«Պատերազմը տվեց այն, որ դատարկեցի այդ զամբյուղը՝ մեջը թողելով միայն մորս ու...

«Պատերազմը տվեց այն, որ դատարկեցի այդ զամբյուղը՝ մեջը թողելով միայն մորս ու ևս մի քանի երանգ․․․». Մկո Քեբաբչյան

1785

Զրուցել ենք մասնագիտությամբ դերասան Մկո Քեբաբչյանի հետ, ով 44-օրյա պատերազմին մասնակից է:

-Սովորել եք Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և ստացել եք մասնագտական կրթություն. կարևո՞ր է մասնագիտական կրթությունը, թե՞ միայն տաղանդը բավարար է։

-Տաղանդը միանշանակ ամենակարևոր բանն է, բայց այն հղկել է պետք։ Չգիտեմ՝ ինչու են մեր մասնագիտությանը անլուրջ վերաբերվում, բայց եթե ես ցանկանամ սրտի վիրահատություն անել, թույլ չեն տա, որովհետև մարդու կյանքի հետ գործ պետք է ունենամ։ Իսկ մենք գործ ունենք մարդու հոգու հետ։

Ինչպիսի՞ն պետք է լինի իրական դերասանը։

-Քանի որ նշեցի՝ հոգու աշխատանք է, չկա որևէ ֆիքսված նախատիպ։ Բայց կարծում եմ՝ պետք է լինել ուշադիր շրջապատում ամեն ինչի նկատմամբ, լինել գրագետ և ազատ։

-Կա՞ այնպիսի դերասան, որին կցանկանաք նմանվել։

-Ոչ՛։ Կան դերասաններ, որոնք դեռ մանուկ հասակից ինձ մոտիվացրել են, բայց նմանվել որևէ մեկին կնշանակի դադարել լինել դու։

-Կարո՞ղ եք նշել մի քանիսին, ու ո՞րն էր այդ մոտիվացնող աղբյուրը։

-Ալ Պաչինո, Մառլոն Բռանդո, Խորեն Աբրահամյան, Վլադիմիր Վիսոցկի։ Մոտիվացրել են իրենց բազմազանությամբ, տաղանդով, կատարողական զանազանությամբ։

-Բազմիցս խաղացել եք տարբեր պրոյեկտներում, կա՞ այնպիսի կերպար, որը երբեք չի մոռացվի։

-Դե բոլոր կերպարների հետ ապրել եմ կոնկրետ ժամանակահատված՝ յուրաքանչյուրն իր բարդություններով ու կողմերով։ Կարծում եմ իմ առաջին ֆիլմը՝ Արման-«Մեր երազանքի ճանապարհը»։

Երբևէ մտածե՞լ եք մի կերպարի մասին, որը մինչ օրս չեք խաղացել, բայց կցանկանայիք Ձեզ տեսնել այդ կեպարում։

-Այո, զույգ եղբայրներ, որոնցից մեկը հիվանդ է աուտիզմով։

Իսկ ինչո՞ւ, կմանրամասնե՞ք։

-Ուզում եմ ինձ փորձել նույն նախագծում՝ ծայրահեղ և բարդ կերպարներում։ Օրիակ՝ աուտիզմով հիվանդ տղա և զույգ եղբայր, որը թմրամոլ է։

Արյունոտ խաղադրույքից հետո չեք երևում հեռուստաէկրաններին, ո՞րն է պատճառը։

-Ամեն նախագծից հետո փորձում եմ դադար վերցնել, նորից էներգիայով լցվել հաջորդ նախագծի համար, նաև, որ չհոգնեցնեմ հեռուստադիտողին։

Ինչպե՞ս է Ձեր ընտանիքը վերաբեվում Ձեր մասնագիտությանը։

-Հանճարեղ, ուղղակի մայրս ու ընկերներս ասում են, որ պետք է խոհարար դառնայի։ Իսկ ես համեստորեն ասում եմ՝ լուռ կերեք և գլուխս մի տարեք։

