Կամավորության 4 ամիս. Շուշանիկը գտել էր պատերազմին ընդդիմանալու, պայքարելու իր եղանակը

Կամավորության 4 ամիս. Շուշանիկը գտել էր պատերազմին ընդդիմանալու, պայքարելու իր եղանակը

520

«Պատերազմը դարձավ առիթ, որ որոշեմ շաբաթվա մեջ մեկ օր սահմանամերձ որևէ գյուղում դասավանդել երեխաներին անգլերեն կամ ստեղծագրություն»,- պատմում է Շուշանիկ Փափազյանը։ 2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմի ընթացքում նա կամավորության սկզբունքով դասավանդում էր Երևանում ապաստանած արցախցի երեխաներին:

Մեկ տարի է անցել պատերազմից, սակայն այսօր էլ Շուշանիկը հիշում է այդ օրերի, սիրելի աշակերտների և պատերազմի ազդեցությունների մասին:

2020 թվականը շրջադարձային տարի էր 21-ամյա Շուշանիկ Փափազյանի համար։ Սեպտեմբերի 20-ին կորցրել էր շատ թանկ մարդկանցից մեկին` տատին։

«Թաղման հետ կապված արարողությունները վերջացան սեպտեմբերի 26-ին։ Սեպտեմբերի 27-ին արթնանում եմ ուռած աչքերով, արթնանում եմ ու … հասկանում եմ, որ պատերազմ է սկսվել։ Ես կարծում էի` սա մղձավանջի շարունակությունն է…»։ Սեպտեմբերի 29-ին Շուշանիկը կամավորագրվում է որպես կարիքի գնահատող և սկսում աշխատել ժամանակավոր կացարանում։ Այդ ժամանակ նա ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող էր, հոգեբանական կրթություն չուներ, համալսարանում մեկ կիսամյակ ուսանածն էր, բայց կամավորներ էին պետք։ Ուստի, կարճ դասընթացից հետո սկսեց աշխատել 180 հոգու հետ։ 

«Իմ էյֆորիան ավարտվեց, երբ ես ժամանակավոր կացարանի դռների դիմաց էի, որովհետև մինչ այդ պահն ինձ թվում էր, թե կկարողանամ հաղթահարել: Առաջին օրն էր շատ սթրեսային, բոլորի կարիքները պիտի գնահատեինք»,- պատմում է Շուշանիկը։ Սկսվեց հարմարվելու փուլը, խաղեր էին խաղում, շփման եզրեր փնտրում միմյանց հետ` ներգրավելով մեծերին ու փոքրերին։ Հոկտեմբերի վերջերից երեխաները սկսեցին գնալ դպրոց, և Շուշանիկը կարիք գնահատողից դարձավ ուսուցիչ` դասավանդելով անգլերեն, հայոց լեզու։ Երեխաների հետ ավելի մտերմացան և կապվեցին։ «Ունեի 25 լույս, որոնք ուղղակիորեն ինձ ուժ էին տալիս եւ ստիպում էին հոգնածության ու սովածության միջից, չկարողանալու վիճակից դուրս գալ և իրենց հետ ընթերցել, քննարկել իրենց սիրած հերոսներին՝ փոքրիկ իշխանին…»,- հիշում է Շուշանիկը։

Ծանր օրեր էին, ինչպես բոլորի համար, բայց Շուշանիկն առանձնացնում է նոյեմբերի 10-ը. «Մտա լսարան ու տեսա, որ իմ 25 հոգանոց դասարանը մի մարդու պես ներկա էր դասին` գրքերով, տետրերով, բայց նստած լաց էին լինում: Մտա դասարան, երեխաներիս ասացի, որ, այո՛, դուք կորցրել եք հայրենիք, բայց ոչ մեկը ձեզնից չի խլել կրթության իրավունքը, ու եթե դուք այն չիրացնեք, կպարտվեք: Ու բոլորը համաձայնեցին ինձ հետ։ Սա մեր հաղթանակն էր, ու ես այդ օրը ունեցա անգլերենի լավագույն դասը, որովհետև ինձ ու իմ դասարանին պետք էր ուղղակի կտրվել ամեն ինչից ու մոռանալ…»։

Պատերազմը փոխել էր ապրելու ողջ ռիթմը, Շուշանիկը դասի չէր գնում, ոչ էլ՝ աշխատանքի։ Մինչեւ օրս էլ չի կարողանում վերադառնալ նախկին առօրյային։ «Դեկտեմբերի 26-ին, երբ ավարտվեց կամավորությունը, արթնացա ու ինքս ինձ հարցրի՝ ի՞նչ եմ անելու հիմա»,- ասում է նա։ Մեկ ամիս ոչինչ չարեց: «Ես ու դասարանս պատերազմի ավարտի լուրն այդպես էլ չընդունեցինք, ուղղակի համակերպվեցինք: Եվ պատերազմը մեզ համար հիմա էլ չի ավարտվել, որովհետև նրանք Արցախ վերադարձան ու դեռ խնդիրներ ունեն, ես էլ էստեղ դեռ խնդիրներ ունեմ»,-ասում է նա։

Պատերազմը եւ արցախցի երեխաների համար կամավորությունը Շուշանիկին օգնել են հասկանալ, որ ամեն օրը կարող է մարտահրավեր բերել, և կան անհաղթահարելի մարտահրավերներ, որոնք պետք է ընդունել և առաջ շարժվել: «Հստակ գիտակցում ձևավորվեց, որ լինելով քո տեղում՝ կարող ես շատ բան փոխել, որ ամեն մեկը կարող է ունենալ պայքարի իր եղանակը, որն ընդունելի կլինի»,- հավելում է Շուշանիկը:

Արցախցի երեխաներին նա փոխանցել է, որ կրթության շնորհիվ կարելի է հետագայում գլոբալ խնդիրներ լուծել: Շուշանիկի եւ իր աշակերտների կապն այսօր էլ ամուր է։ Այդ մտերմությունը Շուշանիկը համարում է իր լավագույն ձեռքբերումը պատերազմի ընթացքում և հետո: Հիմա էլ հաճախ է բացում երեխաների թողած ձեռագործ աշխատանքների արկղերը, նամակները, որ գրել են այն օրերին, երբ միասին էին։ Ասում է` իր թալիսմաններն են։

Լուսինե Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել