Մաքրամաքուր կենցաղով, նուրբ ու քնքուշ Ասիկ տատիկը

Մաքրամաքուր կենցաղով, նուրբ ու քնքուշ Ասիկ տատիկը

456

Արդեն ութ տարի է, որ Ասիկ տատիկս ֆիզիկապես չկա.  քաղցկեղը խլեց նրա կյանքը։ Ամեն անգամ, երբ հիշում եմ նրա մասին, առաջին բանը, որ մտքիս է գալիս`  նրա անսահման սերն ու բարությունն է: Շատ օրինակելի ու մեծահոգի կին էր: Սիրում էր խելացի մարդկանց, ու ինքն էլ բանիմաց կին էր։

Միջնահասակ  էր, մազերն արդեն ճերմակած էին։ Տխուր աչքեր ուներ, բայց միաժամանակ շատ խորը և կյանքով լի։ Միշտ խնամքով էր հետևում իրեն և իրեն շրջապատող ամեն ինչին. չէր սիրում թափթփվածություն, ամեն բան պետք է կոկիկ լիներ։

Նրա կողքին ինձ շատ լավ էի զգում, միշտ ջերմությամբ ու սիրով էր պատում ինձ: Հաճախ էի գիշերները նրա մոտ մնում, որովհետև անչափ հետաքրքիր էր անցնում ժամանակը: Երեկոյան, երբ ոչխարները գալիս էին հանդից, գնում էինք գոմի մոտ, ու հետևում էի, թե ինչպես է կաթ կթում։

 Հիշում եմ, որ այդ կաթը հետո պետք է պանիր դարձներ, ու ես անհամբեր սպասում էի «ղազանդիբի» (կաթի մինչև պանիր դառնալու պահը) ուտելուն, շատ համեղ էր լինում: Մինչև հիմա այդ պանրի համն ու բույրը հիշում եմ։ Գիտեր, որ շատ եմ սիրում, ինձ համար փոքր-փոքր հաց ու պանիր էր սարքում ու շարում սեղանի վրա, որ հերթով, հատիկ-հատիկ ուտեմ։

Ամեն երեկո հեքիաթի ժամն էր: Շատ էի սիրում «Գեղեցկուհի Վասիլիսան» ու «Կռնատ աղջիկը» հեքիաթները ու չէի դադարում դրանք անդադար լսելուց, որոնք, տատիկս,  առանց հոգնելու, սիրով կարդում էր ինձ համար: Ժամը 11-ից հետո էլ քնելու ժամանակն էր, ու երբ քնած ժամանակ վերմակը վրայիցս ընկնում էր, զգում էի, թե ինչպես է իր նուրբ ձեռքերով զգուշությամբ նորից ծածկում ինձ, այնպես, որ հանկարծ չարթնանամ։

Հովիկ Վանյան

3-րդ կուրս

Կիսվել