Սահմանների բացումը սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն

Սահմանների բացումը սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն

811

Թուրքիայի հետ սահմանների բացման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում է, և այս իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջ քաշում, այդ թվում՝ տնտեսական:

Բացելով հայ-թուրքական սահմանները՝ Հայաստանի տնտեսությունն աշխուժանալո՞ւ է, թե՞ դա կարող է նոր սպառնալիքներ ծնել Հայաստանի տնտեսության համար: 

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2020թ. նոյեմբերի 28-ին  հայտարարել էր, որ «սահմանների բացումը ընձեռելու է լայն հնարավորություններ, մեր «էքսպորտյորները» կարող են ապրանքը արտահանել Ռուսաստան կամ այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում, բացվելու են թուրքական «պորտերը» և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ»։ 

«Միգուցե բացվի ադրբեջանական շուկան մեզ համար և մեր շուկան՝ Ադրբեջանի համար»,-ասել էր Քերոբյանը:

Քաղաքական կարճատեսության վտանգը

Արդյոք, նման նախագիծը իրատեսակա՞ն է և այդքան շահավետ մեր տնտեսության համար: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, որ Վահան Քերոբյանի այս հայտարարությունը հակասում է Հայաստանի կառավարության՝ Թուրքիայի հետ  սահմանների փակման  որոշմանը:

2020 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարությունն ընդունել էր որոշում թուրքական ապրանքների ներկրման արգելքի մասին, ըստ որի՝ 2021 թվականի հունվարի 1-ից չէր թույլատրվում թուրքական ապրանքների ներկրումը: Արգելվել էր ներկրել վերջնական սպառման ապրանքներ, իսկ ինչ վերաբերում է հումքին, ապա հումքն այսօր էլ կարող է ներկրվել։ 2020 թվականի ընթացքում Թուրքիայից Հայաստան  տարեկան ներկրվել է շուրջ 227 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, որը 2019 թվականի համեմատ 15%-ով ավելի քիչ է։ Սրա վրա ազդել է կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը և Արցախյան պատերազմը, որի ընթացքում մարդիկ բոյկոտում էին թուրքական ապրանքները: Մարդիկ, առանց իրավական սահմանափակումների, իրենց քաղաքացիական պարտքն էին համարել հրաժարվել թուրքական ապրանքներից։ Կառավարության որոշումն ուժի մեջ էր մտել 2021 թվականի հունվարի 1-ից, և այդ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Թուրքիայից ներկրվել էր շուրջ 22,4 մլն ԱՄՆ դոլարի ապրանք.  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էր 70%-ով։

«Մենք կարող ենք ասել, որ պաշտոնական թվերով Թուրքիայից ապրանքների ներկրումը էականորեն նվազել է։ Բայց իրականության մեջ այլ է իրավիճակը»,-ասում է Սուրեն Պարսյանը։ Չնայած արգելվել էր Թուրքիայից Հայաստան ներկրել վերջնական սպառման ապրանքներ՝ օրինակ հագուստ, սարքավորումներ, այդ ամենը Հայաստանում կա։ Ապրանքները ներկրվում են այլ երկրների կամ այլ ապրանքի անվան տակ: Ինչի արդյունքում մեր շուկան լի է թուրքական ապրանքներով:  

Ներմուծման արգելքը էականորեն չի ազդել թուրքական ապրանքների վաճառքի ծավալների վրա։ Կառավարությունն այս որոշմամբ նպատակ ուներ տնտեսական որոշակի սահմանափակումներ կամ սանկցիաներ կիրառել Թուրքիայի դեմ, որը, ըստ էության, չի գործում: Թուրքական ապրանքները դարձյալ գալիս են Հայաստան և Հայաստանից գումարները դարձյալ գնում են Թուրքիա։ Դա իրականացվում է երրորդ երկրների միջոցով։ Օրինակ ապրանքները ներկրում են Վրաստան կամ Ռուսաստան, այնտեղ պիտակները հեռացվում են և ներկրվում Հայաստան։ 

Թուրքական ապրանքների արգելքի պայմաններում տեղի է ունեցել Թուրքիայից ապրանքների ներմուծման մոնոպոլացում: Եթե նախկինում հազարավոր մարդիկ կարողանում էին Թուրքիայից հագուստ բերել և վերավաճառել Հայաստանում, հիմա դա կարողանում են անել մի քանի խոշոր տնտեսվարողներ։ Նրանք իրենց ատևտրի կենտրոններում բացել են խոշոր պահեստներ, իսկ մանրածախ վաճառողները նրանցից են այդ ներկրված ապրանքները գնում և վերավաճառում։

Կառավարությունը, փաստացի, իր ընդունած որոշումը չի կատարում. նա աչք է փակում կամ չի կարողանում վերահսկել թուրքական ապրանքների ներկրումը: Իսկ ինչո՞ւ է այդպես:

«Կառավարությանը ևս ձեռնտու չէ դա, որովհետև այն չի կարողացել ապահովել այլընտրանքային ներմուծումներ, այսինքն թուրքական հագուստի կամ թուրքական սարքավորման այլընտրանքային ներմուծման հնարավորություն չի ստեղծել, կլինի Իրանից, Չինաստանից, թե որևէ այլ երկրից»,- ասում է տնտեսագետը։

Սահմանների փակման հետևանքով կբարձրանար հագուստի գինը, որը կդառնար   լրացուցիչ սոցիալական սրացման առիթ։ Չփակելով սահմանները՝ Կառավարությունը լուծել է նաև հասարակական բողոքի զսպման հարցը։ Ստացվում է՝ Հայաստանը սանկցիաներ է կիրառում Թուրքիայի նկատմամբ, միաժամանակ ակնկալելով, որ թուրքական նավահանգիստները կամ թուրքական տնտեսությունը օգնեն Հայաստանին զարգանալ. սա դառնում է անտրամաբանական շղթա։ Բացի այդ, մեր տարածաշրջանում տնտեսական նախագծերը կոչված են սպասարկել քաղաքական նպատակներին։ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված չեն, որ Հայաստանը տնտեսապես զարգանա։ Նրանց հետաքրքրում է, որ Հայաստանում տնտեսությունը շատ թույլ ենթակառուցվածքներ ունենա։ Հետևաբար, մենք մեր տնտեսական զարգացումը չենք կարող կապել այս երկրների հետ։ 

Տնտեսագետն ասում է, որ  եթե մենք փորձում ենք մեր տնտեսական քաղաքականությունը կառուցել Ադրբեջանի, Թուրքիայի բարիդրացիական կապերի վրա, դա կարճատեսություն կամ ինքնախաբեություն է։ Մենք պետք է հասկանանք, որ այս երկրները մեր նկատմամբ թշնամական են տրամադրված և տնտեսական հարաբերություններ չեն կարող զարգանալ այս մթնոլորտում:

Ոգևորությունից հիասթափություն

«Ես էլ ցանկանում էի հագուստի սրահ բացել, որտեղ կվաճառվեի իմ կարած հագուստ»,- ասում է հագուստի մոդելավորող Սվետան:

Նա խոստովանում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը դարձավ իր և տեղական արտադրողների ոգևորության պատճառը։ Որոշումը ենթադրում էր, որ նրանք կկարողանային իրենց արտադրությունները զարգացնել, ընդլայնել, մեծացնել սպառումը, քանի որ թուրքական ապրանքները չէին ներկրվի։ Այս ոգևորությունը կարճ տևեց. թուրքական ապրանքները կան Հայաստանում: Նրանք, եթե պլանավորել էին ընդլայնել իրենց տնտեսական գործունեությունը, նոր սարքավորումներ բերել, նոր աշխատատեղեր ստեղծել, ապա հրաժարվել են այդ մտքից, քանի որ ուղղակի չեն կարող մրցակցել թուրքական ապրանքների հետ։

«Այնտեղ մասշտաբը ավելի մեծ է, քան մեզ մոտ, էներգակիրների գներն ավելի էժան են, պետությունը շատ աջակցության ծրագրեր է տրամադրում արտադրողներին և արտահանողներին»,- ասում է Սուրեն Պարսյանը։

Բացե՞լ սահմանները, թե՞ ոչ

2022 թվականի հունվարի 19-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում աել էր, որ սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան սահմանի փակ լինելը. «Կարծում եմ` դա անվիճելի է։ Այն տնտեսական ակտիվությունը և այն առևտրաշրջանառությունը, որ լինում է բաց սահմանների պարագայում, չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»:

Մենք չենք կարող դեմ լինել սահմանների բացման գաղափարին, քանի որ յուրաքանչյուր երկրի համար կարևոր է այլընտրանքային ճանապարհ ունենալը։ 

