Կենցաղային ու թեթև խնդիրների պատճառով էին հիմնականում մեր վեճերը. երբեմն սկեսրոջս հետ, երբեմն` ամուսնուս։ Երբ մի բան դուրը չէր գալիս, ձեռք էր բարձրացնում վրաս, բայց մտածում էի՝ պետք չէ մեկ անգամ, երկու անգամ խփելուց պատմություն սարքել։ Հասկանում էի` ընտանիք է, ամեն ինչ էլ հնարավոր է լինի, հարմարվել եմ, ապրել եմ, բայց պահ է գալիս, որ համբերության բաժակը լցվում է:
Անահիտն իր նախկին ամուսնու հետ ծանոթացել է 2006 թվականին, երբ աշխատում էին միասին։ Համակրել են միմյանց և որոշել միասին ապրել։ Ամուսնությունն առանց ավելորդ ճոխության են նշել։ Երեք տարի անց ծնվել է երեխան, ուրախությամբ լցրել ընտանիքի կյանքը։ Գնել են սեփական տունն ու տեղափոխվել այնտեղ` սկսեսրոջ հետ։ Սկզբում ամեն ինչ կարգին էր, բայց այդ կարգինը միայն սկզբում էր:
Ընտանեկան բռնությունը կամ զուգընկերոջ կողմից բռնությունը, ինչպես նշում են մասնագետները, պատճառվում է ցածր ինքնագնահատական ունեցող որոշ մարդկանց կողմից, որոնք ունեն շատ կարծրատիպային համոզմունքներ, որոնք կարծում են, որ իրավունք ունեն վերահսկել իրենց զուգընկերոջը, և որ կանայք հավասար չեն տղամարդկանց: Շատ քիչ դեպքերում նրանք ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Մյուսները սովորում են այս բռնի պահվածքն իրենց ընտանիքներից, քանի որ դա տեսել են իրենց ծնողների հարաբերություններում:
Ամուսնական կյանքում նահապետական, կարծրացած ավանդույթները տղամարդկանց սովորեցնում են լինել կնոջ տերը, կանանց` ամուսիններին հնազանդը։ Կանանց նաև սովորեցնում են, որ իրենց ամենակարևոր դերը հասարակության մեջ «օջախ պահողի» կամ ընտանիքի ու տան հոգսը տանողի դերն է։ Սա տղամարդկանց օժտում է ընտանիքում, այդ թվում՝ կանանց նկատմամբ, վերահսկողի և որոշումներ կայացնողի բացառիկ իշխանությամբ, իսկ կանանց արժեքը բացառապես կապվում է տան հետ, տնային տնտեսուհի լինելու հետ։ Կանանց սովորեցնում են լինել ձայնազուրկ, ոմանց՝ նույնիսկ ներշնչում, որ նորմալ է, երբ տղամարդիկ իրենց չենթարկվող կանանց ծեծում են։ Վերահսկող վարքագիծը ձեռք է բերվում շատ ավելի փոքր տարիքից, երբ նահապետական ընտանիքներում տղաներից ակնկալվում է վերահսկել իրենց քույրերին, նույնիսկ` մայրերին։ Տղաներին օժտում են բոլոր իրավունքներով ու սովորեցնում իշխանություն բանեցնել։
Պակաս տարածված չէ կարծիքը, թե ամուսինը, երբեմն, կարող է կնոջը ծեծել, եթե «նա չափն անցնում է»։ Այսինքն` բռնությունն, ըստ նահապետական ավանդույթների, թույլատրելի մի բան է։
Այս ամենի պատճառ է նաև հայաստանյան ընտանիքներում խարսխված գենդերային կարծրատիպերը։
Ամուսնությունից հետո, երբ կանայք տեղափոխվում են ամուսինների տուն, եւ եթե գործադրվում է բռնություն, այն ավելի է բարձրացնում կնոջ խոցելիությունը, քանի որ նա գտնվում է իր համար նոր վայրում, որտեղ բոլորն աջակցում են բռնարարին, իսկ ինքը մեկուսացված է իր մտերիմներից ու ընկերներից։ Երբեմն էլ, մտերիմներն ուղղակի չեն խառնվում իրենց աղջկա ընտանիքի խնդիրներին։
Ամուսնալուծությունը կամ ընտանիքը թողնելն էլ ամոթ է համարվում, նույնիսկ ընտանեկան անձնական խնդիրներն ընտանիքից դուրս քննարկելն է ամոթ, որի պատճառով բռնության ենթարկված անձինք վարանում են օգնություն փնտրել նույնիսկ ամենալուրջ իրավիճակներում։
