Գրան պրին և առաջին հորիզոնականը՝ համալսարանական պարային համույթի աղջիկներին

Գրան պրին և առաջին հորիզոնականը՝ համալսարանական պարային համույթի աղջիկներին

555

ԵՊՀ Մշակույթի կենտրոնի պարային համույթն այս տարի մասնակցեց Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից կազմակերպած միջազգային փառատոնին։ Համույթի գեղարվեստական ղեկավար Անի Հարոյանը մեզ հետ ունեցած զրույցում ասաց, որ մի քանի ամիս առաջ ասոցացիան է հրավեր ուղարկել Մշակույթի կենտրոնի ղեկավար Կարինե Դավթյանին։ Իրենք ընդունել ենք հրավերը ու սկսել մեծ պատասխանատվությամբ պատրաստվել այդ փառատոնին:

Փառատոնն անցկացվել է նոյեմբերի 7-ից 12-ը «Նեպտուն» սպորտային համալիրում։ Բացի հայկական պարային համույթներից մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած համույթներ ու խմբեր: Ժյուրիի կազմում բացի հայ ներկայացուցչից եղել են նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Էկվադորից, Մոլդովայից, Լեհաստանից և այլ երկրներից ժամանած մասնագետներ:

Նկարում պարային համույթի սաներն են։ Նրանցից Լաուրա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս մրցույթը մեծ նշանակություն ուներ իր համար. «Հոգիս ողողված էր հույզերի մեծ ալիքով»: Խոսքերից երևում էր, որ դեռ տպավորված էր իրենց կատարմամբ և հաղթանակով:

Թվում է, թե պարային համույթին սաները կապված են համալսարանի միջոցով, բայց անգամ ավարտելուց հետո էլ նրանցից ոմանք շարունակում են պարային ակտիվ գործունեությունը: Պարուհիներից Մարիա Հարությունյանը կատակելով ասաց, որ չի պատրաստվում լքել համույթն այնքան ժամանակ, մինչև կենցաղը չխեղդի: Կատակեց, բայց կատակով ասված խոսքերի մեջ հաստատակամություն կար: Դեռ անցաց տարի է ավարտել ուսումը բուհում, բայց շարունակում է գալ համալսարան, և հիմա ոչ թե ուսանողի, այլ պարուհու կարգավիճակում: «Մշակույթի կենտրոնն իմ համալսարանական կյանքի գլխավոր հենասյունն է եղել, առանց որի չեմ պատկերացնում իմ կյանքը»,- ասաց Մարիան:

Փառատոնի ընթացքում պարուհիները ներկայացրել են երկու պար`ժողովրդական ու ավանդական, և արժանացել երկու մրցանակի`գրանդ պրի և առաջին հորիզոնական:

Աղջիկները պնդեցին, որ սկզբից էլ մարտական են տրամադրված եղել, իսկ գեղարվեստական ղեկավար Անի Հարոյանը հավելեց, որ չնայած առաջին անգամ էին մասնակցում նման միջազգային փառատոնի, բայց դա չի խանգարել  աղջիկներին հաղթական  տրամադրվածությամբ մտնել բեմ և լավագույնս ներկայանալ:

 «Ինչ-որ չափով մենք նաև Հայաստանն էինք ներկայացնում, միջազգային ժյուրին նաև մեր միջոցով էր ծանոթանում հայկական մշակույթին ու պարերին, այդ իսկ պատճառով մեծ պատասխանատվության զգացում ունեինք և պատվով դուրս եկանք»,- ժպտալով ասաց Մարիան։ Ժպիտի մեջ հպարտությունը կարծես ամենաշատն էր: «Մենք պարի լեզվով ստեղծեցինք հոգեվիճակ. ժպիտն ամբողջովին արտահայտում էր մեր զգացմունքերը։ Հենց դա գերեց ժյուրիին ու հանդիսատեսին»,- եզրափակեց իր խոսքը պարուհին:

Մշակույթի կենտրոնի տնօրենը նույնպես տպավորված էր: Usanox.am-ին տված հարցազրույցում  ասել է, որ աղջիկներն առանձնանում էին իրենց կատարողական ու բեմադրական ոճով, նրբաճաշակ հագուստով: «Մեզ համար կարևոր է, որ մշակույթի ոլորտում բարձր պահենք մայր բուհի անունը»,- ասել է նա:

Մեր այն հարցին, թե ինչ սպասենք պարային համույթից, և ինչ ծրագրեր ունեն, գեղարվեստական ղեկավարը պատասխանեց, որ ծրագրերը շատ են: Չբացահայտեց ոչինչ. գուցե այն նպատակով, որ նորից զարմացնեն իրենց նոր հաղթանակներով ու մրցանակներով:

Անահիտ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել