դրանով: Ասում էր` մամ ջան, որ բանակից գամ՝ շատ լուրջ զբաղվելու եմ ստուդիայի աշխատանքներով»։

Սարիբեկը բազմաթիվ շնորհակալագրեր և պատվոգրեր ունի, որոնք ստացել է դհոլահարների անսամբլում նվագելու տարիներին: Հերոս տղան ամեն գործի վերաբերվում էր մեծ նվիրումով ծառայությունը ևս բացառություն չէր։

2019-ի թվականի հունվարի 26-ին զորակոչվել էր բանակ և ծառայության անցել Կապանի զորամասում: Կարճ ժամանակ անց արդեն կրտսեր սերժանտ էր: Չնայած պիտի ծառայեր նվագախմբում, սակայն դարձավ հրետանավոր, իսկ հետո նաև հաշվարկի հրամանատար։ Ծառայության ժամանակ էլ չէր դադարել իր սիրելի գործով զբաղվել: Նա ակտիվ մասնակցում էր զորամասում և Կապանի մշակույթի տանը կազմակերպվող միջոցառումներին:

Պատերազմի օրերին Սարիբեկը մեկ անգամ է  խոսել ընտանիքի հետ` սեպտեմբերի 29-ին: Կռվի առաջին օրից հերոսը  մասնակցել է Ջրականի մարտերին: Մշտապես լինելով պատերազմի ամենաթեժ կետերում՝  նրա ղեկավարած հաշվարկը ձախողել է թշնամու առաջխաղացումը ճակատի իրենց վստահված հատվածում։

Ցավոք, պատերազմը չխնայեց նաև տաղանդավոր ու հայրենասեր հայորդուն, սեպտեմբերի 30-ին, իրենց կրակային դիրքը փոխելու ընթացում, ԱԹՍ-ի հարվածից մեքենայի 9 զինվորներից 7-ը զոհվեցին, որոնց մեջ էր նաև Սարիբեկը։

Տիկին Լիլիթը հպարտության ու ցավի մեջտեղում պատմում է ու խոսում որդու մասին, որ երբեք Սարիբեկի անունը չմոռացվի․

«Իմ գանձ, իմ հարստություն, առանց քեզ անհնար է, բայց կամ, որ դու միշտ ներկա լինես, իմ անհուն կարոտ։ Ես պիտի միշտ քո անունը վառ պահեմ։ Ախր ասում են Հերոս, Հերոսի մամա։ Ինձ հերոս պետք չէր, ես ուզում էի լինել սովորական մամա, իմ Սարոյի մամա։ Իմ Սարոն միշտ մեր հետ է․․․»։

Նելլի Իգիթյան

3-րդ կուրս

Կիսվել