Ֆուտբոլային մի ողջ սերունդ պատրաստվում է խաղակոշիկները կախել մեխից

Ֆուտբոլային մի ողջ սերունդ պատրաստվում է խաղակոշիկները կախել մեխից

923

2018 թվականն է, հունիսի 15-ը։ Առօրյա գործերս ավարտելուց հետո մտնում եմ տուն, նայում՝ ժամացույցին. ֆուտբոլի ժամն է։ Անմիջապես միացնում եմ հեռուստացույցը և սկսվում է աշխարհի ամենամասսայական սպորտի ամենահամաշխարհային մրցաշարի՝ աշխարհի առաջնության հերթական խաղը։ Խաղադաշտ են մտնում Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները՝ իրենց ավագների՝ Ռոնալդուի և Ռամոսի գլխավորությամբ։ Ես սրտատրոփ դիտում եմ խաղը, որի ավարտին հասկանում ենք, որ ողջ Իսպանիան խաղում էր ընդդեմ Ռոնալդուի։ Խաղն ավարտվում է 3։3 հաշվով, իսկ Ռոնալդուն դառնում է հեթտրիկի հեղինակ։

Մերօրյա ֆուտբոլասերներս պետք է մեզ երջանիկ համարենք, որ վերջին տարիներին կարողացել ենք ֆուտբոլի պատմության լավագույն տաղանդներից շատերի խաղի ականատեսը լինել։ Բայց ինչքան էլ ցավալի լինի, արդեն եկել է այդ տաղանդներին շնորհակալություն հայտնելու և ցտեսություն ասելու ժամանակը։ Նրանցից շատերի համար այս տարի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը կարող է լինել վերջինը։

Իրենց վերջին աշխարհի առաջնությունն անցկացնող լեգենդների ցուցակը գլխավորում է ազգային հավաքականների մակարդակով ամենաարդյունավետ ռմբարկուն՝ Կրիշտիանու Ռոնալդուն։ 2006 թվականն էր։ 21-ամյա Ռոնալդուն առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը։ Առաջին խաղն Անգոլայի դեմ էր՝ հունիսի 12-ին, Քյոլնում։ Չնայած՝ անհանգստաությանն ու լարվածությանը՝ երիտասարդ Պորտուգալացին կարողացավ իր առաջին աշխարհի առաջնությունում հասնել մինչև կիսաեզրափակիչ։ Ռոնալդուն այս մրցաշարում իր առաջին գոլը խփեց Իրանի դեմ խաղում, իսկ ու՞մ դեմ կխփի իր վերջին գոլը․ կիմանանք Qatar 2022-ի ժամանակ։

Բոլոր ժամանակների լավագույնները՝ Մեսսին և Ռոնալդուն, գրանցել են ցանկացած անհավանական ռեկորդ, կոտրել են ինչ կարծրատիպ ասես, նվաճել են բոլոր հնարավոր գավաթները, բացի մեկից՝ աշխարհի առաջնության գավաթից։ Սա վերջին հնարավորությունն է լինելու նրանց համար՝ ևս մեկ գավաթ ավելացնելու մրցանակների հավաքածուին։

Հեղինակավոր գավաթը գլխավերևում պահելու Լեո Մեսսիի երազանքը կարող էր իրականանալ 2014-ին՝ Բրազիլիայում։ Բայց եզրափակիչում Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյութսեն իր գոլով փշրեց Մեսսիի և ողջ Արգենտինացի երկրպագուների անուրջները։ 2021 թվականին Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Copa America-ի գավաթը՝ լուրջ մարտահրավեր նետելով առաջիկա աշխարհի առաջնության մասնակիցներին։

Սերխիո Ռամոս. ֆուտբոլիստ, որը հիանալի պաշտպան է, թիմին նվիրված կապիտան, խփում է գոլեր և դե, իհարկե, բոլորից շատ է խախտում խաղի կանոնները, այդ իսկ պատճառով ամենաշատ կարմիր (27 հատ) և դեղին (262) քարտ ստացած ֆուտբոլիստն է ֆուտբոլի պատմության ընթացքում։ 2010 թվականին Ռամոսին հաջողվեց Իսպանիայի հավաքականի Ոսկե սերնդի հետ դառնալ աշխարհի չեմպիոն. Կասիլիաս, Ինյեստա, Չավի, Ռամոս. ի՜նչ անսասան կազմ ուներ Իսպանիան։ Լավ մարզավիճակ ունենալու դեպքում Ռամոսը կմասնակցի 2022 թվականի աշխարհի առաջնությանը, բայց, ցավոք, վերջին անգամ։

Աշխարհի գավաթի պատմության ամենաարկածախնդիր անհատականություններից մեկը Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն է։ Ֆուտբոլիստ, ով աշխարհի առաջնությունների ժամանակ հայտնվել է 2 հակասական իրավիճակներում։ 2010 թվականին նրա՝ կանխամտածված ձեռքով խաղը Ուրուգվային դուրս բերեց կիսաեզրափակիչ, իսկ 2014-ին նա խայտառակ կերպով կծեց Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը, ինչը դաջվել է երկրպագուների հիշողությունների մեջ։ 35-ամյա ուրուգվայցուն այս տարի ևս հրաժեշտ կտանք միջազգային ֆուտբոլում։

Neymar Junior Everybody. Ինչքան էլ զարմանալի թվա, բայց 30-ամյա բրազիլացի, դրիբլինգի վարպետ Նեյմարն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Քաթար 2022-ը կարող է նրա վերջին աշխարհի առաջնությունը լինել։  Աշխարհի պենտակամպիոնների կազմում Նեյմարը երկրորդ ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստն է լեգենդար Պելեից հետո և 2026-ի աշխարհի առաջնությանն արդեն 34-ամյա Նեյմարին տեսնելը խելքից հեռու չէ։

Աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ խորվաթ Լուկա Մոդրիչն այն միակ ֆուտբոլիստն էր, որը խախտեց Մեսսիի և Ռոնալդուի 10-ամյա երկիշխանությունը և 2018-ին վաստակեց իր առաջին և միակ «Ոսկե գնդակ»-ը։ Նա ավելի քան մեկ տասնամյակ իր ուսերին է կրել մի ամբողջ ազգի հույսերը։ Մոդրիչը համընդհանուր հարգանքի է արժանանում խաղադաշտում իր ելույթների և համեստ կերպարի համար: 2018 թվականին Ռուսաստանում՝ աշխարհի առաջնության ժամանակ, Մոնդրիչին և իր խաղընկերներին հաջողվեց հասնել եզրափակիչ, սակայն մրցակից Ֆրանսիայի հանաքականն ավելի ուժեղ գտնվեց։ Ամբողջ Խորվաթիայի հավաքականը կփորձի երջանիկ հրաժեշտ տալ իր լավագույն խաղացողին՝ 2022 թվականի աշխարհի առաջնությունում:

Սարերի հետևում չէ ֆուտբոլի պատմության այն տխուր, սրտաճմլիկ օրը, որը կազդարարի ֆուտբոլային Պիկասոների, Բեթհովենների, դա Վինչիների դարաշրջանի ավարտը։ Ֆուտբոլային աշխարհը կկարոտի իր հերոսներին, իսկ ես կրկին կմիացնեմ հեռուստացույցը, կդիտեմ ֆուտբոլային խաղը, բայց այս անգամ՝ առանց Ռոնալդուի, Մեսսիի, Ռամոսի և մյուս վիրտուոզների…

Արուսյակ Եղիազարյան

 2-րդ կուրս

Կիսվել