«Ես զգում եմ այն ամենը, ինչ հանձնում եմ թղթին»

«Ես զգում եմ այն ամենը, ինչ հանձնում եմ թղթին»

1229

Զրուցակիցս «Սեր և պատերազմ» գրքի հեղինակ Աննա Հակոբյանն է։

– Ողջու՛յն, Աննա՛, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար։

– Ողջու՛յն, ես եմ շնորհակալ ինձ ևս մեկ հնարավորություն տալու համար՝ խո­սելու գրքիս մասին։

– Աննա´, խնդրում եմ նախ մի  փոքր պատմեք Ձեր մասին։

– Ես Արցախի Հադրութ քաղաքից եմ, 19 տարեկան։ Սովորում եմ ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսում, նաև մեծ հետա­քրքրու­թյուն ունեմ  մանկավարժության հանդեպ և միաժամանակ ուսանում եմ դա։

– Գիտենք, որ Դուք նաև ստեղծագործում եք, և վերջերս տեղի ունեցավ Ձեր գրքի շնորհանդեսը: Ի՞նչի մասին է գիրքը։

– Գիրքը, որ վերնագրված է «Սեր և պատերազմ», պատմում է պատերազմից հետո զգացած իմ հույզերի, իմ հայրենի տան, զոհված ընկերներիս, հարազատներիս հանդեպ իմ կարոտի մասին։ Կան հայրենիքիս նվիրված, Հադրութի բարբառով գրված չափածո ստեղծագործություններ։ Գիրքս նվիրված է իմ սիրելիին՝ Նիկոլայ Չաքմազյանին, ով  44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցներից է և, փա՛ռք Աստծու, տուն է դարձել։ Գրքիս մեջ զետեղել եմ նաև իմ սիրուն նվիրված բանաստեղծություններ։

– Ե՞րբ է եղել գրքի շնորհանդեսը, ովքե՞ր են մասնակցել։

– Գիրքս երկու շնորհանդես է ունեցել․առաջինը եղել է հոկտեմբերի 22-ին Երևա­նում՝ «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնում։ Կազմակերպիչը կենտրոնի տնօ­­րեն Երազիկ Ավանեսյանն էր։ Շնորհանդեսին մասնակցում էին բանաստեղծ, թարգ­մանիչ Շուշանիկ  Թամրազյանը, մշակութային գործիչներ, իմ ընկերներից, հարազատներից։

Երկրորդ շնորհանդեսը կազմակերպվել է վերջերս ԵՊՀ-ում՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան պարոն Գ․Բարսեղյանի և փոխդե­կան­­ների նախաձեռնությամբ։ Մասնակիցներն այս անգամ ֆակուլտետի պրոֆեսո­րադա­սա­խոսական կազմն էր, ընկերներս, համակուրսեցիներս: Ներկա էին նաև ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը, ուսխորհրդի այլ անդամներ։

 – Որքանո՞վ է հայտնի երիտասարդ գրող Աննա Հակոբյանը ընթերցող լսարանին։

– Դեռ Հադրութում էի, որ որոշել էի տպագրել բանաստեղծություններս, սակայն դրանք ինձ չէին գոհացնում իրենց անշունչ լինելու պատճառով։ Երբևէ չեմ պատկերացրել, որ պատերազմի թեմայով կունենամ ինչ-որ բանաստեղծություն։ Սակայն այդ ժամանակից ի վեր ես մեծ լսարան ունեմ, ովքեր սիրում և ողջունում են իմ մտքերը տարբեր թեմաների շուրջ։ Նշեմ նաև, որ ես փառքի կամ ինձ մատնացույց անե­լու համար չեմ ստեղծագործում, քանի որ պարզ է՝ փառքն Աստծունն է, իսկ ամեն մար­դու գործ՝ անմահ. ես դա անում եմ սրտանց, անում եմ սիրելով և ամենակարևորը` ինձ համար, քանի որ ես զգում եմ այն ամենը, ինչ հանձնում եմ թղթին։

– Կարելի՞ է ենթադրել, որ Ձեզ մոտիվացնողը, ոգեշնչողը Ձեր ընկերն է եղել։

-Այո´, մոտիվացիաս ընկերս է, ով ողջ պատերազմի ընթացքում պայքարեց հանուն ամեն ինչի, նաև հանուն մեր սիրո։ Պատահական չէ, որ գրքի վերնագրում «սերը» գրված է «պատերազմից» առաջ։

– Շարունակելո՞ւ եք գրել, եթե այո՝ որ՞ն է լինելու հաջորդ գիրքը, որին սպասելու է ընթերցողը։

– Շատ են մտքերս, որ վերաբերում են կրկին իմ անցյալին, իմ հուշերին։ Կարծում եմ, որ հենց սրա շուրջ կաշխատեմ, ավելի բովանդակ կդարձնեմ, ավելի ծավալուն։ Աշխատում եմ այդ ուղղությամբ, տա՛ Աստված՝ հասցնեմ իր ավարտին ու լսարանիս դատին։

– Իսկ ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել գիրքը։

– Գիրքը  2 անգամ  է հրատարակվել, առաջին անգամ հրատարակվել  է 60 օրի­նա­­կով, սակայն ամբողջովին սպառվել է։ Մոտ ժամանակներս  նորից կհրատարակվի։

– Հաջողություն եմ մաղթում և շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։

Ալբինա  Հովսեփյան

3-րդ կուրս

Կիսվել