Տանը կպած ջերմոցից՝ հենց տան դիմաց վաճառվող բերք

Տանը կպած ջերմոցից՝ հենց տան դիմաց վաճառվող բերք

1003

Ասում են՝ երբ կա գումարի խնդիր, անում ես ամեն հնարավոր բան ընտանիքդ պահելու համար։ Չորս տարի առաջ այս խնդրին էր բախվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Տերենտ Հակոբյանը։ Երկու համալսարան ավարտած Տերենտը որոշել է ստեղծել գյուղատնտեսական փոքր բիզնես ընտանիքի հոգսը թեթևացնելու համար։ Այսօր նա ապրում ու վայելում է իր ստեղծածը։ 17000 դոլարի ներդրում է արել, բայց  արդյունքը սպասվածից լավ է։ Լոլիկ, վարունգ` բիզնես նպատակներով, բողկ, սամիթ, կոտեմ, համեմ, պղպեղ` տան համար։

«Գյուղում մարդիկ կան, որ ավելի մեծ ջերմոցներ ունեն, բայց ես ու ընտանիքիս անդամները մեր ունեցածով բավարարվում ենք։ Հարսս, տղաս օգնում են։ Ես ջերմոցից գրեթե դուրս չեմ գալիս։ Շատ պատասխանատու գործ է։ Եթե սկսել ես, պետք է գիտակցես, որ հանգիստդ քիչ է լինելու»,- պատմում է Տերենտը։

Սկզբում բարեկամներն ու գրքերն են օգնել, իսկ հիմա անգիր գիտի` ինչ անի և ինչպես անի։ Գյուղատնտեսներին էլ դիմում է միայն բույսերի լուրջ հիվանդանալու ժամանակ։  «Պետք է շատ ուշադիր լինես, որովհետև մի սխալ քայլդ մի ամբողջ պաշար բերք կարող է ոչնչացնել։ Օրինակ՝ երբ  վարունգը  հիվանդանում է, բուժելը շատ դժվար է լինում, լոլիկը ավելի հեշտ է ապաքինվում, բայց հիվանդության մի տեսակ կա, որից լոլիկի տերևները սևանում են, մլակներն էլ էնքան են շատանում, որ լցվում են քիթդ ու բերանդ։ Հետո էդ լոլիկը դեֆորմացվում է,- պատմում է։ -Ջերմոցում Այգյա հատուկ մշակված սերմի լոլիկ է աճում։ Հայաստանում հազվադեպ հանդիպող սերմ է։ Քմահաճ բույս է, և արդյունք ունենալու համար ամեն վայրկյանը պետք է օգտագործել», – ասում է գյուղատնտեսն ու ժամանակ չկորցնելու համար և՛ իմ հարցերին է պատասխանում, և՛ աշխատում է։

Ամեն օր կտրում է լոլիկի տերևները, հետո փաթաթում մինչև առաստաղ ձգված պարանին այնքան ժամանակ, մինչև բույսը մեծանում է ու առաստաղից դուրս գալիս. այսպես ամեն տարի։  

Բույսերին մանկան խնամք է պետք։ Ամեն մթերք իր մշակման ձևն ունի։ Այդ է պատճառը, որ մեկ ջերմոցում մեկ տեսակի մթերք կարելի է մշակել․ «Վարունգի աճեցման համար ուրիշ ջերմաստիճան ու եղանակ է պետք։ Համ էլ վարունգը տնկում ենք, 40 օր հետո հավաքում։ Լոլիկի համար էլ լրիվ ուրիշ պայմաններ են պետք։ Լոլիկը տնկում ենք, երեք ամիս հետո նոր հավաքում։ Բիբարը միանգամայն տարբեր խնամք է պահանջում։ Դրա մշակումը շատ ավելի դժվար է»։  

Բույսերի փոշոտման մասին էլ խոսեց։ Պատմեց, որ երկու տարի փոշոտումը կատարել են մեղուների միջոցով, բայց հետո հասկացել են, որ մեղուները լավ չեն աշխատում, գործը կիսատ են թողնում։ Հիմա ձեռքով են անում փոշոտումը։ Արդյունքն ավելի լավն է։ Ջուրն էլ հատուկ համակարգով ոռոգում է բույսը կաթիլ-կաթիլ` ճիշտ քանակությամբ։ «Ջերմաստիճանը միշտ պետք է ճիշտ աստիճանի վրա լինի, խոնավությունը` նույնպես։ Գիշերը տաքացուցիչները միացնում ենք, մինչև 40 աստիճան հասնում է, առավոտ իջեցնում ենք աստիճանը։ Ամռանը միայն առավոտ շուտ ու երեկոյան ենք մտնում, ցերեկը չես կարող մտնել, ուժասպառ կլինես»,- իր գործի նրբություններն է թվարկում զրուցակիցս։ Փետրվարի 27-ն էր, բայց, հավատացնում եմ` այնքան շոգ էր, որ հազիվ էի դիմանում։

«Գյուղատնետեսական բիզնես ստեղծելու համար շատ բան պետք չէ, – ասում է Տերենտ Հակոբյանը․ – կարևորը հավատաս, որ ամեն ինչ լավ կլինի։ Եթե աշխատասեր ես, ամեն ինչ կստացվի»։

Ջերմոցը մեծացնելու միտք չունի։ Իրենց ապրուստի համար հերիքում է։ «Առողջական խնդիրներ ունեմ։ Լավ է, որ ջերմոցը տանը կպած է։ Երբ հոգնում եմ, գնում եմ հանգստանալու»,- պատմում է գյուղատնտեսը։ Ստացած բերքը տան դիմաց մի քանի րոպեում վաճառվում է։ Հաճախ մթերային շուկա տալու համար ոչինչ չի մնում։

Վերջում խնդրեցի գյուղատնտեսական բիզնես սկսել ցանկացողներին խորհուրդ տալ։ Ասաց, որ ամենակարևորը պատասխանատվությունն է։ Եթե պատասխանատու ու աշխատասեր ես, քեզ ոչինչ չի կանգնեցնի։

Օֆելյա Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել