«44-օրյա պատերազմը ենթակա չէ քննարկման` վատաբանման կամ գովերգման…». պատերազմի մասնակից Գրիգոր Եղիազարյան

«44-օրյա պատերազմը ենթակա չէ քննարկման` վատաբանման կամ գովերգման…». պատերազմի մասնակից Գրիգոր Եղիազարյան

1012

Պատերազմի մասնակից տղաներից ոմանք այդպես էլ չվերադարձան իրենց ընտանիքներ, մյուսները վերադարձել և փորձում են վերագտնել  իրենց հասարակության մեջ։ Զրուցակիցս 44-օրյա պատերազմի կենդանի հերոս Գրիգոր Եղիազարյանն է, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող։ Նա մարտնչել է առաջնագծում, արժանապատվորեն ավարտելով ծառայությունը` վերադարձել է քաղաքացիական կյանք։ Ներկայացնեմ նրա հետ  ունեցած հարցազրույցը։

Ինչպե՞ս հասկացաք, որ պատերազմ է սկսվել։

-Սեպտեմբերի 25-ին պատրաստվում էինք մեկնել մարտական հերթապահության։ Կասկածներ կային, որ հակառակորդը պատրաստվում է պատերազմի։ Մարտական հերթափոխից 24 ժամ առաջ կատարվում է շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվում է անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու թիկունքային ապահովվումը։ Մենք հենց ստուգատեսի ժամանակ հասկացանք, որ բարձրանում ենք դիրքեր պատերազմելու։ Դիվիզիայի հրամանատարը շարահրապարակ ներկայացավ հետևյալ կոչով․ «Բոլորդ գնում եք հերոսանալու․․․»։ Արդեն ամեն բան պարզ էր, մենք գիտեինք, որ սահմանն իսկապես լարված է, ու չի բացառվում, որ պատերազմ կսկսվի։  Արդեն սեպտեմբերի 27-ին առավոտյան 7։15-ի սահմաններում (դա վերջին «խաղաղ» լուսաբացն էր, որ դիմավորեցինք սուրճով և ծխախոտով) երկրորդ գումարտակի շենքի թիկունքային հատվածում պայթեց առաջին արկը, մենք հասկացանք, որ պատերազմը սկսվեց․․․

Երբ արդեն թշնամին շատ մոտ էր Ձեզ, ո՞ւմ կամ  ինչի՞ մասին էիք մտածում:

-Մտածել եմ ընտանիքիս մասին, հարազատներիս, սիրածս աղջկա։  Հրետակոծության ամենաթեժ պահերին ծոցագրպանիցս հանում էի իր նկարներն ու շարում հողաթմբին, Սոնաս նկարների միջից հայացքով ինձ տուն էր կանչում։ Իր նկարներին նայելով՝ համոզվում էի, որ հանձնվելու իրավունք պարզապես չունեմ։ Ու ես հիմա հստակ գտեմ, որ ինձ մորս, սիրածս աղջկա ու բոլորի աղոթքները փրկեց։

Ո՞րն է պատերազմի գլխավոր կանոնը։

-Պատերազմի գլխավոր կանոնը հավատը չկորցնելն է։ Ես առաջին յոթ օրը ոչ մի փամփուշտ չեմ կրակել, պաշտպանվելու կամ հարձակվելու համար ոչ մի հրազենային միջոց չեմ օգտագործել, ես կռվել եմ իմ հավատով։ Հիշում եմ մի օր, երբ արկերը պայթեցին, դիրքի ավագը «Դեպի՛ թաքստոց», հրաման տվեց, քանի որ շարքային զինվորները ոչ մի բան չեն կարող անել այդ պարագայում, արկի դեմ արկով են կռվում։ Թաքստոցում բոլորս ակնհայտ խուճապի էինք մատնվել, մտածում էինք, որ մեզ ոչ մի բան չի փրկի, նույնիսկ Աստված։ Ես այդ պահին տեսա, թե ինչպես է իմ զրահաբաճկոնի տակից դուրս եկել մկրտությանս խաչը ու պարանոցիս ճոճվում, ձեռքով բռնեցի խաչս ու բարձր ասացի՝ Աստված մեզ կփրկի։

Կարո՞ղ եք հիշել որևէ հետաքրքիր դեպք, որ տեղի է ունեցել այդ ընթացքում։

-Չնայած որ իրավիճակը ծայրահեղ լարված էր, միևնույնն է, եղել են դեպքեր, որ ծիծաղով ենք հիշում։ Գումարտակի հրամանատարը վիրավորվել էր ու իրեն քաղաքացիական մեքենայով իջեցնում էինք Մատաղիս՝ բուժկենտրոն,  Թալիշ չհասած տեսանք երկու տանկ ու մտածեցինք, որ հայկական զորքից են, վարորդը՝ շարքային գյուղացին, ձեռքով է անում և ասում է․  «Տղե՛րք ջան, առա՜ջ, անփորձա՜նք», տանկիստները զարմացած նայում են։ Երբ արդեն հասնում են գնդի բուժկետ, ավագ բժիշկը հարցնում է՝ ինչպե՞ս էր վերևում իրավիճակը, վարորդը պատմում է ճանապարհի կատարվածը՝ ասելով, որ օգնական ուժերը՝ տանկիստները, հասել են, հիմա տղաներին կօգնեն ու ամեն բան լավ կլինի։ Բժիշկը հոգոց է հանում և ասում․ «Ախր, այդ տարածքն արդեն 4 ժամ է մերը չէ»։ Զարմանալին այն է, որ ճանապարհը չէին փակել, այլ՝ ընդհակառանը։ Այս դեպքը միշտ հուշերումս կմնա որպես ծիծաղելի դրվագ չարաբաստիկ պատերազմից։

Յուրաքանչյուրս, ցանկացած իրավիճակում, սովորում ենք մի նոր բան։ Ի՞նչ սովորեցիք Դուք պատերազմի ընթացքում։

-Անկախ նրանից, թե որտեղ կգտնվես, վտանգը գլխավերևում կախված է, ոչ մի պարագայում պետք է չհանձնվել։

Գիտեմ, որ ստացել եք կյանքի համար վտանգավոր վիրավորում, կպատմե՞ք։

-2020թ հոկտեմբերի 25-ին պատերազմի ամենաթեժ շրջանն էր, Երևանի Շանթ զորամասից ժամանած տղաներ կային, որոնք ընդամենը սովորական սվին դանակով վերակարգ էին կանգնել, և նույնիսկ զենքի փամփուշտը պահեստատուփում տեղադրել չէին կարողանում։ Մի տղա կար՝ Ալբերտը, միասին նստած էինք խրամափոսում, ինքը լացում էր ու ասում՝ բոլորս մահանլու ենք, ու ոչ մի հույս չկա։ Անկախ էն հանգամանքից, որ փամփուշտները մեր գլխավերևով թռչում էին, ես փորձում էի իրեն հույս տալ, որ ամեն ինչ լավ ավարտ է ունենալու, այդ պահին արկը պայթեց իմ առաջ ու ես մեջքի վրա ընկա փոսի մեջ։ Տեսնելով աչքիցս գնացող ահռելի արյունը լուսնի շողի տակ ու իմ անշարժ պառկած վիճակը, տղաները մտածում են՝ արդեն իմաստ չկա ու օգնական ուժ չեն էլ ուղարկում, որ ինձ իջեցնեն, ես ինքս հիշելով ետ դարձի ուղին, 600 մետր սողեսող գնացել եմ բաց տարածքով, որտեղ որ հրաձգություն էր։ Հասնելով շտապ օգնության մեքենային՝ անգիտակից ընկել եմ գետնին ու արթնացել եմ չգիտեմ որ հոսպիտալում։ Երբ աչքերս բացեցի, կողքիս նստած էր իմ կյանքի միակ ընկերը՝ Բաղդասարյան Լեոնը։ Կորցրել էի հիշողությունս, իրավիճակը հիշել եմ 4 օր հետո։ Ես մի տետր ունեի որտեղ ամեն բան գրառում էի, երբ արդեն հիշողությունս մասնակի վերականգնվել էր, հիշեցի, որ երբ հագիս հանդերձանքը հանում էին հոսպիտալ տեղափոխելու համար, գոռացի, ասացի տետրս տվեք, «բուշլատիս» գրպանում գաղտնի գրպան ունեի, էդտեղ էի պահում, տետրս հանեցի դրեցի գլխիս տակ ու հանգիստ գիտակցությունս կորցրեցի։

Ի՞նչ հետքեր թողեց պատերազմը Ձեր կյանքում։

-Ես պատերազմի ժամանակ կորցրել եմ իմ ամենամոտ երեք ընկերներին՝ Մելքոնյան Տիգրանին, որը ստանձնել էր դիրքի ավագի պարտականությունները, ինչն իմ մեջ միանգամից տագնապ առաջացրեց, Դանիելին Դանիելյան, որոշել էինք մայրաքաղաքում հանդիպել ու անպայման միասին սուրճ խմել, անհետ կորած էր, հետո դին գտանք, և Սերյան Բարսեղյանին, որ նույնպես անհետ կորեց․․․

