Սոցցանցային էջերը՝ հաքերների զոհ

Սոցցանցային էջերը՝ հաքերների զոհ

649

«50000 հազար դրամ գումար են պահանջել, դիմել ենք ոստիկանություն, ասել  են, որ նման դեպքեր հաճախ են լինում,  ու խնդիրը շուտով կլուծվի» – մեզ հետ զրույցում ասաց Աննան, որի ինստագրամյան էջը վերջերս գողացել են։

ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը, մեր հարցմանն ի  պատասխան, գրել  է, որ ինստագրամյան անհատական էջերին ապօրինի հասանելություն  ստանալու դեպքերի առթիվ ոստիկանություն  ներկայացվել են և շարունակվում են ներկայացվել  բազմաթիվ քաղաքացիների  բողոքներ․ «Այդ դեպքերի հիման վրա ոստիկանությունում   նախապատրաստվել են  և ներկայումս էլ նախապաստրաստվում են նյութեր։ Հարուցվել  են  քրեական գործեր, որոնք ներկայումս գտնվում են նախաքննության փուլում։ Վիրտուալ  տիրույթում  կատարվող նմանատիպ դեպքերը զանգվածային  լրատվության, ոստիկանական լրատվամիջոցներով մանրամասն լուսաբանվել են, և ներկայացվել  են դրանց  զոհ չդառնալու կանխարգելիչ միջոցները»։

Մեզ հետ  զրույցում տուժածները մանրամասն պատմեցին, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել,  և թե ինչ են պահանջել հաքերներն իրենց էջը գողանալուց հետո։ «Օգոստոսի 15-ին ա եղել, պահանջել են 50000 դրամ, չեմ տվել։ Հետո փորձեցին նկարներս ու նամակագրություններս հանրայանցնել։ Կապվեցին ինձ հետ, տվեցին իրենց հաշվեհամարը ՝ տերմինալով գումարը  փոխանցելու համար։ Փոխանցելուց հետո նոր խոստանում են, որ հետ կտան»,- ասաց զրուցակիցներիցս մեկը։

«Գողացել  են, և քանի որ պահանջած գումարը չտվեցի, բոլոր նամակներս հերթով հանրայնացնում  են։ Դիմել  ենք ոստիկանություն, փորձում ենք հետ բերել։ Ընկերներիս միջոցով փորձել եմ փակել էջս՝ ինստագրամին բողոք-նամակ ուղարկելով»,- պատմեց հաքերների մյուս զոհը։ 

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Հայապետյանը մեզ հետ  զրույցում ասաց, որ թե՛ անցած տարի, թե՛ հիմա մշտապես՝ ամսական կտրվածքով 20 հազարից մինչև 70 հազար պրոֆիլներ, էլեկտրոնային հասցեներ և այլ սոցկայքեր են կոտրել․ «Նախկինում հիմնականում (դեպքերի գրեթե 90% – ը) կոտրում էին ադրբեջանցի կամ թուրք հաքերները, իսկ հիմա կարելի է ասել, որ 50/50 է, այսինքն՝ մի կողմից թուրք կամ ադրբեջանցի հաքերներն են կոտրում, իսկ մյուս կողմից՝ ազգությամբ հայ չակերտավոր հաքերները, որոնք պարզապես ուզում են հեշտ ճանապարհով գումար աշխատել»։

 Մեր զրուցակիցը բացատրեց՝ ինչպես կարելի է զերծ մնալ նման հարձակումներից․ «Պրոֆիլը, կայքը պաշտպանելու համար պետք է ուղղակի բոլոր տեղերում միացնել երկփուլային անվտանգության համկարգը, կապել ինչ-որ հավելվածի հետ, օրինակ՝ Google authenticator, ու ամենակարևորը՝ բոլոր տեղերում կցել գործող հեռախոսահամար և էլ․ հասցե, ու եթե հեռախոսահամարը փոխվել է, ապա պետք է փոխել բոլոր տեղերում, որ օրինակ, օրերից մի օր ինչ-որ մեկը չգնի ձեր նախկին հեռախոսահամարն ու մուտք չունենա ձեր տվյալներին։ Նաև շատ կարևոր է չմասնակցել տարատեսակ կեղծ քվեարկությունների, մրցույթների և այլ  իրենց մեջ թակարդ պարունակող վնասակար տարատեսակ բաների»։

Արամը նաև ասաց, որ այս խնդիրն արդիական է ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և այլուր, բայց միևնույն է, գտնել, թե ով է դա արել, դժվար է լինում․«Այո՛, ցավոք սրտի, ինչպես նշեցիք, շատերն են դիմել ոստիկանություն ու ստացել նույն պատասխանը, որ իրենք չեն կարող օգնել, եթե անկեղծ ասեմ, նույնիսկ չգիտեմ՝ գոնե մեկին գտել են, թե ոչ։ Նույնիսկ ԱՄՆ-ի նման զարգացած երկրում շատ ժամանակ տարիներ ու մեծ ռեսուրսներ են վատնում, որ գտնեն ինչ-որ իքս մարդու, իհարկե խոսքս կայացած ու պրոֆեսիոնալ հաքերների մասին է, ոչ թե այս չակերտավոր  հաքերների։ Նաև պետք է  հասկանալ, որ այդ սոցիալական ցանցերը չեն պատկանում ՀՀ-ին, ու ՀՀ ոստիկանությունը կամ մեկ այլ ուժային կառույց որևէ լծակ չունի առանց այդ սոցիալական կայքի համաձայնության և համագործակցության անել այս կամ այն քայլը։ Բացի դրանից,  սոցիալական կայքերը բոլոր հնարավոր միջոցները տվել են, որ օգտատերը պաշտպանի թե՛ իրեն, թե՛ իր անձնական տեղեկությունները։ Ինչպես բազմիցս շեշտել եմ, ավելի հեշտ է  սոցիալական  էջը պաշտպանել, քան հետո փորձել հետ բերել»։

Ալյոնա Մուժիկյան

2-րդ կուրս

Կիսվել