ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ NUDE ART (ՄԵՐԿ ԱՐՎԵՍՏ) ԺԱՆՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՍԱՐԳԻՍ ՎԻՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ NUDE ART (ՄԵՐԿ ԱՐՎԵՍՏ) ԺԱՆՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՍԱՐԳԻՍ ՎԻՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ

2804

Մերկ մարմինը հնուց օգտագործվել է` ցուցադրելու համար տղամարդու և կնոջ իդեալական գեղեցկությունն ու մարդկային արժեքները: Մեկ այլ պատկերացմամբ` մերկությունը ստեղծագործական արվեստի արտադրանք է: Այդ արվեստը կոչվում է «Նուդ արտ» (անգլ. nude–մերկ, art-արվեստ): Մեր զրուցակիցն է «Նուդ արտ» ժանրի լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանը: Նա լուսանկարչությամբ զբաղվում է մոտ 18 տարի, վարում է բաց դասեր հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և անցկացնում լուսանկարչության եռամսյա պարապմունքներ: Իսկ «Նուդ արտ» ժանրում ստեղծագործում մոտ տասը տարի: 

Սարգիս, ավարտելով հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան` ինչու՞ եք ընտրել լուսանկարչությունը:

-Երիտասարդ տարիքում ակտիվ զբաղվում էի լուսանկարչությամբ, այն ինձ միշտ ձգում էր, նույնիսկ ուսանողական տարիներին ունեցել եմ լուսանկարչության մի քանի մրցանակ: Ակադեմիան ավարտելուց հետո ավելի ազատ գրաֆիկով աշխատանք էի փնտրում, իսկ լուսանկարչությունը ամենահարմարն էր ինձ համար: Այդպես սկսեցի խորանալ դրա մեջ և հասկացա, որ դա իմն է:

Դուք ստեղծագործում եք «Նուդ արտ» ժանրում, առաջին անգամ կանաչ դաշտում նկարել եք մորեխներ. ինչպե՞ս մորեխներից անցում կատարեցիք մերկ կանանց:

-Գրեթե բոլոր նկարիչներն էլ սկսում են բնություն նկարելուց, և ես բացառություն չեմ: Ես երկար ժամանակ զբաղվել եմ դոկումենտալ լուսանկարչությամբ, և այն ամենահոգեհարազատն է ինձ: Հետո սկսեցի ֆոտոսեսիաներ անցկացնել, կանանց նկարել: Եվ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, որոշ բարդություններ կան, այդքան էլ հեշտ չէ այս աշխատանքը:

Իսկ ինչու՞ տղամարդկանց չեք նկարում :

-Կարծում եմ, որ տղամարդկանց պետք է նկարեն կանայք:

Մեծ համարձակություն է անհրաժեշտ հայ հասարակությանը բաց լուսանկարներ ներկայացնելու համար: Եղե՞լ են բախումներ Ձեր և լսարանի միջև:

-Ինչ-որ լուրջ խնդիրներ չեն եղել, այնուամենայնիվ կա մի խնդիր. երբ ես ֆեյսբուքում հրապարակում եմ մերկ լուսանկարներ, հաճախ սոցիալական ցանցի ադմինիստրացիան իմ էջն արգելափակում է: Այդ պատճառով ես ստեղծեցի SargisVirabyan.org կայքը, որն իմ լուսանկարները հանրությանը ներկայացնելու համար է: Ցանկացած հեղինակ ցանկանում է իր աշխատանքը հանրությանը ներկայացնել:

-Երբեմն Ձեր լուսանկարներում կանանց մերկ մարմնի որևէ հատվածի վրա երևում են փոքրիկ միջատներ. ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Դա ուղղակի իմ գաղափարն է. ոչ միայն փոքրիկ միջատներ, այլ աքսեսուարներ էլ եմ օգտագործում` որպես դետալներ: Դրանք պարզապես գեղեցկացնում են լուսանկարները: Ինձ մոտ խնդիրը ոչ թե տարբեր աքսեսուարներ օգտագործելն է, այլ ամեն անգամ նոր իդեայի առաջացումը:

-Հեշտությա՞մբ եք լուսանկարների բնորդուհիներ գտնում:

-Այս պահի դրությամբ մոդել գտնելու բարդություն չկա, դա իմ տարիների աշխատանքի արդյունքն է: Ես նկարում եմ կանանց և փորձում եմ զերծ մնալ էրոտիկայից և այդ ամենը արվեստի ձևով ներկայացնել:

-Իսկ ինչպե՞ս եք կարողանում հեռու մնալ գռեհկությունից:

-Ըստ իս` դա արդեն գալիս է մարդու աշխարհընկալումից: Մարդ պետք է շատ առնչվի արվեստի հետ, որպեսզի ինքն էլ կարողանա արվեստ ներկայացնել: Չեմ կարծում, որ 6/8 երաժշտություն լսող մարդը կարողանա որևէ բան ներկայացնել որպես արվեստ:

ւնե՞ք նոր ցուցահանդես կազմակերպելու մտահղացում, որտեղ կներկայացնեք Ձեր «նուդ արտ» ժանրի լուսանկարները:

-Այո, մեծ ցանկություն կա այդ ցուցահանդեսը կազմակերպելու: Մոտ երկու-երեք տարի է ցանկանում եմ կազմակերպել, սակայն մի բան միշտ խանգարում է: Հուսամ, որ առաջիկա մեկ-երկու տարում ինձ կհաջողվի կազմակերպել «նուդ արտ» ժանրի նկարների ցուցահանդեսը:

Բնորդնե՞րն են Ձեզ վճարում, թե՞ Դուք` նրանց:

-«Նուդ արտ»-ը ստեղծագործական է  և կոմերցիոն բնույթ չունի:

Վերջին հարցը, որը երևի հաճախ եք լսում. ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ լուսանկարիչներին:

-Ես հիշում եմ, որ ֆոտոխցիկը 24 ժամ ինձ մոտ էր, և ես ամեն հարմար պահի կադր էի որսում: Խորհուրդ կտամ չծուլանալ և շատ աշխատել հաջողության հասնելու համար: Ես արդեն նշեցի, որ ինձ համար բարդություններ շատ են եղել, սակայն ես պատվով դուրս եմ եկել դրանց տակից: Առհասարակ, յուրաքանչյուր գործ պահանջում է համառ աշխատանք:

 

 

Հարցազրույցը ` Էլինե Պողոսյանի

2-րդ կուրս

Կիսվել