Տնտեսության ոլորտների մասով խորը վերլուծությունների, ուսումնասիրությունների կարիք կա: Առկա է նաև անվտանգության հարց. եթե օրինակ նոյեմբերի 9-ի համաձայնագրով արձանագրված է, որ ռուսական կողմը ստանձնում է անվտանգության երաշխիքը, ապա որևիցե երաշխիք կամ փաստաթուղթ չկա, թե ով է վերահսկելու Ադրբեջանի տարածքով հայկական բեռների կամ ուղևորների շարժը։ Այստեղ կան լուրջ և խորքային խնդիրներ, որոնք մի քանի ամսում լուծելու հարց չեն։

Ի՞նչ է սպասվում գյուղացուն և գյուղատնտեսությանը

«Մեր ապրուստի միակ միջոցը էս բերքն ու բարիքն է: Եթե թուրքական ապրանքը բերեցին, լցրին մեր շուկա, և մենք չկարողացանք իրացնել բերքը, ասա կորած ենք»,- ասում է Գուրգենը, ով 30 տարուց ավելի զբաղվում է հողագործությամբ: Բանն այն է, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի գյուղմթերքը բավական էժան է, քան հայկականը: Մասնավորապես, Ադրբեջանի դեպքում նավթից և գազից հետո 2-րդ խոշոր խմբի մեջ մտնում է գյուղմթերքը:

«Գյուղատնտեսությունը կկանգնի լուրջ վտանգի առջև, իսկ գյուղացին չի կարողանա վաճառել իր ապրանքը այնպիսի գնով, որ գոնե օգուտ ստանա»,- ասում է գյուղատնտես Արմեն Համբարձումյանը:

Մեհմանդարի և Երևանի Գումի շուկաներում աշխատող գյուղաբնակ 50 մարդկանցից 45-ը, որ մասնակցել են մեր հարզախույզին, դեմ են արտահայտվել սահմանները բացելու որոշմանը: Նրանք մի քանի խնդիր են առաջ քաշում՝ հայկական ապրանքի մրցունակ լինելը, թշնամի երկրից ներմուծումը, սննդային անվանգությունը:

«Իսկ մեր ու մեր երեխաների անվտանգությու՞նը, ինչ իմանաս ինչ պարարտանյութեր են տալիս իրենց բերքին»,- ասում է Ազատաշեն համայնքի բնակիչ Կարենը:

Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով՝ Թուրքիայի սահմանի բացման դեպքում ՀՀ գյուղատնտեսության որոշ ճյուղեր կաթվածահար կլինեն.

«Մասնավորապես, ջերմատնային տնտեսությունը և բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությունը, որովհետև Թուրքիայում բավական ցածր ինքնարժեքով են արտադրվում դրանք», ասում է Հարություն Մնացականյանը և նշում, որ սահմանների բացման դեպքում, կտուժեն նաեւ տեքստիլի ոլորտը և թեթև արդյունաբերությունը:

Հովտաշատ գյուղի բնակիչ Գագիկն ավելի պատկերավոր է նկարագրում սպասվող իրավիճակը.

«Հիմա կանաչին, որ 30 դրամով ենք վաճառում, էտ որոշումը ընդունելուց  հետո թափելու ենք: Ես գյուղաբնակ մարդկանց անունից խնդրում եմ, որ որոշումը կայացնելուց առաջ Կառավարությունը չմոռանա գյուղացու մասին»:

Հարցման մասնակիցներից հինգը ճիշտ են համարել սահմանների բացման որոշումը: Նրանք վերավաճառողներ են, որոնք տվյալ դեպքում ապրանքն առաջին ձեռքից ավելի էժան գնելու մեծ հնարավորություն կունենան: Այս հարցը, նույնիսկ, վիճաբանության առիթ էր. գյուղացիներն ասում են, որ իրենց ընդհանրապես ձեռնտու չէ թուրքական ապրանքների ներկրումը: 

«Թուրքից ապրանք ես առնում, թուրքը հարստանում է, պատերազմի ժամանակ էլ հարուստ զինամթերքով է դուրս գալիս մեր դեմ: Ուրեմն թուրքից առավել հայն է իր թշնամին»,-ասում է Ջրառատ գյուղի բնակիչ Հովհաննեսը:

Հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է այս երկընտրանքի լուծման ճիշտ ուղին: Խնդիրները բազմաթիվ և խորքային են, իսկ լուծումը լուրջ վերլուծություն ու համակարգված մոտեցում է պահանջում: 

Քրիստինե Թորոսյան

2-րդ կուրս

Կիսվել