Պատերազմն իմ մեջ վրեժխնդրության հետք թողեց, ընկերներիս անմահացումը ծանրացել է իմ վրա ու ես զգում եմ, որ մի օր կառնեմ վրեժս ու կհանգստանամ։

Քաղաքացիական կյանքում ի՞նչ խնդիրների են բախվում մարտական գործողություններով անցած զինծառայողները։

-Հանդիպելով մարդկանց, որոնք չեն գտնվել մարտի դաշտում ու ամենաաներևակայելի ձևով քննադատում են մի իրադարձություն, որի հավաստիությունը նույնիսկ չեն պատկերացնում, պարզապես նյարդայինանում եմ։ Քննադատում են զինվորներին, նույնիսկ մահացած, ինչի՞  ա մահացել, իրա խելքից, ինչի՞ ա ողջ մնացել․․․ Ես ուղղակի չեմ կարողանում անտարբեր նայել էս ամեն ինչին ու կարծում եմ՝ հենց հիմա հարմար առիթ է նման մարդկանց մի բան փոխանցելու․ 44-օրյա պատերազմը ենթակա չէ քննարկման, կամ վատաբանման ու լրիվ հակառակը՝ գովերգման․․․ ոչ մի զինվորի, սպայի ու քաղաքացու կողմից։  Երբ նոր էի վերադարձել քաղաքացիական կյանք, էս խոսակցությունները միշտ նյարդայինացնում էին, հիմա փոձում եմ ավելի թեթև նայել։

Եվ որպես վերջաբան, ի՞նչ կասեք պատերազմի ավարտի մասինիրականում ի՞նչ էր կատարվում սահմանում։

-Նոյեմբերի 9-ին գտնվում էինք Մաղավուզ գյուղում, մեզ տեղափոխեցին մի ուրիշ գյուղ։ Արցախի ամենակտրված գյուղերից էր, թիկունքի պետը մեզ մի տան մեջ տեղավորեց, տանը առաջին և երկրորդ հարկերը վտանգավոր էին, հրետանակոծությունից կոտրվել էին ապակիները, տանիքը փշրված էր և այլն, մենք ապաստան գտանք նկուղային հարկում։ Էնտեղ մի փունջ մոմ կար ու հեռուստացույց։ Մենք ունեինք լուցկի, ծխախոտ և մոմ։ Երեկոյան մոմ վառեցինք լուսավորելու նպատակով, գիշերը արդեն 11-ն էր, շատ մեծ ծավալի հրետակոծություն սկսվեց։ Մենք տեղակայման կետի վերահսկման հերթափոխ էինք իրականացնում, ու դա պետք է կատարվեր անկախ ամեն ինչից։ Միհրանն էր գնում, ասացի զգույշ կլինես, դուրս եկավ ու անձրև սկսվեց։ Ուժեղ կրակում էին, դուռը բացում գոռում էի Միհրա՜ն, լավ ես, ասում էր հա՜, ու էդպես շարունակ։ Մի աթեիստ տղա կար, հենց էտ լարված պահին ասաց․ «Գրիգ մի հատ աղոթք կասե՞ս, ես ուզում եմ աղոթեմ», ես իրեն տվեցի Լեոնի նվիրած աղոթագիրքն ու ասացի հենց առաջինը կարդա, հրետակոծությունն ավելի էր թեժանում, բոլորս պառկել էինք գետնին և մտովի մեր մահն էինք պլանավորում։ Կրակոցները միանգամից դադարեցին, ուղիղ 12-ին ներս մտավ Միհրանը և ասաց, տղե՜րք, հրադադար ա կնքվել, եռակողմ համաձայնություն․․․

Բոլորս լացում էինք ու ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Աստված մեզ փրկեց, հենց էտ պահին ես ինքնս իմ մեջ հասկացա, թե ինչ էր պատերազմը, ինչ վերցրեց ինձնից, ինչի համար էր էտ ամեն ինչը։ Լուսաբացին իմացա, որ վաշտիս հրամանատարը զոհվել է հրետակոծության վերջին րոպեներին, ու հիշեցի իր խոսքը, երբ ես իրեն ասացի՝ հրամանատա՛ր, պատերազմը ե՞րբ կվերջանա, ասաց պատերազմը կվերջանա էն ժամանակ, երբ ինձանից կխլի իմ կյանքը, քանի որ ես երկրորդ անգամ պատերազմից ողջ չեմ մնա, կապիտան Մամիկոն Աքուլյանն ինձ համար մնաց անմահ հերոս․․․

Հասմիկ Անտոնյան

3-րդ կուրս

Կիսվել