Ի՞նչ եք կարծում, Հոլիվուդը Ձեզ սպասում է։

-Շատ կցանկանայի, չեմ կարող պատկերացնել Հոլիվուդի փոխարեն, բայց ես կցանկանայի միանշանակ աշխատել այնտեղ՝ ֆիլմ արտադրության հայրենիքում։

Մասնակից եք եղել 44-օրյա Արցախյան պատերազմին, ե՞րբ որոշեցիք դիրքեր մեկնել, ի՞նչը ստիպեց Ձեզ։

-Որոշումն առաջին պահից էր կայացվել, բայց կար երկու նախագիծ, որոնց ավարտից անմիջապես հետո մեկնեցի։ Ինչ վերաբերում է ստիպելուն, ոչինչ չի ստիպել, այլ մղել է։ Մղիչ ուժը մեր երեխաների խաղաղությունն էր, ծերերի ապահովությունը, իմ բակը, քաղաքը, ամուսնացող զույգերը, հայրենիքը։ Հայրենիք բառը ինձ համար բառից դարձավ երևույթ՝ բանակում ծառայելիս։

Մեր սպան ամբողջ գիշեր զգաստ վիճակում հրամայում էր երգել մեր հանրապետության օրհներքը։ Մի անգամ զայրացավ զինծառայողներից մեկի վրա ասելով՝ դու ո՞վ ես, որ քեզ թույլ տաս հայրենիքիս օրհներքի ժամանակ ոտքդ թուլացնել, ախր հայրենիքը, հայրենիքը, ախր հայրենիքը…

Հող ուտելը չի, ծառը գրկելը չի դա, դա… Ու այդպես էլ չգտավ պատասխանը, թե դա ինչ է։ Այդ պահաին հասկացա, որ դա ինդիվիդուալ է՝ մեկի համար սիրած աղջկա փողոցն է, մյուսի համար մայրը, մեկի համար իր երազանքները։ Ցավոք, այդ սպան զոհվեց այս պատերազմի ընթացքում հերոսաբար, բառիս բոլոր իմաստներով հերոսաբար…

Երբ դիրքեր էիք մեկնում, ճանապարհին ինչի՞ մասին էիք ամենաշատը մտածում և ի՞նչ զգացողություններ ունեիք։

-Նայում էի կողքիս ամուսնացած տղամարդկանց, նրանց, ովքեր ունեն ընտանիք։ Ու լսում էի՝ ոնց էին զանգահարում ու խոսում երեխաների հետ՝ չակնարկելով անգամ, որ դա վերջին զրույցն է,  ինչպես են կոպիտ տղամարդիկ նրբորեն սեր խոստովանում իրենց կանանց։

Վստահ եմ՝ բոլորն էլ վախեր ունեցել են այդ 44-օրերի ընթացքում, առաջին անգամ ե՞րբ զգացիք այդ վախը, ու արդյոք հաղթահարելը հեշտ էր։

-Մեքենայով գնում էինք x գոտում ու լսեցի մեզ մոտեցող ԱԹՍ-ի ձայնը ու ոչինչ անել չէի կարող բացի դեմքս թեքելուց։ Վախ բառը երբեք նման կերպ չէի զգացել։ Նույն պահին մեր հակաօդայիները վնասազերցեցին օդում մեզ շատ մոտ ԱԹՍ-ն։ Հաղթահարել եմ, բացի վախից, որ անզոր եմ ընկերներիս օգնել։ Իսկ ընկերս չի հաղթահարել այն դեմքը, որով պտտվեցի․ կողքիս էր նստած։ Ասում է՝ միշտ երազում դեմքդ եմ տեսնում, ես էլ հարցնում եմ ՝ ի՞նչ դեմք էր… ասում է՝ մեռնող մարդու…

Ի՞նչ տվեց և ինչ վերցրեց Ձեզնից այդ 44 օրը։

-Դե երբ պառկած սպասում ես քո բաժին մահվանը, սկում ես ակամայից վերլուծել կյանքդ ու հասկանում ես, որ չես ապրել ամենևին։ Հակառակ «զամբյուղդ» լցրել ես հիմար կարծիքներով, կարծրատիպերով, հասարակության բարդույթներով, որոնք իրականում քո կարծիքի վրա թքած ունեն։ Ու այդ ծանր «զամբյուղը» շալակած տանում ենք մեզ հետ։ Պատերազմը տվեց այն, որ դատարկեցի այդ «զամբյուղը»՝ մեջը թողելով միայն մորս ու ևս մի քանի երանգ… Այ թե ինչ վերցրեց, վերցրեց գրեթե բոլոր գույներս ու ամենալույս ընկերջս՝ անվերադարձ…

-Արդյո՞ք պատերազմը ինչ-որ բացասական հետք կարող է կամ արդեն թողել է Ձեր ապագա կյանքի վրա։

-Միանշանակ այո, անվիճելի այո, անհերքելի այո…

Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ 2020-ից հետո էմոցիաներ կան, որոնք, չեմ հասկանում, մնացել են, թե՞ 2020-ի պատճառով դատարկվել են, կասեք արդյոք հնարավոր է դրանք վերականգնել։

-Իրականում չգիտեմ։ Հիմա ներսիս էն խորքը, որտեղ կա դրա պատասխանը դարձել Է ձեղնահարկ, փոշոտ, ծածկված սավաններով։ Չեմ մտնում այլևս այնտեղ, փորձում եմ ապրել ավելի գունավոր ու լուսավոր։ Հիմա ավելի պարտավորեցնող է դարձել, մանկուց սիրել եմ հումոր, շրջապատս ինձ այդպես է ընկալում, թե էն ժամանակ ուղղակի փորձում էի հումորով ապրել հիմա ամեն ինչ անում եմ, որ կորզեմ այդ ծիծաղը։

Պատերազմից  հետո  Ձեզ տեսանք Նարեկ Մեծ Հայքի «Դեպի տուն» երգի և Դիանա Հարությունյանի ու Շուշան Պետրոսյանի համատեղ «Հայրենիք» երգի հոլովակներում, մարմնավորում էիք Զինվորի կերպար, կնշեք՝ ինչպես ստացաք առաջարկ, ու ինչու՞ հենց Ձեզ տեսան այդ կերպարում։

-Նարեկի հետ իր ստուդիայում էինք։ Երգն արդեն գրված էր, նախքան պատերազմի սկսվելը, ու շատ էի հավանել: Նարեկն ասաց՝ ուզում եմ դու խաղաս, կուզե՞ս։ Ասացի՝ եթե ես չխաղայի, կնեղանայի։ Ասաց վերջում մի բան պակաս է, չեմ ուզում մահվան վերջաբան լինի, տեքստ է պետք, կամ մի բան: Տեղում անկախ ինձանից միկրոֆոնի մոտ ասացի վերջում հնչող տողերը, ու չխմբագրեցինք անգամ, էդպես էլ մնաց: Իսկ հայրենիք տեսահոլովակում պրոդյուսրն էր հրավիրել, ինչի համար ուրախ եմ շատ, փորձել եմ անել առավելագույնը․․․

Մասնագիտության մեջ ամեն ինչ արեք,  որ լինեք իդեալական, որովհետև այս աշխարհի ամենավատ բանը, որ կարելի է պատկերացնել, միջակությունն է, անպայման պետք է ինքնակրթվել։  Ու ամենակարևորը՝ եղեք ու ամեն ինչ արեք երջանիկ լինելու համար, թեթև ու գունավոր։

Ռոզա Ամիրջանյան

3-րդ կուրս

Կիսվել