ԴԱՋՎԱԾՔԸ ՏԱՐԵՐՔ Է…

ԴԱՋՎԱԾՔԸ ՏԱՐԵՐՔ Է…

3763

Մարդուն միշտ էլ բնորոշ է գեղեցիկին ձգտելու ցանկությունը, այդ իսկ պատճառով դաջվածքները երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը: Առաջին հերթին այն ընկալվում է որպես մարմնի օրիգինալ ձևավորում : Իսկ ի՞ն չ է դաջվածքը. շատերը  կփաստեն` ուղղակի մարմնի վրա կատարված փոփոխություն: Ինչու՞ են մարդիկ անում դաջվածք` աշխարհայացք, հոգեբանություն, մշակույթ, կրոն, պատմություն և այլն, սրանց վրա են հիմանվորվում հարցի պատասխանները:  Ոմանց համար դա ճոխություն է` անձի անհատականության ընդգծելու միջոց, ոմանց  համար հանցավոր կյանքի կամ նման ինչ-որ անընդունելի բանի խորհրդանիշ,  ոմանք էլ պարզապես ունեն թերությունները թաքցնելու կարիք և ընտրել են այդ տարբերակը:

Դաջումը դեռ հնուց հինգ մայրցամաքներում ներկայացված էր գրեթե բոլոր ցեղերի և ժողովուրդների ընդունված սովորություն: Դաջվածքը ծագել է հնագույն ժամանակներից , իսկ ՏԱՏՈՒ ԱՐՏ-ը ապրում է մինչ օրս: Այս արվեստը համաշխարհային մշակույթի մի մասն է կազմում: Ժամանակակից դաջվածքի մշակույթը բաղկացած է ոճերի հսկայական մի շարքից և ցույց է տալիս տարբեր ժողովուրդների և նրանց մշակույթների խորհրդանիշները: Մեր օրերում դաջվածքի կիրառումները դարձել են բազմաբնույթ: Մեծամասամբ տատուներն ունեն կոնկրետ բացատրություն կամ որևէ բան են նշանակում:

Այցելեցինք Մաշտոցի 26  հասցեում գտնվող «Արտ ստուդիո» էսթեթիկ գեղեցկության կենտրոն: Սրահի տնօրեն Մանուկ Մկրչյանը ներկայացրեց ողջ գործընթացը, ծանոթացրեց գործիքների օգտագործման և պահպանման պայմաններին ու ձևերին.

«Այսօր դաջվածքի պահանջարկը անհամեմատ մեծ է: Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ ավելի ադեկվատ են մոտենում այս հարցին, հատկապես աղջիկները առանց կոմպլեքսի անում են այնպիսի տեղերում, որ աչք է  ծակում : Ամենահասարակ մարդուց մինչև քաղաքական գործիչ, տառապում են այս «կապույտ հիվանդությամբ »:  Գործիքներին պետք է ուշադիր լինի թե´ դակողը, թե´ դակվողը: Դա շատ կարևոր է առողջական խնդիրներից խուսափելու և հետագայում բարդությունների առաջ չկանգնելու համար»:

Ազան աշխատում է նույն սրահում, սակայն հիմանակնում կոսմետոլոգիական միջամտությամբ է զբաղվում․

«Կանայք այլևս չեն ամաչում, անգամ մեկ տարվա ընթացքում կա ահռելի տարբերություն: Դեմքի տատուաժը այսօր ունի մեծ պահանջարկ: Կան խնաներ,կամ ժամանակավոր տատուներ, սկզբում փորձեք այդպես , գեղեցիկ, չհոգնեցնող և որ ամենակարևորն է կարող եք մաքրել` հեշտ և անհետք:

Նաև զրուցեցինք Վահագի հետ, ով եկել էր դաջվածք անելու.

«Ես առաջին դաջվածքս արել եմ 17 տարեկանում, ընկերներիցս մեկի հետ, մի քանիսը հատուկ նշանակություն ունեն: Ինչոր կանչող բան կա էլի, ուզում եմ լինի ամեն մեկը մյուսից սիրուն»:    

Սակայն միայն հաճույքի համար չեն անում դաջվածք: Հարցում անցկացնելուց պարզվեց նաև, որ կան մարդիկ, ովքեր ունեն դաջվածքներ այն հատվածներում, որտեղ մաշկը անհարթ է, կան անհաջող սպիներ կամ նմանատիպ խնդիրներ: 34 ամյա Սևակը պատմում է.

«Ես միշտ դեմ եմ եղել, բայց որոշեցի, ու հիմա տարբերությունը մեծ է: Մանկությունից վատ սպիներ ու դեռահասությունից մնացած մաշկային անհարթություններ ունեի, բայց այժմ` շնորհակալություն դաջվածքներին»:

Երբ զրուցեցինք մաշկաբան Սոֆյա Անանյանի հետ, նա բերեց բազմաթիվ օրինակներ.

«Դաջվածքները այսօր շատերի համար ինքնահաստատվելու միջոց  են դարձել, ցանկացած դաջվածք ունեցող չի հերքի այս փաստը: Որպես մասնագետ կասեմ, որ պետք է լավ և խորը մտածել, քանի որ դրանից հետո արյունը որպես դոնոր դառնում է անպետք: Կա նաև զղջալու հարցը, չնայած այժմ կան միջոցներ դաջվածքը մաքրելու համար, սակայն դրանք մնում են սպիի տեսքով: Միևնույն է, տարիներ հետո, որքան էլ մշակվի դաջվածքը, երբ մաշկը թառամում է`  կորցնում է իր ողջ գեղեցկությունը: Խորհուրդ կտամ նրանց, ովքեր արդեն որոշել են դաջվածք անել, ճիշտ սրահ ընտրել, քանի որ ասեղի հետևանքով եղել են ինֆեկցիոն բնույթի բազմաթիվ դեպքեր, որոնք պահանջել են պարտադիր բուժում, և կանգնեցրել անձին բազմաբնույթ  խնդիրների առջև»

   

 

Կան դեպքեր, երբ մարդիկ կորցնում են չափի զգացողությունը, ինչպես օրինակ նրանք, ովքեր դարձել են չեմպիոններ իրենց մարմինների վրա դաջվածքների թվի քանակով:

1.Րիկ Ջենեստ՝ մարդ` գանգը դեմքին:

2.Լուկի Դայմնդ Րիչ ՝աշխարհում ամենաշատ դաջվածքներ ունեցող մարդը, դրանք նրա մոտ անգամ լնդերի վրա են:

3. Ջուլիա Գնուս՝ մոլորակի առավել դաջված կինը «The Illustrated Lady» մականունով:

4. Փոլի Ունստոփեբլ՝ մոլորակի ամենաշատ ձևափոխված մարդկանցից մեկը,ավելի քան 300 տատու:

5. Դենիս Ավներ՝ կատուների երկրպագու, ով գնացել է, շատ հեռու` ցանկանալով նմանվել նրանց:

Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում արական սեռի կողմից ավելի մեծ է պահանջարկը, քան իգական սեռի կողմից: Կանայք և աղջիկները մեծամասամբ դիմում են կոսմետոլոգիական տատուի: Սակայն մեր հասարակության մեծամասնության կարծիքով` նույնիսկ դեմ արտահայտվողերը առնվազն մեկ տարի հետո փոխելու են իրենց տեսակետը: Որակյալ և փորձառու մասնագետները գիտեն իրենց գինը, և դաջվածք ունենալու ցանկությունը չի կարելի համարել էժան հաճույք:

 

Լառա Սահակյան

5-րդ կուրս

Կիսվել