Հիպոկրատի զինվորը

Հիպոկրատի զինվորը

709

Մեր այսօրվա հյուրը Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնի մանկաբույժ Պետրոս Ստեփանյանն է։

-Պարոն Ստեփանյան, ինչու՞ հենց մանկաբույժ։

4 տարեկան հասակում հիվանդացել եմ դեղնախտ հիվանդությամբ։ Բուժվելով ստացիոնար պայմաններում Երեվանի կլինիկաներից մեկում՝ տպավորված եմ մնացել բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքից ու որոշել՝ ես էլ այդպիսին պիտի դառնամ երեխաների համար։

-Դուք եք մասնագիտության հարցում ընտրություն կատարե՞լ, թե՞ ծնողներն ամեն դեպքում ունեցել են իրենց դերը։

Որոշակի փուլում ունեցել են։ Ավարտական դասարանում խորհրդակցել եմ ծնողներիս հետ։ Իրենք մեծ ոգեվորությամբ են ընդունել բժիշկ դառնալու մասին ցանկությունս ու հոգեբանական աջակցություն ցուցաբերել։

-Հե՞շտ է աշխատել երեխաների հետ։

Անկեղծ պետք է խոստովանեմ, որ ոչ։ Բարդությունը կայանում է նրանում, որ տարիքային տարբեր խմբերում երեխաները ունեն նյարդաբանական զարգացման տարբեր աստիճաններ, ըստ այդմ էլ ցավի, հիվանդության ընկալման ու արտահայտման դրսեվորումները տարբեր են։

-Ձեր երեխաներին ուղղորդու՞մ եք գնալ հենց ձեր ճանապարհով։

-Չեմ ուղղորդում, բայց չեմ էլ խանգարում։

-Կարողանու՞մ եք ընտանիքի հետ հաճախ ժամանակ անցկացնել։

Ցավոք սրտի, ոչ։

-Եթե ոչ բժիշկ, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք, ինչու՞։

-Ծաղրածու։ Մարդկանց, առավելապես երեխաներին հրճվանք ու ժպիտ պարգեվելը միշտ եղել է իմ ներքին ներաշխարհի ուղեկցող ուժը։ Եվ պատկերացրեք, որ այն չի դադարել մինչև հիմա։ Իսկ իմ մանկության շրջանի պատկերացումներում դրան առավելապես ընդունակ էին ծաղրածուները։

-Ժամանակակից բժշկության մեջ կամ կոնկրետ ձեր մասնագիտության շրջանակներում փոփոխությունների կարիք կա ՞արդյոք։

Կարծում եմ՝ դրա կարիքը միշտ էլ կա, քանի որ մարդը էվոլյուցիայի արդյունք է, ու զարգացման ամեն փուլ իր խնդիրներն ու պահանջներն է ներկայացնում։ Օրինակ՝ ժամանակակից բժշկության հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը պատվաստումն է, բայց ես շատ կուզենայի, որ բժշկությունը ուղղորդեր իր ուժերը հիվանդությունների տարածման ուղիները կանխարգելելու վրա։

Վերջին հարցը ինչպե՞ս եք վերաբերվում պատվաստումներին։

Իհարկե՝ դրական։ Յուրաքանչյուր ոք, եթե շատ թե քիչ տիրապետում է պատմությանը, գիտի, որ տարբեր դարերում ինչպիսի ծանր հիվանդությունների համաճարակ է եղել ու ինչքան մարդկային կորուստներ։ Դրանք ստիպել են բժիշկներին ստեղծել այնպիսի պատվաստանյութեր, որոնց միջոցով մենք արդեն վաղուց գործ չունենք այդքան ծանր հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝ կապույտ հազը, դիվթերիան, բնական ծաղիկը, կարմրախտը, կարմրուկը և այլն։

Անի Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել