«Եթե կարիք լիներ թշնամուն բժշկական օգնություն ցուցաբերելու, այդ պահին ես կնախընտրեի լինել...

«Եթե կարիք լիներ թշնամուն բժշկական օգնություն ցուցաբերելու, այդ պահին ես կնախընտրեի լինել հրաձիգ…»

1243

«Պատերազմը փոխում է հոգեբանությունդ։ Դառնում ես ավելի սառնասիրտ, սկսում ես գնահատել ամեն պահը՝ հասկանալով, որ ամեն վայրկյանը գուցե վերջինն է…»,- պատմում է Արթուրը, ով ապրիլյան և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից է, մասնագիտությամբ՝ բժիշկ։

«Իմ պատկերացումները պատերազմի մասին այլ էին ապրիլյանից առաջ: Ավելի շատ պատկերացնում էի ավտոմատներով և նռնակներով կռիվ, բայց հասկացա, որ հրետանին է պատերազմի աստվածը։ Պատերազմը չունի կանոններ, նամանավանդ թուրքի դեմ»,- նշեց Արթուրը։

Ապրիլյան պատերազմի ժամանակ 21 ամսվա զինծառայող Արթուր Գինոսյանը եղել է 9-րդ պաշտպանական շրջանում՝ Ջրականում (Ջաբրայիլ), որը հիմա թշնամու վերահսկողության տակ է։

Արթուրը հիշում է . «Հրետանու հարվածների դղրդյունը լսվում էր, երբ թշնամին գրավում էր Լելե-Թեփե բարձունքը, որը մեր զորամասից 6 կմ հեռավորության վրա էր գտնվում: Տագնապով վերկացը տրվեց, զորամասից դուրս գալու ժամանակ հրետակոծվեց մեր զորամասը. մոտ 10 րոպե, արդեն հասկացանք կռվի լրջությունը»:

Ծառայության ժամանակ, դրանից հետո էլ, Արթուրը ստացել է մի շարք շքանշաններ և մեդալներ։

Նրա հուշերում ապրիլյան պատերազմի դրվագներից առանձնանում է ընկերոջ հետ կապված մի դեպք. պատմում է, որ զինակից ընկերներից մեկը՝ Մալխասյան Նարեկը,  նռնականետով  ուղղաթիռ է խոցել, որը Արթուրից մոտ 300 մետր հեռավորության վրա է եղել։ Քառասունչորսօրյա պատերազմի մասին համացանցից է իմացել։ 3 ժամ անց արդեն ճանապարհին էին` կազմ-պատրաստ։ Այս պատերազմին էլ եղել է 5-րդ պաշտպանական շրջանում՝ Մարտակերտում։

Պատերազմը Արթուրի հիշողության մեջ գերակշռող է դարձել. մեկ տխուր դեպքերից է պատմում, մեկ էլ ձայնի երանգը փոխվում է. «Այս պատերազմի ժամանակ Պետրոսյան Արմեն անուն ազգանունով սպա՝ լեյտենանտ ունեինք, ով ականանետով տանկ խոցեց, որը չտեսնված բան է»։

Կռվի դաշտում ամենաշատը ծնողների վիճակի մասին էր մտածում, ուզում էր քիչ անհանգստանային, բայց գիտակցում էր, որ անհնար բան է ցանկանում։

«Պատերազմի ժամանակ ուժ է տալիս այն, որ գիտակցում ենք, որ մեր հայրենիքն է, մեր հողն է, մեր սրբությունն է ու ամեն գնով պետք է պահել։ Ինչպես ասել են՝ շունչդ տուր, հոգիդ, բայց հայրենիքդ մի տուր թշնամյաց։ Այդ սկզբունքով մենք մեր դիրքում կանգուն էինք մնում։ Այն դիրքը, որտեղ ես կռվել եմ, մինչև վերջ մնաց մեր վերահսկողության տակ», – նշեց Արթուրը։

Արթուրը պատերազմին մասնակցում էր և՛ որպես բժիշկ, և՛ հրաձիգ։ Դժվարությունը կայանում էր նրանում, որ ով վիրավորվում էր, ով զոհվում էր, առաջինն Արթուրն էր նետվում դեպի իրենց։ «Սարսափելի կադրեր էին, որոնք անգամ ֆիլմերում չեմ տեսել։ Այնպիսի կադրեր եմ տեսել, որ ասելու չի, ու այսօր Եռաբլուրում այն տղերքին եմ տեսնում, ովքեր իմ աչքի առաջ են մահացել»։

Բժիշկները հիպոկրատի երդում տալիս, ասում են, որ ազգություն չպետք է ճանաչեն, պատերազմի ժամանակ նույնպես՝ բժիշկը պետք է լինի բժիշկ։ Արթուրն ասում է. «Ես ոչ միայն բժիշկ էի, այլև մահապարտների ջոկատի հրաձիգ, այնպես որ, եթե կարիք լիներ թշնամուն բժշկական օգնություն ցուցաբերելու, այդ պահին ես կնախընտրեի լինել հրաձիգ…»։

Այժմ Արթուրը սովորում է ընդհանուր վիրաբուժության կլինիկական օրդինատուրայում։

«Պատերազմը չի կարող ավարտված լինել, քանի Արցախի մեծ մասն այս պահին  թշնամու վերահսկողության տակ է։ Ես համոզված եմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, մեր ազգի մեջ կլինեն Մոնթեներ, կլինեն Նժդեհներ, ամեն ինչ լավ կլինի, համոզված եմ», – ասաց Արթուրը։

Իզա Ասծատրյան

3-րդ կուրս

Կիսվել