Լուծվե՞լ, թե՞ չեն լուծվել գյուղական համայնքների խնդիրները համայնքերի խոշորացումից հետո

Լուծվե՞լ, թե՞ չեն լուծվել գյուղական համայնքների խնդիրները համայնքերի խոշորացումից հետո

699

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Հայաստանում 866 գյուղական համայնքներ կան, որոնց մեծ մասը  3000-ից պակաս բնակիչ ունի։ «Մեր ուսումնասիրություններով՝ այդ բնակավայրերում հնարավոր չի լինում համայնքի համար կարևոր որեւէ ծառայություն մատուցել»,- azatutyun.am-ի փոխանցմամբ` 2021 թվականին՝ համայնքների վերջին խոշորացմանը նախորդող նիստի ժամանակ, ԱԺ-ում նշում էր Գնել Սանոսյանը և շեշտում, որ միավորվող գյուղերի գյուղապետարաններում առնվազն 2 աշխատակից կլինի, որոնք կշարունակեն զբաղվել փաստաթղթային ու այլ հարցերով։  

Խնդրի առնչությամբ քննարկումներ եղել են դեռ տարիներ առաջ։ Հիմնավորելով համայնքների խոշորացման անհրաժեշտությունը՝ Համայնքների ֆինանսիստների միավորում կազմակերպության տնօրեն Վահան Մովսիսյանը նշում էր, որ խնդրի կապակցությամբ բազմաթիվ հանդիպումներ են եղել թե՛ համայնքապետերի, թե՛ մարզերի բնակիչների հետ: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը 2015թ․ մայիսի 4-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Համայնքների խոշորացում» թեմայով, որտեղ ի թիվս այլոց՝ ելույթ էր ունենում Վահան Մովսիսյանը։ Վերջինիս հնչեցրած կարծիքն արդիական է նաեւ այսօր։ Ըստ նրա՝ «համայնքների խոշորացում» ձեւակերպումն այնքան էլ ճիշտ ընտրված չէ, քանի որ հիմնական նպատակը համայնքների կառավարման ապարատի միաձուլումն է: Հանրապետության վարչատարածքային բաժանումը, պարոն Մովսիսյանի կարծիքով, արդյունավետ չէր. կան համայնքներ, որոնցում ընդամենը 3 մարդ է ապրում, եւ կան համայնքներ, որտեղ մարդիկ չեն ձմեռում եւ այլն: Ուստի, ըստ նրա, 915 համայնք ունենալը եւ կառավարման ապարատ պահելը նպատակահարմար չէր: Նա նաեւ տեղեկացրել էր, որ բարեփոխման արդյունքում որեւէ համայնք անղեկավար չի մնալու:

2021թ․ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո այսօր Հայաստանում 79 համայնք կա, որից 72-ը միավորված են, իսկ 7-ը՝ ոչ (Երևան, Գյումրի, ազգային փաքրամասնությունների բնկավայր-համայնքները): ՏԿԵՆ տեղական ինքնակառվարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը 1lurer.am-ին տված հարցազրույցում նշել է, որ այսօր խոշորացումից հետո միավորված համայնքներն, ի տարբերություն չմիավորված համայնքների, իրենց պատկերացրածից բացի շատ ու շատ այլ ձեռքբերումներ են ունեցել՝ թե՛ իրականացված կապիտալ ծախսերով, թե՛ աշխատակազմի որակով, թե՛ դրամաշնորհային ծրագրերի դիմումներով:

Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից, և 486 համայնքների միավորման արդյունքում 54 համայնք է ձեւավորվել։ Վայք խոշորացված համայնքը վերակազմավորվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (ՀՕ- 328-Ն) 2022 թվականի փետրվարի 22-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ազատեկ, Արին, Զեդեա, Հորադիս, Զառիթափ, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս, Հեր- Հեր, Կարմրաշեն, Արտավան համայնքների միավորումով։

Խոշորացումից հետո Ազատեկ գյուղը մտել է Վայք համայնքի կազմի մեջ։ Վարչական ղեկավարին կից աշխատում են համայնքային անասնաբույժը, խմելու ջրի օպերատորը, և գյուղին առնչվող խնդիրները նրանց միջոցով են լուծվում։ Ազատեկի գյուղացիները նախկինում բողոքում էին, որ չէին կարողանում «թուղթ» ստորագրելու համար հասնել համայնքի կենտրոն։ Նախկին գյուղապետ Սիրակ Հովսեփյանը journalist.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիների բողոքները քչացել էին էլեկտրոնային դիմումներ ուղարկելու միջոցով։ Այսինքն վարչական ղեկավարի միջոցով էլեկտրոնային տարբերակով տեղեկանքները ուղարկվում էին Վայք, և այլևս կարիք չէր լինում Վայք հասնելու։ Պարոն Հովսեփյանը նշեց, որ այսօր արդեն վարչական ղեկավարն իրավունք չունի միայնակ որոշում կայացնելու, և որոշումերի ընդունումը կարգավորվում է համայնքի ղեկավարի հետ։ Ազատեկի նախկին գյուղապետը կողմ չէ խոշորացմանը նաև այն պատճառով, որ, ըստ նրա, եթե խոշորացված համայնքը ֆինանսապես թույլ է, խոշորացումն այնքան էլ ձեռնտու չէ ֆինանսական առումով։ Ասվածը մանրամասնեց այսպես․ խոշորացված համայնքը պետք է ֆինանսապես ուժեղ համայնք լինի, որպեսզի խոշորացումը արդարացված լինի:

Իսկ գյուղի բնակիչ տիկին Քնարիկը նշեց, որ իրենց կյանքում մի քանի մեծ փոփոխություն է եղել համայնքների խոշորացումից հետո․ լուծվել են գյուղի տրանսպորտի և աղբահանության խնդիրները։ Նրա խոսքով՝ նախկինում եղել է վճարովի տրանսպորտ, որն աշխատել է, երբ շատ ուղևոր է եղել։ Այժմ անվճար է և աշխատում է կարգավորված ժամով։ Նա հավելեց նաև, որ գյուղում աղբը մեծ խնդիր էր դարձել, իսկ այժմ գյուղը գրեթե ամբողջությամբ մաքրվել է։

Հերhեր գյուղական համայնքի նախկին գյուղապետ Արայիկ Աբրահամյանի խոսքով՝ գյուղում չկան արտադպրոցական խմբակներ, և երեխաներն իրենց սեփական միջոցներով գնում են Վայք քաղաք՝ հաճախելու խմբակներ: Գյուղն ունի տրանսպորտի խնդիր: 2016 թ․ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Գնդեվազ և Կարմրաշեն գյուղերի հետ միասին Հերհերը միավորվել էր Ջերմուկ քաղաքային համայնքին։ Նախկինում, երբ գյուղը գտնվում էր Ջերմուկ համայնքի կազմի մեջ, հարցը բարձրացվել էր, և արդեն պետք է տրամադրվեին ավտոբուսներ Ջերմուկ – Հերհեր, Վայք – Հերհեր ուղղություններով, բայց այժմ գյուղը մտել է Վայք համայնքի կազմի մեջ, և նախկին գյուղապետի խոսքով՝ Ջերմուկն արդեն այդ հարցին չի անդրադառնա: Աղբահանության խնդիր չեն ունեցել, քանի որ Ջերմուկ համայնքը լավ իրականացրել է այդ գործընթացը: Պարոն Աբրահամյանը հայտնեց իր մտահոգությունը, որ գյուղին առնչվող խնդիրները Վայքի կազմի մեջ մտնելուց հետո նույն արձագանքը չեն ստանա: Պատճառաբանում է, որ Ջերմուկի կազմի մեջ եղած համայնքները թվով քիչ էին՝ 4 համայնք, և բյուջեն միայն այդքանի վրա էր ծախսվում: Իսկ այժմ պետք է ծախսվի 15 և ավելի համայնքների վրա: 

Հերհերի բնակիչ Հ. Հունանյանն էլ նշեց, որ գյուղում չկա փողոցային լուսավորություն: Խնդիրը մասամբ լուծվել է խոշորացումից հետո, այսինքն կա փողոցային լուսավորություն, բայց միայն հիմնական փողոցներում: Բնակիչը նշեց նաև, որ կարգավորվել է խմելու ջրի հարցը:

Վայք համայնքի բնակիչ Լուսինեն ցավով նշեց, որ համայնքում միշտ արդիական է եղել տրանսպորտի խնդիրը, որն այս տարի լուծվեց, և այժմ իրենք ունեն անվճար ներքաղաքային տրանսպորտ: Համայնքի կենտրոնում բնակվողները շահած են դուրս գալիս, քանի որ ստիպված չեն լինում այս կամ այն քաղաք գնալ՝ որևէ թղթի համար, խմբակների մասնակցելու համար: Բայց ավելացրեց նաև, որ այն գյուղաբնակները, որոնք քաղաքում բարեկամ ունեն, ևս շահած են դուրս գալիս, քանի որ նաև այդպես է պահվում կապը գյուղի և քաղաքի միջև:   

Լիլիթ Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել