Ուսուցիչների ատեստավորման գործընթացը՝ ըստ Նոյակերտի դպրոցի տնօրենի

Ուսուցիչների ատեստավորման գործընթացը՝ ըստ Նոյակերտի դպրոցի տնօրենի

687

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Ատեստավորման համակարգը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը». այս հայտարարությունը տեղ գտավ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում 2021 թվականի փետրվարի 11-ին։ Կազմվեցին հարցաշարեր «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների համար, և աշնանը մեկնարկեց գործընթացը։ Զրուցել եմ Նոյակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Իսաջանյանի հետ՝ պարզելու,  թե ինչ արձագանքներ է ունեցել Կամավոր ատեստավորման մասին ծրագիրը գյուղի դպրոցում, և առհասարակ ինչպես է մինչ օրս իրականացվել պարտադիր արմատավորումը։

-Պարո՛ն Իսաջանյան, հայտնի է, որ կամավոր ատեստավորման ծրագիրը ոչ միանշանակ արձագանքներ գտավ։ Սեպտեմբերին կազմակերպված առաջին թեստավորմանը հայտագրվածների 20%ը չէր ներկայացել, ի՞նչ եք կարծում, ինչո՞վ էր սա պայմանավորված։

-Ատեստավորման գործընթացը պարբերական բնույթ կրող գործընթաց է․ պետությունն ուսուցչի զբաղեցրած պաշտոնին համապատասխան լինելը պարզելու համար 5 տարին մեկ իրականացնում է ատեստավորում։ Այս տարի նոր բաղադրիչ ներադրվեց՝ սեփական նախաձեռնությամբ, այն է՝ կամավոր ատեստավորում, որը, ըստ իս, 2 կարևոր նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ յուրաքանչյուր ուսուցիչ հնարավորություն է ստանում ստուգելու իր մասնագիտական հմտությունները՝ հետագայում ավելի վստահ լինելու նպատակով, երկրորդը սոցիալական բաղադրիչն է, որովհետև այն ուսուցիչները, որոնք բարձր միավորներ կվաստակեն, կստանան հավելավճարներ. խոսքը 30%, 40%, 50% հավելավճարի մասին է։ Ծրագիրը մեծ ոգևորություն առաջացրեց, բայց հետագայում, կարծում եմ, առաջին անգամ լինելը, անփորձությունը, ինչ-որ տեղ նաև անվստահությունն իրենց դերը խաղացին․ ուսուցիչների մի մասը հրաժարվեց մասնակցելուց, հանրապետությունում ցածր արդյունքներ գրանցվեցին։ Արարատի մարզը նույնպես մասնակցել է սեփական նախաձեռնությամբ ատեստավորման գործընթացին։ Մասնակիցներից 22-ը հաղթահարել է անցողիկ շեմը և 30-50% հավելավճար է ստանալու։

-Ինչպիսի՞  արձագանք գտավ ծրագիրը Ձեր ղեկավարած դպրոցում։

-Մեր դպրոցը նույնպես արձագանքել է ծրագրին։ Մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրի ծրագրի մասին։ Պատմության ուսուցչուհին սկսեց պատրաստվել, սակայն քանի որ նա, ըստ ժամանակացույցի, ընդգրկված էր նաև պարտադիր ատեստավորման ծրագրում, չկարողացավ կամ չուզեց համատեղել պարտադիր և կամավոր ատեստավորումները և մասնակցեց միայն պարտադիրին։

Իսկ ինչպե՞ս է մինչ օրս դպրոցում իրականացվել պարտադիր ատեստավորումը։

-Պարտադիր ատեստավորումը ենթադրում է ուսուցչական կազմի  մեկ հինգերորդի պարբերաբար ատեստավորում։ Պարզ գործընթաց է, ավելի շատ փաստաթղթային, որը, կարծում եմ, բազմաթիվ բացեր ու թերություններ ուներ։ Սակայն նոր փոփոխություններով պարտադիր ատեստավորման գործընթացը բավականին լուրջ հիմքերի վրա է դրվել։ Այս պահին դպրոցի ուսուցչական կազմից  5-ն այս գործընթացի մեջ է։ Մասնակիցները գոհ են․ ասում են, որ այս և նախորդ տարիների միջև մեծ տարբերություն կա։ Հիմքում դրված է մանկավարժահոգեբանական գիտելիքների ստուգումը և ուսուցման արդի մեթոդների կիրառման վերաբերյալ գիտելիքների փոխանցումը։

Ծանոթացե՞լ  եք կամավոր ատեստավորման հարցաշարերին, ի՞նչ կարծիքներ եք լսել։

Խոսել եմ մեկ-երկու ուսուցիչների հետ, հիմնականում խոսքը վերաբերել է արդյունքներին և տոկոսային շեմին։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ  արդյունքն այդքան ցածր կլիներ, եթե ամեն ինչ լավ կազմակերպված լիներ և համապատասխաներ մի շարք չափանիշների։

Անի Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել