Զանգը հնչեց․ ներկան կանգ առավ

Զանգը հնչեց․ ներկան կանգ առավ

554

Լռություն է սենյակում, և այս լռության մեջ Իգորի քույրը բռնել է հիշողությունների ուղղին։ Մանկության անհոգ օրերի հիշողությունը, որ ամուր կապում է նրան իր եղբոր հետ, ժպիտ է հաղորդում Լիանային, բայց նրա աչքերը, որ ցավով լեցուն են, շատ ավելին են պատմում, քան վայրկյան տևած ժպիտը։

«Այն միտքը, որ զոհվում էին 18 տարեկան տղաները, նրան հանգիստ չէր տալիս, եթե ինքը չգնար պատերազմի, ես նրան չէի ճանաչի. նա կլիներ ուրիշ անհատ, բայց ոչ իմ եղբայրը»,- ասում է Լիանան՝ մտքերով իր եղբոր կողքին լինելով։

Իգոր Մանուկյանը ծնվել է 1977 թ-ին Բաքվում, ավարտել է Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցը և զորակոչվել բանակ, իսկ  զորացրվելուց հետո կազմել է ընտանիք, այնուհետև նա մեկնել է ՌԴ,  աշխատել շինարարական կազմակերպություններում։ Տարիներ անց վերադարձել է հայրենիք և անմիջապես ծառայության անցել ՀՀ ՊԲ-ում՝ որպես պայմանագրային զինծառայող: Իգորը ունեցել է 4 զավակ, ապրում ու արարում էր նրանց համար, օրը լուսացնում էր նրանց համար, յուրաքանչյուր զավակի հետ կապված բազում ծրագրեր ու նպատակներ ուներ, շատ էր ուզում տեսնել ու ապրել այդ օրերը… կապրեր ու կտեսներ, եթե չլիներ պատերազմը։ Իգորը ուզում էր՝ պատերազմն իրենով ավարտվեր․

«Գնամ պատերազմելու և խաղաղություն բերելու, որ երեխաներիս հերթ չհասնի, որ նրանք ապրեն խաղաղության մեջ»:

Պատերազմի առաջին օրվանից Իգորն արդեն ռազմադաշտում էր՝ կյանքի ու մահվան միջև: Անքուն ու անհույս, կրակով պատված երկնքի, արկերի ու ականների տակ պայքարում էր հայրը, հայոց աշխարհի անմահ հերոսը:

Իգորի քույրերը՝ Ռոզալիան և Լիանան պատմում են, որ իրենց եղբայրը միշտ սիրում էր ընկերություն անել իրենից մեծերի` ուսանողների հետ, բոլորն էլ տարբեր մարզերից էին,  նրանք միմյանց շատ լավ էին ճանաչում, և իրենց եղբայրն էլ նման ընկերական շրջապատում է մեծացել։

Իգորը ճկուն էր, ճարպիկ, իր կյանքում ուներ բազում նպատակեր, չափազանց նպատակասլաց էր և անընդհատ ստեղծում էր նորը, և չէր դադարում արարել, նա ընկերասեր էր և բարի բնավորությամբ. միշտ պատրաստ էր օգնելու, եթե, նույնիսկ այդ օգնությունը կարող էր վնաս հասցնել իրեն, նա կարող էր օգնություն ցուցաբերել նույնիսկ անծանոթ մարդու. այս իր բնավորության յուրահատկությունն էր։

Քույրերը պատմում են, որ պատերազմ գնալուց առաջ հերոսի մայրը ասել է որդուն, որ չգնա պատերազմի, որովհետև անչափահաս երեխաներ ունի և ընտանիքի միակ աշխատողն է, բայց որդին պատասխանել է, որ պարտավոր է գնալ կռվի դաշտ։

 «Եթե ես չգնամ, ապա ո՞վ պետք է գնա, համ էլ մի քանի օրից հետ եմ գալու»,- ասել է Իգորը։

Իգոր Մանուկյանի կինը՝ Սվետան, ցավով և հպարտությամբ է պատմում իր հերոս ամուսնու մասին։ Նա գնաց խաղաղություն բերելու համար, բայց խաղաղությունը շատ թանկ արժեցավ։ Սվետան տխուր և հպարտ աչքերով հիշում է․

«Իգորս անսահման նպատակներ ուներ, անսահման տարբեր երազանքներ, որ պլանավորել էինք այս տարի իրականություն դարձնել, բայց այդ ծրագրված նպատակները այդպես էլ անիրական մնացին, սակայն ես խոստանում եմ, որ հերթով կիրականացնեմ նրա բոլոր նպատակներն ու երազանքները»։ Նրան նաև այն միտքն է սփոփում, որ շատերը մահանում են, բայց այդ մահը չի ունենում ինչ-որ հետք կյանքում, շատերի մահը, ցավոք, չի հետապնդում գաղափար, իսկ իր ամուսինը և շատ հերոսներ ևս, զոհվել են հանուն ազատության և խաղաղության, նա զոհվել է հանուն մեծ և հզոր գաղափարի։

 Իգորի վերջին զանգը,  խորհրդավոր զանգը… հոկտեմբերի 15-ին  էր,  երբ բառերն ավելի քան լուռ էին, երբ, գրեթե ասելիք էլ չկար, որովհետև ներկան կանգ էր առնում…

Մարիամ Ստեփանյան

3-րդ կուրս

Կիսվել