Քասաղ գետը՝ երջանիկ օրերի վկան

Քասաղ գետը՝ երջանիկ օրերի վկան

754

Ռոմանն ու Նարեն հանդիպում էին, գաղտնի: Նարեն սկզբում դժվարությամբ էր համաձայնում հանդիպման գնալ, բայց երկար համոզելուց հետո հանձնվում էր: Ռոմանի սիրտն այդ պահերին զարկում էր ճիշտ այնպես, ինչպես փոքրիկ ձկնիկներն էին գետից դուրս նետվում ու հետ շպրտվում շտապ հոսող ջրերի մեջ:

Գետը վազում էր՝ հակառակ սիրահարների անշտապ զբոսանքին: Քարքարոտ ու, երբեմն-երբեմն, զայրացող Քասաղ գետը, երնջատափցի Ռոմանին հիշեցնում էր սիրելիի երկար գանգուրները:

Հիմա Ռոման ու Նարեն պապիկ ու տատիկ են, բայց մինչ օրս նույն հուզմունքով են հետևում գետի վազքին, որը հիշեցնում է իրենց պատանեկան թրթիռներն ու առաջին հանդիպումները:

«Մի երկու անգամ փոքրիկ ձկներ եմ բռնել ու նվիրել Նարեին: Հիշում եմ՝ ձկներից մեկի անունը Քասաղիկ էինք դրել: Լավ ժամանակներ էին, է՜հ»,- պատմում է Ռոման պապը:

Մարատ պապի լավագույն հիշողություններն էլ են կապված Քասաղ գետի հետ: Դեռ մանկուց ընկերների հետ միասին թաքուն փախչում էին տնից ու գնում լողալու կամ  ձուկ որսալու: Գետն այն ժամանակ հարուստ էր տեսակ-տեսակ ձկներով, ու գյուղացիները հաճախ էին այստեղ ձուկ որսալու գալիս:

«Քասաղի տաք-տաք ջրերում ձուկ էինք բռնում, խորովում, համով-համով ուտում: Երեխա էինք, ամեն ինչ պարզ էր, մաքուր, ինչպես Քասաղիս ջրերն էին»,-ասում է նա:

«Հիշում եմ Վարդավառի տոնը, երբ թաղի ջահելներով իջնում էինք գետի ջրերն ու ջրոցի խաղում: Քասաղը Վարդավառին շատ ջրառատ էր դառնում, ջուրը այնքա՜ն շատ էր»,- ավելացնում է Մարատ պապի ընկերը՝ Ռազմիկ պապը:

Քասաղ գետը սկիզբ է առնում Փամբակի լեռներից՝ ավելի քան 3000 մետր բարձրությունից: Մոտ 89 կմ երկարություն ունեցող այս ծերուկի ակունքները երեք գետակներ են, որոնցից ձախ օժանդակը Քարաղբյուրն է, աջակողմյան մյուս երկուսը՝ Դազքենդն ու Ծաղկահովիտը: Վերին հոսանքում այն դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է ջրառատ ու արագահոս։ Վերին հոսանքի շրջանում գետի հունը մոտ 8 ամիս ցամաքում է։ Մշտական հոսք ունի սկսած Ապարանից, որտեղ դրա մեջ են թափվում հորդառատ աղբյուրներից գոյացած մի քանի ջրառատ գետակներ։

Գետի ջրերն ամբարվում են Ապարանի ջրամբարում և օգտագործվում ոռոգման նպատակով։ Գլխավոր վտակները Գեղարոտը, Շաղվարդը և Ամբերդն են: Քասաղը տարբեր ժամանակներում հայտնի է եղել տարբեր անուններով՝ Ապարան, Խարգախ, Կասսախ, Կարբվո ջուր, Ղազախ, Վաղարշապատի գետ, Քսաղ և այլն:

Այսօր Քասաղը, կարծես թե, մի փոքր այլ է, ծերացած: Նրա խենթ ջրերն, այլևս, առաջվա պես չեն զարկվում այս ու այն կողմ. գետի հոսքը ցամաքել է: Տեսակ-տեսակ ձկները առաջվա պես չեն ապրում գետի ջրերում, երիտասարդներն առաջվա պես չեն վազում դրա գիրկը՝ լողալու…Սակայն, որքան էլ Քասաղը ցամաքած լինի, որքան էլ մի փոքր լքված ու միայնակ, նա նույն Քասաղն է՝ յուրաքանչյուրի տաք հիշողությունների վկան:

Սաթենիկ Խալաթյան

2-րդ կուրս

Կիսվել