Տիկին Արաքսյայի հետ ծանոթացա 2020 թվականի սեպտեմբերի վերջերին։ Հադրութի շրջանի գյուղերից էր, տեղափոխվել էր Հայաստան ու ապաստան չուներ։ Հինգ տղաների հետ Երևանի փողոցներով երկար քայլել էր՝ հավանաբար ինչ-որ տեղ հույս փնտրելով։
Առաջարկեցի Սևանում փախստականների համար նախատեսված կացարան տեղափոխվել։ Խիստ մերժում ստացա. պարզվեց՝ Սևանից են գալիս, նեղացել էին տեղի բնակիչներից ու եկել էին Երևան։
«Սևանցիները մեզ մեղադրեցին իրենց տղաների զոհվելու մեջ, ասացին, որ արցախցիների պատճառով իրենք են տուժում»,-թաց աչքերն արդեն մաշված անձեռոցիկով սրբելով՝ պատմեց տիկին Արաքսյան ու ավելացրեց, որ իր երկու տղաներն էլ են կռվի դաշտում, բայց ինքը ոչ մեկի չի մեղադրում, որովհետև դրա իրավունքը չունի, իսկ հայաստանցիները գուցե ունեն…
Նոր Նորքում էլ արցախցիների համար նախատեսված կացարան կար, բայց այնքան էլ բարվոք վիճակում չէր, համենայն դեպս դրսում գիշերուլուց լավ էր։ Միասին ուղևորվեցինք Նոր Նորք։ Ճանապարհին տղաներից ոչ մեկը չխոսեց, հասակով փոքրն էլ՝ Գոռը, ամբողջ ճանապարհին մեկ նայում էր ինձ, մեկ պատուհանից դուրս, ու հիացած ժպտում էր։
Ի վերջո, ճնշող լռությունը խախտեց տիկին Արաքսյան՝ Հադրութի իրենց տան նկարագրությամբ. «Մեծ սեփական տուն ունեինք, բայց նոր էինք վերանորոգել. ուզում էի մեծ տղայիս էս տարի ամուսնացնեի։ Մեծ գոմ ունեինք, հավեր, կովեր։ Գալուցս առաջ կովերի կապերը արձակել էի, որ գոնե փախնեին, չմնային պայթունի տակ, բայց խեղճ հավերս… երևի տրաքացրել են արդեն»։
Տիկին Արաքսյայի պատմությունը լսելով՝ մենք հասանք կացարան։ Տիկին Արաքսյան ինձնից «շշով խանութի ջուր» էր ուզում։ Ես չէի հասկանում, թե ինչու է հենց շշով ջուր ուզում. «Գոռս հիվանդ ա, բժիշկները ասել են՝ միայն «խանութի ջուր» պետք ա խմի»։
Գոռը՝ փոքրամարմին ու ժպտադեմ այդ երեխան, պարզվեց՝ ինը տարեկան է։ Շաքարային դիաբետ ուներ, էպիլեպսիա, ու, ինչպես տիկին Արաքսյան ասաց՝ «իրենց համար դեռ անհասկանալի մի շարք հիվանդություններ ևս»։
Այդ օրվանից հետո ես հաճախ էի այցելում ընտանիքին, խաղում Գոռի ու եղբայրների հետ։ Բողոքում էին, որ մայրը շատ է բարկանում, առաջվա պես չի խաղում իրենց հետ ու ոչինչ չի խոսում։
Մի հեռախոս ունեին. չորս եղբայր կռվում էին, թե ով պետք է խաղա հեռախոսում եղած միակ խաղը, իսկ Գոռն ուշադրություն էլ չէր դարձնում։ Կացարանի մյուս բնակիչների համար ուրախություն դարձած այս տղան ապրում էր «իր անհոգ ու խաղաղ կյանքը»։
Ընտանիքի տվյալները փոխանցեցի բարեգործական կազմակերպության։ Նրանք ստացան սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։ Տիկին Արաքսյան հուզվելով ասաց. «Պատերազմն ավարտվի թե չէ, կգաս Հադրութ, բայց նայի, հա, հանկարծ ավտոբուսով չգաս, էնպիսի մեքենայով կգաս, որ մեքենան բարձենք մեր էնտեղի բերք ու բարիքով ու նոր քեզ հետ ուղարկենք»։
Սրանից երկար չանցած, երբ հերթական անգամ գնացի տեսակցության, ասացին, որ տիկին Արաքսյան ու տղաները չկան. գնացել են։ Թե ուր են գնացել, ինչու են գնացել ոչ ոք չգիտեր։ Ուղղակի մի առավոտ արթնացել ու գնացել էին։ Տիկին Արաքսյան հեռախոսահամար ուներ, որին որքան էլ զանգահարեցինք, միևնույն է կապ հաստատել չհաջովեց։
Աննա Պալաքյան
3-րդ կուրս