Ընտանեկան` ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկված Անահիտը չէր ցանկանում, որ փոքր խնդիրների պատճառով ծագած վեճերը, քաշքշուկները և նախկին ամուսնու բռնությունները բաժանության պատճառ դառնան։ Բայց, երբ աղջիկը 4 տարեկան էր, վերջապես որոշեց թողնել ամուսնուն։ Թվում էր, թե վերջ տրվեցին բռնություններին և հոգեկան ճնշումներին, բայց մեջտեղ եկավ ընտանիքը վերականգնելու փորձը։ Փորձն անհաջող էր, որովհետև ամեն ինչ նույնն էր։ Մոտ 7 տարվա ամուսնությունից հետո՝ զույգը վերջնական որոշեց ամուսնալուծվել։
Անահիտը որոշեց վերջ տալ տարիների ստորացմանն ու բռնությանը, բայց նրա ներկա վիճակն էլ պակաս բարդ չէ։ Ամուսնալուծությունից հետո՝ մինչ օրս, ամեն ինչ ավելի է բարդացել, քանի որ նախկին ամուսինը հիմա էլ երեխային օգտագործելով է ցանկանում վրեժ լուծել կնոջից ու բաժանել է մորն ու աղջկան։
Ամուսնալուծությունից հետո երեխան մոտ 3 տարի Անահիտի հետ էր ապրում։ Անահիտը չէր խոչընդոտել երեխայի և նախկին ամուսնու շփումներին։ Երեխան, ժամանակ առ ժամանակ, չէր ցանկանում գնալ հոր տուն, քանի որ հոր կողքին ուրիշ կին կար։ Ամուսնացած չէին, բայց միասին էին ապրում, և այդ ամենը երեխան չէր ընդունում։
«Երեխան անհանգիստ վիճակում էր։ Ես ասացի` գիշերը չմնա, նեղվում է։ Դատարանը տեսակցության հնարավորությունն ամրագրող որոշում էր ընդունել՝ շաբաթական 2 օր։ Մինչև որոշումն էլ նրանք լավ շփվում էին, կապը կար, ես դեմ չէի, ուղղակի իր անշնորհք պահվածքից հետո, որոշեցի սահմանափակել այցերը։ Մի օր երեխային տարավ ու մինչև հիմա էլ չեմ տեսել փոքրիկիս»,- պատմում է Անահիտը։
2020 թվականի մարտ ամսին, երբ համավարակը նոր էր սկսվել, տեսակցություններից մեկի ժամանակ` երեկոյան, նախկին ամուսինը զանգահարել է Անահիտին ու ասել, որ երեխային այդ օրը չի թողնի վերադառնա` պատճառաբանելով, որ, միևնույն է, չի աշխատում և կարող է խնամել նրան (համավարակի պատճառով նախկին ամուսնու աշխատավայրը փակվել էր, իսկ Անահիտը դեռ աշխատում էր)։
Անահիտը, մտածելով երեխայի առողջության մասին, համաձայնվել է, որ երեխան մի քանի օր անցկացնի հոր տանը։ Անհանգստանում էր այն պատճառով, որ նախորդ տարի էր դուստրը թոքաբորբից բուժվել։ Անահիտը համբերել էր մեկ շաբաթ, ապա խնդրել, որ նախկին ամուսինը վերադարձնի դստերը, բայց մեկ շաբաթը դարձել էր մեկ ամիս։ Անահիտը դստեր հետ տեսազանգով զրուցում էր, շփվում։ Կարոտել էր աղջկան ու դուստրը հավաստիացնում էր, որ շուտով կվերադառնա, բայց նախկին ամուսինը կտրականապես մերժել է Անահիտի` երեխային վերադարձնելու խնդրանքը։ Տեսազանգերն ու հեռախոսազանգերը, նույնպես, ընդհատվել են, իսկ դուստրը՝ սառել մոր նկատմամբ։
Ենթադրյալ բռնարար ամուսինը, պարբերաբար, դստերը տրամադրել է մոր դեմ, ինչը հանգեցրել է երեխայի ոչ դրական ու սառը վերաբերմունքին։ Արդեն երկու տարի է անցել, և դեռևս Անահիտի հեռախոսազանգերն անպատասխան են մնում:
Ուժեղ ու անկոտրում է Անահիտը, քանի որ մինչ օրս, տարբեր պետական մարմինների դիմելով, շարունակում է պայքարել իր ամենաարժեքավոր՝ մայրական իրավունքի համար։
«Ժեստ» հոգեբանական և անձի զարգացման կենտրոն երեխայի այցելությունների արդյունքում հոգեբանները եկել են այն եզրակացության, որ երեխան արդեն որոշ չափով գտնվում է հոր ազդեցության տակ։
«Ասում է այն, ինչ հայրն է նրան ասում, հոր ներկայությամբ վախենում է խոսել, էմոցիոնալ է ու զգաստ։ Հոգեբանների հետ ես ևս հանդիպել եմ, բոլոր փուլերով անցել ենք։ Հարկադիր կատարողական մարմնի ու հոգեբարձուների հետ, նույնիսկ, մի քանի անգամ նրանց տուն ենք գնացել, բայց դուռը չեն բացել»,- պատմում է Անահիտը։
Արդեն երկու տարի շարունակվում է դատական գործընթացնը, ոստիկանական տարբեր բաժիններին, նույնիսկ` մարդու իրավունքների պաշտպանին և այլ պետական կառույցներին է դիմել Անահիտը։ Սակայն այս կառույցներն էլ չեն կարողանում աջակցել և տեսակցություն կազմակերպել մոր և դստեր միջև։ Պատճառաբանում են` երեխան չի ցանկանում ու վերջ։
Նախկին ամուսինը Անահիտին առաջարկել է դատարանում հրաժարվել դստեր խնամակալությունից՝ ասելով, որ միայն այդ դեպքում թույլ կտա վերջապես հանդիպել աղջկան մոր հետ, այն էլ՝ միայն իր ներկայությամբ։ Անահիտը հրաժարվել է այդ առաջարկից։
Հայրական սե՞ր, թե՞ հոգեբանական ճնշում նախկին կնոջ նկատմամբ։ Ամեն դեպքում, Անահիտի համար նախկինում իրականացրած բռնությունները ոչինչ են, քան այն հոգեբանական ճնշումն ու բռնությունը, որը երեխայի միջոցով իրականացնում է նախկին ամուսինը։
***
Ոչ ոք չի կարող ասել` Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն աճե՞լ են, թե՞ նվազել։ Տարիներ շարունակ ընտանիքներում բռնության դեպքերը մշտադիտարկող խմբի անդամ Արման Ղարիբյանը մեզ հետ զրույցում նշում է` հստակ վիճակագրական տվյալներ ստանալու համար համապարփակ հետազոտություններ չեն իրականացվում, որովհետև դա շատ ծախսատար ու բարդ գործ է։
«Վիճակագրական կոմիտեն, հավանաբար, դա չի կարևորում, իսկ ՀԿ-ները չունեն բավարար ֆինանսավորում, որպեսզի իրենք անցկացնեն համապետական հարցումներ»,- ասում է նա։
ՀՀ Գլխավոր դատախազությունը, ի դեպ, ամփոփելով տվյալները, պարզել է, որ միայն 2021 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվել է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ հարուցված շուրջ 556 քրեական գործ։ Իսկ հանրային մեղադրանքի կարգով՝ 2020թ. համեմատ հարուցվել է շուրջ 3.5 անգամ ավելի` 51 քրեական գործ։
Իրավապաշտպան Արման Ղարիբյանը նշում է նաև, որ ընտանեկան բռնության լուծումը բռնության մշակույթը մերժելն է բոլոր մակարդակներում՝ պետական ամենաբարձր մակարդակից, մինչեւ անձնային, կենցաղային։ Լուծմանը մեծապես կնպաստի նաև գենդերային կարծրատիպերի հաղթահարումը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին լավագույն փոփոխությունն այն է, որ ավելի քիչ թվով կանայք են հանդուրժում իրենց նկատմամբ բռնությունը և դիմում են իրավապահ մարմիններին։ Դրական փոփոխություն է նաեւ այն, որ ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետության ֆինանսավորմամբ աջակցության կենտրոններ են ստեղծվել։
Այնուամենայնիվ, այսօր հայ կանանց զգալի մասը, նույնիսկ, ամենածայրահեղ դեպքերում դիմանում է ընտանեկան շարունակական բռնություններին` պատճառաբանելով, որ ամուսնալուծությունն ամոթ է։ Իսկ մի մասը, նույնիսկ, ամուսնալուծվելուց հետո հետապնդվում է նախկին ամուսինների կողմից: Իրավապահ և պետական մարմինների կողմից, առավել հաճախ, որևէ օժանդակություն չի տրվում բռնության զոհերին։ Սա է պատճառը, որ տուժածները, սովորաբար, չեն էլ իմանում, որ գոյություն ունի օգնության հնարավորություն, կամ թեժ գծեր, որոնցով կարելի է զանգահարել ու օգնություն ակնկալել։ Իհարկե, պակաս կարևոր չէ նաև բռնարարների հետ աշխատանքը, որը ևս կարող է իր ազդեցությունն ունենալ: Այս ամենի վերացման հիմքը, նախևառաջ, կարող է լինել գենդերային կարծրատիպերի կոտրումը:
2-րդ կուրս