Արդեն 42 տարի կավագործությունը նրա ձեռքերում արհեստից արվեստ է դարձել: Վազգեն Կարապետյանը 17 տարեկանում ծանոթացավ կավագործության հետ, և, ինչպես ինքն է նշում, կավով կերտեց իր բնավորությունը: Կավը դեռ վաղուց նրանց տան անբաժան մասն էր, հայրը նույնպես կավագործ էր. «Ես մեծացա կավի մեջ»:
Կավագործ Վազգեն Կարապետյանը ստեղծագործ ու արվեստասեր է: Պատանի ժամանակ հետաքրքրությունները բավարարելու համար ընդունվեց Մեքենաշինական ինստիտուտ (այժմ ինստիտուտը չի գործում): Այնտեղ ստացավ արհեստավորի մասնագիտական որակավորումը: 15 տարի աշխատել է Կերամիկական իրերի կոմբինատում, բայց իր խաղաղության գտավ տան բակում: Կավագործի տանն իր ստեղծած բնությունն է, տարբեր անկյուններում կարելի է տեսնել տարբեր բույսեր. «Մարդը՝որպես բնության մասնիկ, պիտի լինի բնության ծոցում, հատկապես արարելիս»:
Բակում կավից ստեղծվածներն էլ իրենց ուրույն տեղը չունեն Վերնիսաժում, քանի որ գնորդները ու վաճառքը քիչ են: Այս պահին կավով ստեղծագործում է իր սիրելիների համար: Վազգեն Կարապետյանն այս ամենը պատմելուց հավելում է. «Ես կավը որպես ֆինանսական միջոց չեմ օգտագործում, կավը ամենամաքուր ու ամենաօգտակարն է, ֆինանսը չէ, որ պետք է խաղաղեցնի»:
Ժամերով կարող է ստեղծագործել կավով: Իր համար կյանքը գեղեցիկ է, երբ ջանք կա ներսում: Եթե հարցնեք`որն է իր 42 տարվա ձեռքբերումը, կավագործը կնշի. «Կավի հետ խոսել սովորեցի, սովորեցի միտքս կավին փոխանցել, սովորեցի կավին կերակրել ու ինքս կշտանալ»:
Կավագործի համար ֆիզիկական ուժն ամենավերջում է, նախ մտքի ուժն է կարևորում: Վազգեն Կարապետյանի աղջիկը`Յունիկ Կարապետյանը, նշում է. «Ամուր նյարդեր ունի հայրս, ու եթե աշխատելիս նայես իրեն, ինքդ կխաղաղվես, սիրում է կավը, ապրում կավով»: Վազգեն Կարապետյանը նշում է. «Կյանքիս շղթան կայանում է մարդ-անհատ-սեր-ընտրություն-ոլորտ-ամբողջական կյանք հասկացողության մեջ»:
Ինչպես Կավագործ Վազգեն Կարապետյան է սիրում կրկնել ՝ «Ես կավի անմեղ զոհերից եմ, բայց այդ ամենն ինձ միշտ էլ հաճելի է լինելու»:
Ստեֆանի Օհանջանյան
3-րդ կուրս