Լույսը դեռ չի բացվել։ Հովտաշատ գյուղում տները դեռ խավարի մեջ են, սակայն այդ խավարից տեսանելի է մեկը մյուսի ետևից վառվող լապտերների լույսը։ Այդպիսի մի լույս էլ ճառագում է Ամիրխանյանների տանը։ Նազենին՝ տան հարսը, առավոտ կանուխ վառել է խոհանոցի լույսը, նստել սեղանի առջև ու իր բարակ, սակայն հողից կոշտացած ձեռքերով հաճար է մաքրում։
Առավոտները նրա համար սկսվում են ոչ թե արևի դուրս գալու, այլ անուշահամ ուտեստների պատրաստման արարողությամբ։ Այս կիրակի էլ հաճարով փլավի օրն է:
«Յուրաքանչյուր կիրակի պատրաստում եմ տղայիս ամենասիրելի ուտեստները»,-ասում է նա ու նայում խոհանոցի մի անկյունում դրված վարդերին։ Տղան է ուղարկել բանակից։
Տղային պատճառ կամ առիթ պետք չէ Նազենիին նվերներ անելու համար:
«Նա արդեն նվեր է ինձ համար, նվեր, ում աշխարհի չափ եմ սիրում»,- արցունքից փայլող աչքերով ասում է նա։
Խոհանոցում գործն ավարտին հասցնելուց հետո, անմիջապես, բակ է դուրս գալիս։ Գյուղում օրը մի քանի ժամ շուտ է սկսվում։ Շատ բան ունի անելու. պետք է հասցնել։ Մինչև բոլորը քնած են, նա արագ-արագ դույլի մեջ լցնում է հավերի համար նախատեսված կերը, անցնում տան կողքին գտնվող փոքրիկ արահետի մոտով և հասնում անասնագոմին։
Առավոտյան ժամը 6-ը հավերին կերակրելու մշտական ժամն է։ Տղան է գնել հավերին, պահել է մինչև բանակ գնալը, հիմա էլ մայրն է այս պատասխանատու աշխատանքը վերցրել իր ուսերին:
«Տղայիս համար կենդանիները մի ուրիշ աշխարհ են։ Երկու շուն ունի, որոնց մասին, հեռախոսով զրուցելիս, անպայման հարցնում է»,- ժպտալով ասում է Նազենին և ցույց տալիս շներից մեկին, որին տղան Արչի է կոչել։
Հավերին կերակրելուց անմիջապես հետո տուն է մտնում։ Ամեն առավոտ նա՝ ամուսնու և երեք աղջիկների հետ, սուրճ են խմում։ Այսօր էլ բացառություն չէ:
«Սուրճը մեր ընտանիքին դեռ վաղ առավոտյան միավորելու լավագույն պատճառն է»,-ասում է ավագ դուստրը՝ Արուսիկը։
Աղջիկներին աշխատանքի ճանապարհելիս մայրն ասում է, որ շատ ուրախ է, որ նրանք հեռու են գյուղատնտեսական գործերից, դրանք շատ բարդ են։
Նրանց տան պատուհանից երևում են բարձր ջերմատները։ Հենց այդտեղ է Նազենին օրվա գրեթե մեծ մասն անցկացնում։ Դեռ առավոտյան 8-ն է, բայց նա արդեն հագնում է իր աշխատանքային հագուստը և դուրս գալիս տնից։ Դրսում սառնություն կա, բայց Նազենին, կարծես, չի զգում։ Պատմում է, թե որ ջերմատանն ինչ են մշակում, կամ՝ ինչ են պատրաստվում մշակել։ Մտնում ենք 1-ին ջերմատուն, որի վերջը, գրեթե, չի երևում։ Նախ պետք է անել ամենադժվարը. բացել մշակաբույսերը, որոնք ջերմոցային թաղանթներով (ցելաֆոն) են ծածկված։
Այնքան մեծ եռանդով է Նազենին ամուսնու հետ բացում մշակաբույսերը, կարծես ոչ մի դժվարություն էլ չկա. «Արդեն սովորել ենք. մեր գործն է, պետք է անենք»:
Այս տարի ձմռան համար հազար, մաղադանոս, սամիթ և կոտեմ են աճեցրել։ Նազենին հերթով ցույց է տալիս մշակաբույսերը և պատմում՝ որն ինչպես են աճեցնում ու մշակում։
Երբ հարցնում եմ՝ արդյոք, բա՞րդ չէ այսքան հսկայական աշխատանք կատարելն այն դեպքում, երբ ամեն ինչ ինքն ու ամուսինն են անում, նա գլխով դրական շարժում է անում.
«Բարդություններ կան ամեն տեղ։ Այս աշխատանքն էլ է շատ բարդ, բայց արդյունքի հասնելու համար պետք է անել ամեն բան»:
Լույսը արդեն բացվել է, արևը ջերմացրել է օրը։ Նազենին հագել է իր սև ձեռնոցները։ Հազար քաղելու հերթն է։ Պետք է հասցնել քաղել և կապել 200 կապ հազար, որոնք ամուսինը կլվա և գիշերը կտանի շուկա։ Քաղում է հազարները և ասում, որ այս տարվա բերքը շատ փարթամ է և առատ։ Նրա խոսքով, եթե իր մշակած հազարը դնենք 10 այլ հազարների կողքին, նա անմիջապես կճանաչի՝ որն է իր աճեցրածը.
«Բույսը նույնպես լեզու ունի, և յուրաքանչյուր մարդ պետք է խոսի բույսի հետ, խնդրի կամ համոզի, որ այն առատ բերք տա, և ես վստահեցնում եմ, որ բույսը անպայման կլսի նրան»:
Նազենին համոզված է, որ գյուղի կյանքը քաղաքի կյանքից լիովին տարբերվում է. իր փորձից է ասում։ Ծնվել և մեծացել է Երևանում, սակայն ամուսնանալուց հետո եկել է գյուղ և հենց սկզբից էլ գյուղատնտեսական աշխատանքներ արել.
«Եթե քաղաքում կամ այլ տեղ աշխատում ես և օրական կամ ամսական ստանում ես աշխատավարձ, ապա գյուղում ապրող մարդկանց եկամուտը կախված է միայն բույսից»:
Հարցին՝ կլքե՞ր Նազենին գյուղը, եթե հնարավորություն լիներ, պատասխանում է, որ հնարավորությունը միշտ էլ կա, սակայն չկա ցանկություն.
«Եթե բոլորս լքենք գյուղը և վազենք թվացյալ հեշտ կյանքի հետևից, ապա վաղ թե ուշ կկորցնենք մեր հայրենիքը, չէ՞ որ հայրենիքը ամուր կապերով կապված է գյուղից»:
Ջերմատանը աշխատանքն ավարտում է, երբ արևը վաղուց մայր մտած է լինում։ Նազենին արևից վաղ է արթնանում և անցնում գործի, իսկ տուն էլ մտնում է արևի գնալուց հետո:
Մտնում է տուն, արագ լվացվում, փոխում հագուստը, բայց դեռ հանգստանալու ժամանակը չէ։ Պետք է կրկին համեղ ուտեստ պատրաստել ընտանեկան ընթրիքի համար։ Նազենին չի հոգնում աշխատանքից. եթե անելու ոչինչ չունենար, ավելի կհոգներ։
Երեկոյան ընտանիքի բոլոր անդամները հավաքվում են մեկ հարկի տակ։ Նազենին սիրում է օրվա այս ժամը, երբ բոլորը միասին են։ Այս ժամը նաև նրա մտածելու ժամանակահատվածն է։ Նա նոր է հասկացել, որ գյուղում կյանքը միշտ նույն կերպ է ընթանում, կարծես մի անիվ լինի, որն անընդհատ պտտվում է նույն կետի շուրջ և նույն տեղը վերադառնում։
Քրիստինե Թորոսյան
2-րդ կուրս