Բջջային նորոգող աղջիկը

Բջջային նորոգող աղջիկը

968

«Մասնագիտությունը չի կարող սեռ ընտրել»․ ահա այսպիսի կարգախոսով է առաջնորդվում իմ հերոսուհին: Նրա բնորոշմամբ՝ իր համար աշխատանքի և մասնագիտության մեջ ոչ մի խտրականություն լինել չի կարող:

Քրիստինեն ապրում և աշխատում է Արմավիրում: Ընկերները նրա մասին ասում են, որ ունի «ուրիշ մտածելակերպ» և  ձգտումները չի սահմանափակում մեկ ոլորտում: Նա մարզի միակ աղջիկն է, որը սովորում և աշխատում է որպես բջջային հեռախոսներ նորոգող:

«Միշտ փորձել եմ չնմանվել բոլորին և անել այն, ինչ կարող եմ անել միայն ես կամ քչերը», – իրեն ներկայացրեց Քրիստինեն: Ի պատասխան այն հարցի, թե ինչ դժվարությունների է բախվել մասնագիտական ճանապարհին, պատմեց, որ սկզբում բավականին բարդ էր, որովհետև մարդիկ, մտնելով սրահ, տեսնում էին փոքրիկ-մոքրիկ աղջկա և կարծելով, թե  նա ոչինչ չի կարող անել, շրջվում-գնում էին: «Իհարկե, ես կաշկանդվում էի, բայց հետո հասկացա՝ մարդիկ սկզբում չեն ընդունում նորույթները, հետո դրանք սկսում են հետաքրքրել նրանց, և ի վերջո հաշտվում են այդ ամենի հետ»,- պատմում է Քրիստինեն:

Իսկ այն հարցին, թե ինչ է տալիս իրեն իր աշխատանքը, իմ հերոսուհին  պատասխանեց․ «Առաջին հերթին տվել է համբերատարություն, քանի որ  աշխատանքս շտապողականություն չի սիրում: Կարևոր է, որ ամեն դետալ ու մանրուք իրենց տեղում լինեն։ Եթե ինչ-որ խախտում լինի, ինչպես մենք՝ մասնագետներս ենք ասում, տեղի կունենա այսպես կոչված «короткая»  (կարճ միացում)  երևույթը: Ես բարելավել եմ սպասարկման ոլորտում աշխատելու հմտություններս, մարդկանց հեշտ հասկանալ եմ սովորել, քանի որ յուրաքանչյուր հաճախորդ պահանջում է անհատական վերաբերմունք»։

Ծնողներն ասում են, որ երբեք դեմ չեն եղել աղջկա ընտրություններին, նույնիսկ կանխազգում էին, որ ի վերջո նա պիտի ընտրի աշխատանք տեխնիկայի հետ: Մայրը հիշում է. «Քրիստինեն չէր խաղում  տիկնիկներով։ Եթե խաղար, ապա քանդում էր թևերը, փորձում հասկանալ դրանց պտտվելու մեխանիզմը»։

Վերջում մեր հերոսուհին հավելեց, որ հասարակության կարծիքը երբեք չպետք է սահմանափակի մարդկանց. «Ես սիրում եմ իմ աշխատանքը։  Յուրաքանչյուր բարոյական աշխատանք ինձ համար ընդունելի է: Ես վաղուց հասարակության կարծիքին խնդրել եմ, որ դուռը դրսի կողմից փակի»։

Քրիստինե Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել