Ծնունդով ալավերդցի արձակագիր Լևոն Ջավախյանին հաճախ կարելի է տեսնել Վերնիսաժում՝արծաթե փոքրիկ սեղանի կողքին։
Օրեր առաջ, երբ նրան հանդիպեցինք, նա փոքրիկ դրվագ պատմեց, որը տեղի էր ունեցել առավոտյան և հետագայում պետք է պատմվածքի սկիզբ դառնար։ Մայիսի 10-ին լույս տեսավ նրա պատմվածքներից ևս մեկը՝ «Հորս երջանկությունը»։
«Հորս մասին պատմվածք գրելու միտքը վաղուց կար, դրդող ուժ էր պետք։ Պատճառը եղավ իմ երազը, որ տեսել էի։ Առավոտյան էլ մի աղջիկ մոտեցավ, գողություն էր ուզում անել, սակայն իր գռեհիկ պահվածքից միանգամից զգացի, որ գող է»։
Իր խոսքով, երբ մարդ է մոտենում սեղանին` միանգամից երեք բան է մտքով անցնում։ Առաջին ՝գո՞ղ է, թե՞ գող չէ, երկրորդ ՝առնող է, թե՞ չառնող, երրորդ՝ եթե առնող է, ապա ի՞նչ գին ասեմ։
«Նրան ասեցի, որ ձեռքը բացի, ի՞նչ տեսնեմ, մի ամբողջ կոմպլեկտ է ձեռքի մեջ»։
Փողի առաջ խաղ չկա, այնտեղ, որտեղ փող կա, մարդկանց աչքերը կուրանում են, ականջներն էլ՝ խլանում։
«Հայրս ինձ փրկեց նրանից (եթե նրան երազումս տեսած չլինեի, միգուցե ամեն ինչ ուրիշ կերպ լիներ)։ Սա է պատճառը, որ որոշեցի հորս մասին էլ գրել»։
«Իմ հերը մի քիչ ջղային մարդ էր, կռվարար, բայց մաքուր ու ազնիվ էր։ Բա արժանի չէ՞ր, որ մի պատմվածք էլ իր մասին գրեի»։
Իր պատմվածքների սիրելի ու փայփայած կերպար շարունակում է համարել մորը։
«Որտեղ ծնողներիս մասին եմ գրում, էնտեղ ինձ հասնողը չկա»։
Ստեղծագործական նոր պլանների մասին ասեց հետևյալը.
«Վերնիսաժում նստած ամեն օր մտածում եմ առևտուր անելու ու տունս պահելու մասին, եթե առևտրի մեջ էլ մի դրվագ լինի, որ կարողանամ իրար միացնեմ ու մի պատմվածք դուրս գա, էդ էլ փառք Աստծո»։
Մարիամ Ալոյան
5-րդ կուրս