Երիտասարդները խաղաղության համար՝ ապահովելով երեխաների ժամանցը

Երիտասարդները խաղաղության համար՝ ապահովելով երեխաների ժամանցը

563

 «Teenager for peace» կամավորական նախաձեռնությունն ակտիվ գործունեություն ծավալեց հատկապես պատերազմի օրերին՝ ապահովելով Արցախից Հայաստան տեղափոխված երեխաներ ժամանցը։ Ճիշտ է, պատերազմ էր, երեխաները լքել էին իրենց տները, բայց կամավորական ծրագրերը փորձում էին նրանց ցավը մեղմացնել։ Զրուցել ենք կամավորական ծրագրի հեղինակ Էլեն Թևոսյանի հետ։

-Էլեն, ողջույն, ձեր նպատակը երեխաներին պատերազմի ընթացքում ծանր առօրյայից կտրելն էր։ Ի՞նչ ծրագրերի միջոցով էիք դա անում։ 

-Ողջույն, Ալյոնա, ծրագրերը բազմաժանր էին։ Մենք կազմակերպում էինք թե՛ ժամանցային, թե՛ կրթական, թե՛ մշակութային միջոցառումներ, փորձում էինք երեքը համատեղել, և հնգօրյա ծրագրի շնորհիվ երեխաները փաստացի  ունեցան հետաքրքիր և բովանդակալից օրեր։

-Ինչպե՞ս ստեղծեցիք այդ ծրագիրը։

-Հիշում եմ, որ Կամերային  թատրոնում  կենցաղային իրերի  հավաքագրման կամավորական  ծրագրերի էի մասնակցում ու երբ հերթի մեջ տեսնում էի երեխաների, հասկանում էի, որ նրանց  ո՛չ կենցաղային իրերն են հարկավոր, ո՛չ հագուստը, ո՛չ սնունդը, քանի որ ամենից շատ իրենց հայրենիքի կարոտից էին տանջվում,  ու որոշեցի մի բան անել նրանց օգնելու համար։ Որոշեցի ստեղծել կամավորական ծրագիր, որը դեռևս չի եղել ու որը պետք է ոչ թե կենցաղային  հարցեր լուծի, այլ ապահովի երեխաների ժամանցը։ Եվ կարծում եմ, որ ստացվեց։

-Քանի՞ փուլ եք արդեն հասցրել իրագործել։

-Առաջինը բարեհաջող ավարտելուց հետո արեցինք երկրորդ ծրագիրը։ Երրորդը եղել է Արարատի մարզում ՝ ամանորյա ուղղվածությամբ։ Սա մեկ օր է տևել։ Որպես այդպիսին՝ երկու ամբողջական ծրագիր ենք արել։ Ի դեպ, երկրորդ փուլում ներգրավել էինք նաև անապահով ընտանիքների երեխաների։

-Քանի՞ հոգի էիք ներգրավել առաջին փուլում։

– Բոլոր ծրագրերում միասին երեխաների ընդհանուր թիվը կազմել է մոտ իննսուն։

-Ինչպե՞ս էին նրանք դիմում ձեզ։

-Սկզբում սոցիալական հարթակի միջոցով փորձեցի գտնել Արցախից տեղափոխված, տարհանված երեխաների։ Սկզբում ես էի գտնում, բայց երբ ծրագիրը ճանաչում ձեռք բերեց, արդեն նրանք էին դիմում։ Ես հիշում եմ, որ ինձ վատ էի զգում, որ այդքան մարդ դրմում էր, ու չէի կարող բոլորին ներգրավել, որովհետև հնարավորությունները սահմանափակ էին։

-Ովքե՞ր են օգնել իրականացնել նախաձեռնությունը։

-Ցավով պետք է նշեմ, որ հովանավորություն, որպես այդպիսին, չի եղել։ Նախապատրաստական փուլը շատ դժվար և սթրեսային էր, որովհետև շատերը մերժում էին, շատերը չլսելու էին տալիս։ Ես ու կուրսընկերուհիս, դռնեդուռ ընկած, փորձում էինք  ինչ-որ կազմակերպություններ հայթայթել, և բարեբախտաբար մեզ օգնեցին։ Լոֆթը տրամադրեց տարածքը՝ մեր օրն անցկացնելու, Անահիտ Սարդարյանն օգնեց սննդով, Դռագն Գարդնը, «Արտ լանչ» սննդային կետը, Սիթիզենը, շատ դերասաններ միացան արդեն երկրորդ ծրագրին ու համագործակցելով փորձեցինք երեխաների օրը դարձնել լեցուն։

-Տեղյակ եմ, որ շուտով վերսկսելու եք ձեր աշխատանքը։ Ի՞նչ նոր բաների սպասենք։

-Չեմ ուզում շատ փակագծեր բացել, քանի դեռ չենք սկսել․ սովորություն չունեմ բարձրաձայնելու այն, ինչ դեռ չի իրականացել։ Բայց այո, մեր կամավորական ծրագիրը շարունակում է իր գործունեությունը՝ այս անգամ  Յունիսեֆ Արմենիայի հետ։ Կներգրավվենք անապահով ընտանիքների երեխաների։ Հուսամ՝ ամեն բան կստացվի, և ես կպատմեմ դրա մասին, բայց ոչ հիմա։

-Առաջին փուլը տևեց 5 օր, իսկ սա որքա՞ն կտևի։

-Դեռ պարզ չէ, բայց կարծում եմ՝ ձևաչափը չենք փոխի։

-Էլեն, դու սովորում ես ԵՊՀ-ում, այդ շրջանում էլ առաջին կուրսում էիր։ Ինչպե՞ս էիր համատեղում ծրագրի իրականացումը և դասերդ։

-Խանգարող հանգամանքներ ինձ համար չեն եղել։ Ես միշտ անում եմ, որ այդ օրերն իմ կյանքի լավագույն օրերն էին, քանի որ ինձ կարևոր էի զգում։ Այնպես չէ, որ դասերիս ուշադրություն չէի դարձնում։ Հիշում եմ, որ երկու փուլերի ժամանակ  միջանկյալներիս շրջանն էր, բայց ես հասցրել եմ ամեն ինչ ու ավարտել եմ կիսամյակս գերազանցությամբ։

-Ինչո՞ւ ես ծրագիրը կոչել «Teenager for peace»:

-Միշտ անուն ընտրելիս դժվարանում եմ։ Հետո հասկացա, որ այդ շրջանում ոչ ոք, բացի կուրսընկերուհուցս ու քույրիկիցս իմ կողքին չէին, ու մենք երեքս էլ 17, 18 տարեկան, այսինքն՝ երիտասարդներ էինք։ Ու այդպես որոշեցի «Teenager  for peace»`  «Երիտասարդները խաղաղության համար»։

-Նշանաբա՞ն։

-Չունենք։

-Վերջում կուզեի՞ր ինչ-որ բան ավելացնել, որի մասին չխոսեցինք։

-Ոչ, կարծում եմ՝ հարցերին պատասխանելով՝ կարողացա բացատրել՝ ինչ է ենթադրում մեր ծրագիրը։

Ալյոնա Մուժիկյան

2-րդ կուրս

Կիսվել