ԵՍ ՁԵԶ ՆՄԱՆ ՉԵՄ: ԵՍ ՁԵԶՆԻՑ ՄԵԿՆ ԵՄ:

ԵՍ ՁԵԶ ՆՄԱՆ ՉԵՄ: ԵՍ ՁԵԶՆԻՑ ՄԵԿՆ ԵՄ:

1809

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Իմ ուղին» կրթավերականգնողական  կենտրոնի սաների աշխատանքների՝ «Ես ձեզ նման չեմ: Ես ձեզնից մեկն եմ:» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը ուղեկցվեց դաշնամուրային համերգով: Ծրագիրն իրականացվել է Հովարդ Կարագյոզյան հիմնադրամի «Ինտեգրում թանգարանի միջոցով» նախագծի շրջանակներում:

Ցուցահանդեսին ներկայացված էին աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների կրեատիվ և ինքնատիպ աշխատանքները, որոնք բացահայտում են նրանց ներաշխարհը,  հոգեվիճակն ու երևակայությունը:

Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, շնորհավորելով բոլորին թանգարանների միջազգային օրվա առիթով, ներկայացրեց նախագծի նպատակն ու կարևորությունը. «Չնայած Հայաստանում մշակույթն առաջնային տեղը չի զբաղեցնում, այնուամենայնիվ, երբ արտերկրում ներկայանալու անհրաժեշտություն է լինում, մենք ներկայանում ենք մեր մշակութային ժառանգությամբ: Այդ պատճառով էլ պետք է պահենք և փայփայենք մեր ունեցած ժառանգությունը: Այսօր ես շատ ուրախ եմ որ միջոցառմանը մասնակցում են այս ինքնատիպ երեխաները: Եկեք փորձենք աշխարհին նայել այս երեխաների աչքերով, աշխարհը զգալ այս երեխաների զգայարաններով և կտեսնենք, թե որքան հիասքանչ է աշխարհը: Նրանք մեր նվիրական զավակներն են, մեր զգայարաններն են, փոքր-ինչ ինքնատիպ և յուրօրինակ տեսողություն ունեն և հետաքրքիր է գոնե այս մեկ օրը նրանց հայացքով դիտարկել ամեն ինչ»:

Համերգի բացումը արեց սաներից՝ Վարդանը, նվագելով Առնո Բաբաջանյանի «Մեղեդին»: Նրա ոգևորությունն ու հուզականությունը անմիջապես հասնում էր իր հանդիսատեսին: Հանդիսատեսն էլ իր հերթին մեծ բավականություն ստացավ. «Սա հրաշալի էր: Ես խոսքեր չեմ գտնում: Նրանք համարձակ են շատ, որ կարողանում են հաղթահարել իրենց վիճակը և չմարել իրենց մեջ թաքնված տաղանդը»,- ասում է Մարինեն, ով առաջին անգամ էր մասնակցում նմանատիպ միջոցառման:             Միջոցառումը շարունակվեց գեղեցիկ  և հետաքրքիր երաժշտությամբ՝ նրանց օրիգինալ մատուցմամբ:  Համերգի ավարտից հետո կայացավ  «Աուտիզմ մոլորակ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Հայաստանում 2014 թվականից գործում է «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական կենտրոնը, որը կիրառում է աուտիզմով երեխաների համար առաջատար երկրներում ընդունված թերապիա, որի նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթության և զբաղվածության համար:

Բազմաթիվ հոգեբանների համոզմամբ աուտիզմը չի կարելի դասակարգել բարդ հիվանդությունների շարքին, այն ավելի կոնկրետ հոգեվիճակ է, քան հիվանդություն: Նրանք փակված են իրենց աշխարհում և հենց այդ աշխարհում են իրենք իրենց երջանիկ զգում: Այնուամենայնիվ, տաղանդն այն գործոնն է, որը անպայման ի հայտ է գալիս երեխաների մոտ անկախ իրավիճակից և ժամանակից: Մնում է, որ այդ տաղանդը զարգանա և բարձունքների հասնելու հնարավորություն տա:

 

Զվարթ Մուրադյան

5-րդ կուրս

Կիսվել