Լեռներն են ինձ ուժ տալիս…

Լեռներն են ինձ ուժ տալիս…

985
Լուսանկարը՝ Էմիլ Ծատրյանի

Մի փոքր դող, սրտի յուրահատուկ թրթիռ. ահա՝ ինչ կարող ես զգալ Սյունիքի դարպասներից ներս մտնելիս։ Հայաստանից դուրս, թե Հայաստանի ներսում, եթե դու Սյունիքի դարպասներից ներս չես գտնվում, ուրեմն ինչ-որ բան քո կյանքում կիսատ է… Այսպես են մտածում Սյունիքին հավերժ սիրահար սյունեցիները։ Եթե կյանքումս ուրախալի որևէ իրադարձություն է լինում, այն լիարժեք չի դառնում, քանի դեռ Սյունիքում չեմ լինում։ Սյունիքի դարպասներն իրենց վեհությամբ ու կանգունությամբ միշտ սպասում են իրենց մշտական բնակիչներին, իսկ հյուրերին մեծ ուրախությամբ են դիմավորում։ Կյանքի տարբեր փուլերում ցանկացած իրողության տարբեր կերպ ենք նայում և գնահատում։ Թերևս կյանքիս այս փուլում, երբ ստիպված եմ լինում դուրս գալ Սյունիքից, ինձնից մի մասնիկ թողնում եմ այնտեղ, մի շունչ էլ վերցնում ինձ հետ։ Մեծ հպարտություն եմ զգում, երբ հենց ընկերներս են պաշտպանում Սյունիքը։ Իմ մտքով երբևէ չի անցել լքել հողս, անկախ ստեղծվող իրավիճակից։ Դա հող չէ լոկ, դա ոգի է, որն իր մեջ կրում է հայի կյանքը։

Սյունիքի պաշտպանները՝ զինվորները, ամեն կերպ փորձում են անառիկ պահել իրենց լեռները։ Էմիլը սյունեցի է, Սյունիքում չի ծառայել, սակայն այս պահին Սյունիքի դիրքերում է, պատմում է. «Հայրենիքիս դիրքերը հանձնված է իմ և ընկերներիս պաշտպանությանը։ Այդ փաստն ինձ մի պահ շփոթմունքի մեջ գցեց… սակայն, երբ վրանի ներսից նայում եմ ընկերներիս, ովքեր հերթական հերթապահությունն են անցկացնում, մինչ ես և մյուսները կհանգստանանք, հասկանում եմ, որ ինչպես իմ կյանքն է վստահված նրանց, այնպես էլ իմ ժողովրդի կյանքն ու խաղաղ ապրելու իրավունքը՝ ինձ։ Այդ զգացողությունը դառնում է կրկնակի այն ժամանակ, երբ ես սեփական հողում կանգնած, մի քանի կիլոմետր տնիցս հեռու գտնվելով՝ պաշտպանում եմ տունս»։

Սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր, ամեն  անգամ հիշելով տղերքին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության համար՝ ավելի զգոն ու պարտավորված են լինում։

«Ամեն անգամ նայելով հակառակորդին՝ հասկանում եմ, որ տղերքի կյանքի համար պիտի վճարվի։ Դրա հետ մեկտեղ, հրամանատարներս, ովքեր անցել ու զգացել են այն ցավը, որը տեսել են այն օրերին, երբ կանգնած են եղել առաջնագծում, իմ նման տղերքի կողքին,  ավելի շատ են ոգեշնչում ինձ՝ կատարելու իմ և տղերքի պարտքը։ Պարտք, որը կմարվի միայն վերջին ոսոխի տապալումից հետ» նշեց Էմիլը։

Բոլոր զինվորները նույն ոգով են կանգնած սահմանին։ Վահեն, ով Տավուշի դիրքերն է անառիկ պահում, դիմել է Սյունիք տեղափոխվելու համար, սակայն գիտակցում է, որ ինքն ու իր ընկերները պահում են Հայաստանի տարածքը, և կապ չունի, թե որ հատվածում. «Երկիրը մի կողմից չեն պահում։ Եթե կորցնենք թեկուզ մի մարզ, կկորցնենք ամբողջ Հայաստանը։ Չենք կարող ուժեղացնել մի հատվածը՝ թուլացնելով մյուսը»։

Սյունեցի Հարութն էլ Հայաստանում սահմաններ չի գծում. «Ինձ համար Սյունիքի պաշտպանությունը առանձնակի պատասխանատվություն է։ Սյունեցի եմ, չնայած չարժի Հայաստանի որևէ մարզի բնակչին առանձնացնել, ու պարտավոր ենք նույնչափ սիրել Սյունիքը, Երևանը, Լոռին… Այստեղ ծառայելիս լեռներն են ինձ ուժ տալիս։ Ամեն անգամ սահմանին կանգնած, լեռներին նայելով, ոնց որ հիշեմ, թե ով եմ ես ու ինչի համար եմ այդտեղ, ոնց որ փոխադարձ կապ լինի, ես լեռներին եմ ուժ տալիս, լեռները՝ ինձ։ Այս լեռները ես եմ պահում, ընկերներս են պահում ու այս լեռները պահելու են մեր տղերքը, մեր թոռները, ծոռները։ Այս լեռներով մենք ենք հիանալու ու այդ աննկարագրելի ուժը միայն մենք կարող ենք զգալ։ Մեկ այլ զգացողություն ունեի մինչև ծառայելս, մինչ պատերազմը, հիմա էլ է պատերազմ, պատերազմ է անգամ մեզնից յուրաքանչյուրի ներսում, որովհետև ինչ-որ տեղ, մեր լեռների մի մասը մեզնից գողացված են, գուցե դրանք Սյունիք չեն, բայց Հայաստան են, ու ինչպես ասացի, չի կարելի Հայաստանը բաժան-բաժան անել։ Մեկ-մեկ մտածում եմ, որ Սյունիքի լեռներն էլ տխրում են կորցրած լեռների համար։ Գժվելու բան է, երբ ազատ ժամանակ ես ունենում սահմանին այսքան մտածելու…»:

Գժվելու բան է տղերքին լսելը:

Իզա Ասծատրյան

3-րդ կուրս

Կիսվել