Շամշադինն ու բերքը

Շամշադինն ու բերքը

839

Գեղատեսիլ լեռներ, սարեր, ձորեր ու կյանք։ Կատարելության հասնող բնություն, որտեղ հեքիաթի հերոս ես քեզ զգում։ Ճանապարհը երկար է, բայց երբ կա մեծ ցանկություն, րոպեներ է թվում։

Արծվաբերդը` տեղացիների Շամշադինը, գտնվում է Հայաստանի ամենականաչ Տավուշի մարզում։ Այն սկսվում է ցորենի դաշտերով ու վերջանում ինչերով ասես։ Գնում ես, շուրջ բոլորդ կարծես գորգեր լինեն, որոնք ստեղծվել են գորգագործի քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Գյուղացիների խոսքով՝ տարին բերքառատ է եղել, ամեն ինչ ունեցել են։

-Ցորեն ենք հըվաքել, խաղող, կարտոշկա, մորի, թութ, հոն, խնձոր։   Դե որ ասեմ` ինչեր ենք հըվաքել, օրը հելիք չի անիլ,- պատմում է գյուղի բնակչուհի տիկին Վալյան։

Տիկնոջ ձայնը հեռախոսից այն կողմ գրեթե հազիվ է լսվում։ Հարցին, թե ինչու՞ է աղմուկ, պատասխանում է, որ գյուղացիներով ճղոպոր (պոպոք) են հավաքում սուջուխի համար։

-Ճղոպորնա մնացել, թափվումա, հըվաքում ենք։ Մեկ էլ ձմեռային տանձը…

Այստեղ լսվում է տղամարդու ձայն։ Ոգևորված միջամտում է Սամվել պապիկը․

-Ըսա, որ տանձի մի հատը մի կիլոյա։

 -Հա,- շարունակում է տիկին Վալյան,- քյալամն (կաղամբ) էլ ա մնում։ Դե պետքա ցուրտը տա, որ քաղցր ու կակող (փափուկ) լինի։ Ներքին Շենումը կառալյոկ, նուռ էլ են հըվաքում, ուղղակի մեր տունը դիրքով դիերա (վերև), ստեղ դրանք աճում չեն։ Մասուր, զկեռ, մամուխ։ Դրանք ենք քաղում։ Հենա, հանդերիցը քաղած արդեն դվերում են (իջնում են)։

Գյուղի բնակչուհիներից Աննան նշում է, որ եղանակը նպաստել է բերքի առատ լինելուն։

-Ղինակն էլա լավ եղել, ջուրն էլ։ Անձրև շատ եկել չի, ոչ էլ երաշտա եղել։ Ջրել ենք։ Սարերումը լավ խոտա եղել, արտը դիերներում շատա, խոտերը խիտ են, թարմ, կանաչ։ Կենդանիներն էլ ահագին բան են կերել ու հըլա ունեն։ Գետը լիքը ձուկ…. Բնականաբար կաթնամթերք, ձու լավ ունեցել ենք։ Մի կուճուր (փոքր) խնձորին կարկուտը խփելա, բայց դե վեչինչ։ Հմի սհաթիս (արդեն) մուրաբաների, կոմպոտների, ջեմերի ղինակա։ Գեղում պատրաստում ենք, կեսը մեզ է մնում, կեսն էլ քաղաք ենք ղարկում րեխեքին ու թոռներին,- անդադար խոսում է տիկին Աննան։ Եվ նրան տարբեր կողմերից լրացումներ են անում։

-Ուրց, նանա, կանաչ թեյ, մասուր ենք հըվաքել։ Մի քանի օրիցը յեդ (մի քանի օր հետո) կըղարկենք Երևան։ Հիմնականում ուրցը, նանան թոռանս եմ ղարկում։ Շատա սիրում։ Մի տարի կգաս, դու քո աչքով կտենաս։ Սիրտդ ինչ ուզի, կա։ Բանջարեղենի ու մրգի խանութ ես, լի, մտնում։ Ծիծակից սկսած, բազուկով վերջացրած։ Խմելու ջուրն էլ աղպրից ենք պիրըմ (աղբյուրից ենք բերում),- ասում է տիկին Վալյան։

Հեռախոսազրույցն ավարտված է։ Մի քանի րոպե հետո զանգ է գալիս։

-Քե մատաղ, սոխ ու սխտոր էլ ունենք, մի հատ հիշեցնում չես,- կարծես նեղացած ասում է տիկին Վալյան։

Գեղատեսիլ լեռներ, սարեր, ձորեր ու կյանք։ Շամշադինը առատ է բերքով ու բարիքով։

Օֆելյա Հարությունյան

2 -րդ կուրս

Կիսվել