«Եթե ուզում ես, որ քո երեխան երբեք չդառնա թմրամոլ, ապա սովորեցրու նրան...

«Եթե ուզում ես, որ քո երեխան երբեք չդառնա թմրամոլ, ապա սովորեցրու նրան օգտվել տեսախցիկից»

668

Զրույց Արմենպրես Հայկական լրատվական գործակալության ֆոտոլրագրող Գևորգ Պերկուպերկյանի հետ։

Ինչո՞վ է տարբերվում լուսանկարիչը ֆոտոլրագրողից։

-Լուսանկարիչը կարող է ֆիքսել բազմաթիվ կադրեր և հրապարակել սոց․ կայքերում՝ ցույց տալու համար գեղեցիկ ֆոտոշարք հանրությանը, և չմտածել՝ արդյոք լուսանկարը փոխանցում է որևէ ասելիք դիտողին, թե՞ ոչ։ Իսկ ֆոտոլրագրողը կարող է ֆիքսել ընդամենը մեկ կադր, բայց դա պետք է փոխանցի տեղի ունեցող իրադարձության ամբողջ էությունը։ Այն կարող է լինել լուսանկար ինչ-որ հանրահավաքից, ասուլիսից, միջոցառումներից, պատերազմական իրավիճակներից։ Նաև լրագրողը նկարի տակ գրում է նկարագրություն, ինչը հաճախ է անհրաժեշտ լինում։

Ի՞նչ պետք է կրի իր հետ ֆոտոլրագրողը աշխատանքի գնալիս։

-Ֆոտոռեպորտաժը անխափան ստանալու համար (կադր բաց չթողնելու), պետք է ունենալ հատուկ պայուսակ նախատեսված ֆոտոլրագրողի համար։

Այս տեսակի պայուսակները, որպես կանոն, կոմպակտ են, բայց ունեն բազմաթիվ կապիչներ և գրպաններ, ինչը հնարավորություն է տալիս անգամ ծալվող աթոռ կրել քեզ հետ։ Ես այդ պայուսակում ունեմ երկու ֆոտոապառատ, որպեսզի, նրանցից մեկի խափանվելու դեպքում, արագ օգտագործեմ մյուսը։ Ունեմ երեք տեսակի օբյեկտիվ ՝ տարբեր իրավիճակների համար (ստանդարտ, հեռու ֆոկուս և փոխարինիչ): Գոտկատեղից կապում եմ հարմարանք նախատեսված ջուր և հիգիենայի պարագաներ պահելու համար։ Ավելորդ չի լինի նշել USB լարեր և memory card-եր պահելու կարևորության մասին։ Նշումներ անելու համար պայուսակում ունեմ փոքր բլոկնոտ և գրիչ։ Անվտանգության կանոնները պահպանելու համար կրում եմ նաև դեղատուփ։

-Հաճա՞խ է անհրաժեշտ լինում դեղատուփը։

-Միանշանակ այո։ Ֆոտոլրագրողը ամեն պարագայում ուշադրության կենտրոնում է և կարող է անգամ վնասվածքներ ստանալ հանրահավաքների ընթացքում աշխատելիս։ Ինչու ոչ, կարող է ծայրահեղ դեպքերում ցուցաբերել առաջին բուժօգնություն այլ մարդկանց։ Ես նույնիսկ ինձ հետ վերցնում եմ թել և ասեղ՝  տաբատի պատռվելու դեպքում օգտագործելու համար։ Ի դեպ, ցանկալի է կրել ջինսե տաբատ, քանի որ այն ոչ միայն հարմար է տարբեր եղանակային պայմաններում, այլ նաև պաշտպանիչ բնույթ է կրում, օրինակ, երբ ես Սարի թաղում ներկա էի ցույցերին, այնտեղ ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոց, և ես հայտնվեցի պայթուցիկների կիզակետում, ինչի հետևանքով կարող էի ստանալ որոշ վնասվածքներ, բայց ջինսե տաբատը չէր թողել, որ ստանայի այրվածքներ։ Ֆոտոգլրագրողը պետք է պատրաստ լինի ցանկացած տարբերակում ելքեր գտնել։

-Իսկ ի՞նչպես հասկանալ, թե որ տեսախցիկն է ավելի լավը։

-Իրականում լավ տեսախցիկ գնելը հեշտ գործ չէ, և որպես կանոն, մինչև ինքդ չփորձարկես այն, չես կարողանա հասկանալ լավն է, թե ոչ։Ես միշտ ձգտել եմ չխնայել և գնել նոր մոդելները։

Գևորգի օբյեկտիվը և եռոտանին

Ի՞նչ կարևոր հատկանիշներ պետք է ունենա ֆոտոլրագրողը։

-Ֆոտոլրագրողի կյանքը անցնում է ամենօրյա դրայվի մեջ։ Ընտանեկան կյանքի հետ համատեղել այս մասնագիտությունը շատ բարդ է։ Եթե ուզում ես, որ քո երեխան երբեք չդառնա թմրամոլ, ապա սովորեցրու նրան օգտվել տեսախցիկից։ «ֆոտոյով» զբաղվելը ինքնին վերածվում է թմրանյութի, քանի որ դու պտտվում ես ամբողջ աշխարհով և տեսնում ես ծայրահեղություններ՝ հաղթանակի բերկրանքից մինչև մահ։ Պետք է լինել պնդաճակատ, նպատակասլաց, ուշադիր, մարդամոտ, պատրաստ լինել նաև ամենադաժան տեսարաններին, եթե դրա կարիքը լինի։ Պահեր կլինեն նաև, երբ պետք է ընտրել ֆիքսել կադրը, թ՞ե մարդկային կյանք փրկել։ Ճկուն լինելը ևս չի խանգարի։

 Պատերազմ Արցախում 2020

-Մեկ դրվագ Արցախյան պատերազմից, որը տպավորվել է ձեր մեջ։

– Վիրավորներին էի այցելել հիվանդանոց, պետք է մի քանի նկար ստանաի և դուրս գաի։ Իրար կողք-կողքի պառկած էին երկու մարդ։ Առաջինի դեմքն էր այրվել, մյուսը մեկ ոտքը կորցրել էր։ Նա, ում դեմքը այրվել էր, խուսափում էր տեսախցիկից, իսկ մյուսը, չնայած մեկ ոտքը կորցրած, բայց լայն ժպտում էր, կարծես նորից ծնված լիներ։

-Ամենահիշարժան աշխատանքային օրը, կամ մեկ զվարճալի դրվագ։

-Իմ կյանքում ամենհիշարժան աշխատանքային օրերը եղել են ու կմնան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերը։ Մի յուրահատուկ ունակություն ունեմ՝ կարողանում եմ գուշակե՝լ արդյոք մերոնք հաղթելու են հանդիպմանը, թե ոչ։ 2016թ․ նոյեմբերի 11-ին Հայաստանը խաղում էր ընդդեմ Մոնտենեգրոյի հավաքականի։ Բոլոր օպերատորներին նախօրոք տեղյակ էի պահել, որ հանդիպումը գոլառատ է լինելու, և մեր հավաքայանը հաղթելու է։ Առաջին խաղակեսում մերոնք պարտվում էին 2-0 հաշվով, բոլոր օպերատորները ասում էին, որ այս անգամ սխալվեցի, բայց ես շարունակում էի պնդել, որ մեր հավաքականը հաղթելու է։ 2-րդ խաղակեսին մերոն երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ հաշիվը հավասարվեց։ Ավելացված ժամանակի 93-րդ րոպեին օպերատորներին ասացի. «Մեջքով հենց պտտվեմ, միանգամից գոլ ա խփելու Գևորգ Ղազարյանը»։ Այդպես էլ եղավ, և այդ օրվանից բոլոր օպերատորները լսում են իմ բոլոր գուշակությունները ավելի ուշադիր։

2022թ Մարտի 24. Հայաստան 1-0 Մոնտենեգրո

Նոյ Ստեփանյան

5-րդ կուրս

Կիսվել