«Կինո․ պատերազմ․ զենք․ 12 օր կոմայի մեջ․․․»․Վահագն Սամվելյան

«Կինո․ պատերազմ․ զենք․ 12 օր կոմայի մեջ․․․»․Վահագն Սամվելյան

429

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը մարտի 9-ին կազմակերպել էր հանդիպում դերասան, 44-օրյա պատերազմի մասնակից Վահագն Սամվելյանի հետ։ Վահագնը՝ որպես դերասան, հանրությանը հայտնի դարձավ «Վերջին ուսուցիչը» ֆիլմից, որտեղ մարմնավորում էր հայրենասեր երիտասարդի՝ Արմենի կերպարը։ Հանդիպումը տեղի ունեցավ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որին  ներկա էին ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ։ Միջոցառումն անցկացվեց հարց ու պատասխանի ձևաչափով։

Վահագնը խաղացել է «Վերջին ուսուցիչը», «Ծաղիկներ ձյան տակ», «Արյունոտ խաղադրույք» հեռուստասերիալներում և թատրոնում՝ Կասիոյի, Դիոնիսոսի կերպարներում։ Ուսանողներին հետաքրքրում էին հարցեր կապված դերասանի մասնագիտական ընտրության, այդ ասպարեզում գրանցած հաջողությունների ու հետագա ծրագրերի մասին։ Պատասխանելով հարցերին՝ դերասանը նշեց․ «Եթե ընտրում ես դերասանի մասնագիտությունը, կա՛մ պետք է հենց այդ պահին զղջաս, կա՛մ դարձնես այն ապրելակերպ ու նվիրվես մինչև վերջ»։

Անդրադառնալով թատրոնին՝ դերասանը խոսեց առավոտյան 9։30 սկսվող դասերից, որոնց մի մասին գրեթե չէր մասնակցում։ Փոխարենը միջանցքներում էր շրջում, որտեղ տեղի ունեցող «ներկայացումներից» ավելի շատ բան էր սովորում, քան օրինակ՝ աստվածաբանության դասից։

Որքան էլ ուսանողները փորձում էին շրջանցել պատերազմի թեման, այնուամենյանիվ, նրանցից շատերը տալիս էին հարցեր պատերազմի, դրա հետևանքների ու Վահագնի վիրավորվելու մասին։ Վերջինս, կարծես լինելով բեմում ու մարմնավորելով հերթական դերը, այնպիսի առոգանությամբ, դիմախաղով ու շարժուձևով էր պատմում կատարվածի մասին, որ այդ ամենին հումորային երանգ էր հաղորդում ու կարողանում էր պահել լսարանի բարձր տրամադրությունը․ «Սովորական բանակային կիրակի էր։ Արթնացա, ժամը յոթն էր, դուրս եկա ծխելու, ականջակալով երաժշտություն էի լսում՝ ի դեպ Ջուս (ասում է ու դեմքի գոհ արտահայտությամբ ձեռքերով ետ տանում մազերը) ու․․․ գըմփ․․․ Մռավը փոշու մեջ էր։ Եղնիկներում էի ծառայում»։

Հետո նորից կատակելով՝ մի քանի դրվագ է հիշում․ «Պետք էր փոսից դուրս գալ, որը մոտավորապես իմ հասակի էր (ասում է ու ձեռքով ցույց է տալիս իր հասակից երկու անգամ ավելի բարձրություն)․ շատ լավ․․․ Քանդում, քանդում եմ հողը, որ հենարան ուենամ ոտքիս համար։ Ոտքս դնում եմ հոպ-հոպ․․․ ըհը, թռա, բարձրացա ու նորից․․․ գըմփ․․․ նորից փոս․․․»:

Ուսանողներն այնպիսի լարվածությամբ էին լսում Վահագնին, որ ամեն «գըմփից» հետո մի պահ սթափվում էին, թարթում աչքերն ու շարունակում հետևել նրա խոսքին ու շարժումներին։

Վահագնը ծանր վիրավորվեց պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին և տեղափոխվեց Երևան։

«Տասներկու օր մնալով կոմայի մեջ՝ կարողացա պայքարել, ապրել ու շարունակել իմ ստեղծագործական ուղին՝ հանուն ընկերներիս ու նրանց փոխարեն»,- ամփոփեց դերասանը։

Արփինե Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել