«Պատերազմն ավարտվեց, բայց մեր հոգու պայքարը՝ ո՛չ»

«Պատերազմն ավարտվեց, բայց մեր հոգու պայքարը՝ ո՛չ»

1987

Երազանքները տարբեր էին մինչ պատերազմը, երազանքը մեկն էր պատերազմի ընթացքում, պատերազմից հետո էլ երազել չի լինում։

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արտակ Հովհաննիսյանը բանակ է զորակոչվել 2020-ի հունվարին։ Ուղղությունը հստակ էր՝ Արցախ՝ Մարտակերտ։ Վստահ գիտեր, որ ինքն իր ներդրումը պետք է ունենա բանակաշինության գործում, բայց որ պատերազմ պիտի տեսներ ու տաներ, դժվար էր պատկերացնել։

-Ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ Արցախում եք ծառայելու։

-Սպասելիքներս շատ մեծ էին, ես անհամբեր սպասում էի այդ օրվան։ Ներքին ձայնս ինձ հուշում էր, որ Արցախ եմ գնալու, այդպես էլ եղավ։ Միակ մտահոգությունս այն էր, որ սիրածս աղջկան ու ընտանիքս թողնում էի ու երկար ժամանակով։ Մեկնելուցս մի քանի օր առաջ որոշեցի խոստովանել իմ զգացմունքների մասին, խոստովանեցի ու հրաժեշտ տվեցի։

-Ծառայության ո՞ր փուլում էիք, երբ սկսվեց պատերազմը։

-Ինն ամսվա ծառայող էի, երբ պատերազմը տակն ու վրա արեց հայրենիքս, կյանքս ու հետագա պլաններս։

Ծառայությանը դժվար եմ հարմարվել, սակայն գիտակցում էի, որ պարտք ունեմ հայրենիքիս հանդեպ։ Առաջին երկու ամիսը ծառայել եմ որպես հրաձիգ։ Այնուհետև տեղափոխվել եմ բուժկետ, որպես սանիտար-վարորդ:

-Կհիշե՞ք պատերազմի նախորդ երեկոն։

-Մինչ հարցին անրադառնալը կցանկանայի ասել, որ մենք մոտավոր պատկերացում ունեինք սպասվող արհավիրքի մասին, քանի որ սահմանին հակառակորդի կողմից բավական մեծ չափի զինատեխնիկայի կուտակում էր նկատվում։

Սեպտեմբերի 26-ի երեկոյան ընկերներով հավաքվել էինք (հաճախ էինք հավաքվում, զրուցում)։ Մի տեսակ վատ զգացողություն  ունեինք բոլորս, ու երբ արդեն տղաները գնացել էին քնելու, ես և ընկերս մնացինք արթուն. կեսգիշերն անց զանգահարեցինք Ժորայի՝ ընկերոջս մայրիկի ծննդյան օրը շնորհավորելու։ Առավոտյան 7։15-ի սահմաններում լսվեց առաջին արկի պայթյունը. միայն հիշում եմ, որ Ժորին արագ արթնացրի, ու հենց էդտեղ առանց հրաժեշտի բաժանվեցինք, իրականում պահի լրջությունը չէիքն գիտակցում ամբողջապես։  Զորամասը հերետակոծության տակ էր, գումարտակի նկուղը բուժկետ էր դարձել: 30 զինծառայող մնացել էր փլատակների տակ, միայն մեկին կարողացանք ողջ դուրս հանել, ու հենց նա եղավ իմ առաջին վիրավորը։ Երեկոյան իմացա, որ Ժորան զոհվել է։

-Ծանր պահերին կա՞ր այնպիսի միտք, որը Ձեզ առաջ էր մղում։

-Անդադար զոհեր ու վիրավորներ տեղափոխելը  դժոխային տեսարան էր։ Դու գնում ես ու չգիտես՝ ի՞նչ կլինի ճանապարհին, մտածում ես՝ հիմա ո՞վ է տեսնես, արագ հասնեմ, գոնե կարողանաք փրկել։ Երբեմն նաև նրանց մեջ իմ ընկերներն էին։ Միակ բանը, որ մտածում էի, ինձ համար թանկ մարդկանց կրկին տեսնելն էր, նրանց աղոթքն էր ինձ պահում։ Ամեն անգամ, երբ պետք է գնայի վիրավորների հետևից, մի պահ վախ էի զգում, բայց վստահ էի, որ ինձ ոչինչ չի պատահի,  քանի որ ինձ համար անկեղծ աղոթողներ կային։ Երբ մի րոպե ազատ ժամանակ էի ունենում, զանգահարում էի սիրածս աղջկան, տուն ու մոտ ընկերոջս, ով նույնպես  մարտի դաշտում էր, ում հետ այդպես էլ կապի դուրս չեկա։ Մինչև վերջին պահն էլ զանգել եմ՝ մտածելով, որ կլսեմ նրա ձայնը։

-Վստահ եմ՝ կյանքը վերարժևորվել է ավելի, քան երբևէ։ Ի՞նչը հատկապես։

-Ժամանակն եմ գնահատում, ամեն վայրկյանս։ Դա վախ է՝ չհասցնել ապրել, ու լինել  մտերիմների հետ։ Մտածում եմ՝ կյանքս վերադասավորեմ՝ իմ սեփական ընտանիքը կազմելով։

-Ընկերներով հաճա՞խ եք վերհիշում։

-Պատերազմը չի մոռացվում, ամեն քայլափոխի հիշեցնում է իր մասին ու ստիպում ապրել։ Բոլորին հետաքրքիր է մանրամասները, իսկ դրա մասին խոսելը ցավալի է ու անցանկալի։

-Ձեր պատկերացմամբ, պատերազմի ավարտն ինչպիսի՞ն պետք է լիներ։

-Մտածում էինք՝ ավարտվի, կանգնի մի կետի ու մնա։ Ցավալի էր նման մեծ կորուստներով առաջ գնալը։ Հանկարծ զանգեցին ու ասացին, որ վերջացել է. նույն պահին մեզնից մի քանի մետր այն կողմ պայթեցին վերջին հրթիռները։ Պատերազմն ավարտվեց, այո՛, բայց մեր հոգու պայքարը՝ ո՛չ։

Սիրվարդ Կարապետյան

3-րդ կուրսի

Կիսվել