Ճանաչենք մեր հերոսներին. Էրիկ Ջիլավյան

Ճանաչենք մեր հերոսներին. Էրիկ Ջիլավյան

899

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում զոհվել է Էրիկ Ջիլավյանը։ Էրիկը ծնվել է 2001թ-ի հուլիսի  21-ին Արջուտ համայնքում։ Էրիկի մասին լավագույն հուշերով մեզ հետ կիսվել է քույրը՝ Լուսինե Սարիբեկյանը։

Չնայած տարիքային տարբերությանը՝ Լուսինեն ու Էրիկը շատ մտերիմ էին։ Քույրը մեծագույն սիրով է խոսում հերոսի մասին․ «Էրիկս շատ բարի, կամեցող, հոգատար մարդ է, հիշաչար չէր ու միշտ ասում էր ՝ պիտի ներել իմանաս, որ հանգիստ գտնես էս կյանքում»։

Բոլորի կողմից սիրված տղան հրաշալի ընկեր էր, որդի, եղբայր։ Էրիկը բոլորի լույսն էր, ու հիմա, երբ նա չկա, կարծես ինչ-որ բան կիսատ է․ «Բառեր չկան, որ նկարագրեմ իր տեսակը։ Իմ Էրիկը լավագույնն էր, բոլորից առանձնանում էր իր սիրալիրությամբ ու համեստությամբ»։

Էրիկը ներողամիտ էր, շատ համեստ ու չափից դուրս պարտաճանաչ։

Մինչև բանակ զորակոչվելը քաջ տղան ապրում և աշխատում էր Մոսկվայում։ Հենց ծառայության նպատակով էլ եկավ Հայաստան․ «Իր տեսակը վախկոտ չէր, երբ խոսում էինք, անպայման ասում էր՝ տղան պետք է ծառայի։ Միշտ նշում էր՝ ես ոչ մեկից լավը չեմ, գալու եմ ծառայեմ, ու հենց Արցախում»։

2020 թվականի ձմեռային զորակոչին` հունվարին, Էրիկը ծառայության անցավ Մատաղիսում։ «Ինձ համար շատ դժվար է Էրիկի մասին երբևէ անցյալով խոսելը, իր հետ վերջին անգամ զրուցել եմ սեպտեմբերյան մի օր, խնդրել էի` հեռախոսահամարն ասի, որ լիցքավորեմ, չկարողացա համոզել, այդպես էլ չասեց, ասեց` կզանգահարի։ Զանգեց։ Մի երկու բառ խոսեցինք ու վերջ…»:

Էրիկը ծառայությունը շատ էր սիրում, հպարտությամբ ասում էր` ամեն մեկին բախտ չի վիճակվի «Մատաղիսի զինվոր» լինել։

Բարեպաշտ ու կազմակերպված տղայի մասին բոլորը խոսում են մեծ հիացմունքով։ Էրիկը ընդամենը ութ ամիս էր, ինչ ծառայում էր, երբ սկսվեց պատերազմը։ Իր անկոտրուն բնավորության համաձայն կռվեց մինչև վերջին շունչը և սեպտեմբերի 28-ին միացավ Մատաղիսի արծիվներին։

«Երանի հնարավոր լիներ, ու ժամանակը կանգնեցնեի, ամուր կգրկեի, կխնդրեի, որ չգնա։ Կյանքս կտայի իր համար, ինչպես ինքը վարվեց»:

Լուսինեի համար հպարտությունը ցավոտ է։ Ասում է` իմ հպարտությունը Էրիկն էր` իր ողջ ու առողջ լինելը։

«Ամեն օր Աստծուն խնդրում եմ, որ իմ փոխարեն իմ Էրիկին ամուր գրկի…»:

Նելլի Իգիթյան

3-րդ կուրս

Կիսվել