«Հայաստանում այսօր դեֆիցիտի խնդիր չեմ սպասում». տնտեսագետ Երվանդ Թարվերդյան

«Հայաստանում այսօր դեֆիցիտի խնդիր չեմ սպասում». տնտեսագետ Երվանդ Թարվերդյան

550

Journalist.am-ի զրուցակիցը տնտեսագետ, տնտեսական գործիչ Երվանդ Թարվերդյանն է։ Պարոն Թարվերդյան, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։

-Ի՞նչ ռիսկեր են պարունակում Հայաստանի և հայ գործարարների  համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

-Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառված սանկցիաների արդյունքում արժեզրկվեց ռուբլին, որը անմիջական և բացասական ներգործություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա։ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական  համագործակցության արդյունքում գիտենք, որ համար առաջին գործընկերը՝ արտահանման առումով, մեզ համար Ռուսաստանի Դաշնությունն է, և երբ ռուբլու կուրսը 60-70% անկում է արձանագրում, հասկանում ենք, որ Հայաստանում հայ գործարարների համար, որոնք նույնիսկ չեն ակնկալում այդչափ շահութաբերություն, դա տռագեդիա կարելի է համարել։ Մենք պետք է գիտակցենք, որ ռուսական շուկան միանգամից չի կարող ընկալել 60-70% բարձր գին, և դրա համար որոշակի ժամանակ է պետք։

Դուք Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ տնտեսական այս իրավիճակում պետք է պահել ճկունությունը և փորձել կանխել ճգնաժամը, այս կոնտեքստում ի՞նչ հնարավորություններ են բացվում Հայաստանի համար։

-Առաջին կարևորագույն փաստը, որ կցանկանայի ընդգծել, դա վստահություն ստեղծելն է, թեկուզ Ռուսաստանի գործընկերների հետ, հետագա աշխատանքներում  նոր համագործակցություն ստեղծելու համար։ Ինչպես գիտենք, մի շարք ապրանքատեսակներ Ռուսաստանի Դաշնություն  արտահանել են պրիբալյան երկրների միջոցով, և այսօր Ռուսաստանը չի համագործակցում այդ երկրների հետ։ Ստեղծված այս իրավիճակում Հայաստանը կարող է դառնալ լոգիստիկ կենտրոն, և այն կբերի տնտեսական մեծ առաջընթացի։ Մենք պետք է օգտվենք ստեղծված հնարավորությունից, քանի որ սա բացառիկ դեր կարող է խաղալ Հայաստանի տնտեսության մեջ։

Ռուսաստանի Դաշնությունը կասեցրել է նաև հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, որքանո՞վ է այն օրինական, որքանո՞վ է համապատասխանում ԵԱՏՄ օրենքներին: 

-Այդ արգելքը ոչ սակագնային կարգավորման մեխանիզմ է, ամեն երկիր իրավունք ունի այն կիրառել ապրանքների տեղափոխման համար: Եթե մենք նայում ենք Ռուսաստանի Դաշնության ընդունած այդ փաստաթուղթը, նշվում է, որ քվոտաներով և հատուկ թույլտվություններով կարող է արտահանում իրականացվել: Ես համոզված եմ, որ Ռուսաստանը՝ որպես դաշնակից, գործընկեր երկիր, Հայաստանի համար կսահմանի արտոնություններ: Հացահատիկի արտահանման քանակները, կարծում եմ, կպահպանվեն,  և Հայաստանը կկարողանա օգտվել բարեկամ երկրի կարգավիճակից։

Որքանո՞վ է դիվերսիֆիկացված մեր ցորենի շուկան:

-2011-2012 թթ․ մենք հացահատիկի առումով 60 տոկոսով ինքնաբավ էինք, բայց, ընդհանուր առմամբ, միշտ էլ ներմուծել ենք: Բացի Ռուսաստանից, ալյուրը գալիս էր Ուկրաինայից, Բելառուսից, Իտալիայից, Արցախից: Հիմա Արցախի ցանքատարածքների մեծ մասն այն 5-7 տարածքներում է, որոնք, ցավոք, մեր տրամադրության տակ չեն: Ուկրաինայից անհնար է որևէ բան բերել, քանի որ ռազմական դրություն է, Ղրիմը չկա: Կանադայից և ԱՄՆ-ից, որոնք ցորենի մեծ արտադրողներ են, մենք երբեք ցորեն չենք բերել՝ հաշվի առնելով, որ գնային առումով Ռուսաստանի Դաշնությունից ավելի ձեռնտու է եղել: Այսօր Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը և արտահանումը  շատ վատ վիճակում է:

Մարդիկ վախից լայնածավալ գնումներ են կատարում և պահեստավորում։ Արդարացվա՞ծ է նրանց վախը:

Քանի  որ դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև  520 դրամ, և բորսայական ապրանքների գների հետ կապված՝ մենք ունենք կրկնակի խնդիր՝ և այդ ապրանքների միջազգային գինը դոլարով թանկացել է, ռուբլու փոխարժեքն է ընկել և նկատի ունենալով մեր խոր կապը Ռուսաստանի Դաշնության տնտեսության հետ, դա անմիջականորեն անդրադառնում է Հայաստանի  տնտեսության վրա: 

-Հայաստանում պարենային դեֆիցիտի ճգնաժամ կլինի՞, թե՞ ոչ:

-Հաշվի առնելով, որ Հայաստանը սննդամթերք ներմուծող պետություն է, և որ Հայաստանին աշխարհի մյուս երկրները հանգիստ մատակարարում են սննդամթերք  ու ապրանք, կարող է գնային տեսակետից խնդիրներ առաջանան շուկայում, սակայն, որպես այդպիսին, դեֆիցիտի խնդիր չեմ սպասում:

Այս իրավիճակում ի՞նչ  քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը: 

-Պետք է խորհրդակցել Հայաստանի խոշոր ներմուծողների հետ, Ռուսաստանի համապատասխան գերատեսչության հետ, որը տալիս է թույլտվությունները, պետք է փորձի համաձայնեցնել պարենի քվոտաները, որ Հայաստանում սննդի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Այսօր տնտեսական համաշխարհային պատերազմ է սկսվել, և մենք՝ որպես խելացի ազգ, պարտավոր ենք համախմբված դիմակայել դժվարություններին: 

Սվետա Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել