ԵՐԲ ԱՆԿԵՂԾ ՉԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԵՏ, ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻԴ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՀՈՒԶԵԼ

ԵՐԲ ԱՆԿԵՂԾ ՉԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԵՏ, ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻԴ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՀՈՒԶԵԼ

1897

Կան մարդիկ, որոնցից միշտ կարող ես ինչ-որ բան սովորել, նրանք երբեք չեն դադարում զարմացնել քեզ իրենց մտքի խորությամբ, կենսուրախությամբ ու կյանքի հանդեպ ունեցած լավատեսությամբ: 21-ամյա Լիլիթ Ավագյանը ծնվել և ապրում է Չարենցավան քաղաքում: Իր խառնվածքով շատ է տարբերվում շրջապատի մարդկանցից. ոմանց համար գուցե և տարօրինակ, սակայն Լիլիթին ճանաչողները կփաստեն, որ նրա նման մարդիկ պակասում են մեր օրերում: Լիլիթը ավարտել է Երևանի երգի պետական թատրոնը, այժմ սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

«Ասում են, երբ ընտանիքի անդամներից մեկը երաժիշտ է լինում, դա փոխանցվում է գեներով: Ես էլ երևի մյուսների պես բացառություն չեմ: Հայրս երաժիշտ է: Դեռ փոքրուց սովոր եմ լսել բարձրաճաշակ երաժշտություն, այդ առումով պարտական եմ ծնողներիս` երաժշտական ճաշակը իմ մեջ դեռ մանկուց ձևավորելու համար»:

Երգի պետական թատրոնում ոկալի դասեր առնելուց հետո Լիլիթը զգում էր, որ միայն երգը բավական չէ` լցնելու համար այն բացը, որը զգում էր արվեստի հանդեպ: Որոշում է զուգահեռ ձեռք բերել նաև դերասանի մասնագիտություն, որը շատերի կարծիքով ավելի համապատասխան էր նրա խառնվածքին:

«Առաջ ինձ թվում էր, երգը այն միակ ճանապարհն է, որով կարող եմ ասելիքս հասցնել մարդկանց: Սակայն, երբ առաջին անգամ ոտք դրեցի թատրոն, կարծես ամբողջ կյանքս այդ պատերի ներսում անցկացրած լինեի: Անբացատարելի զգացում է, երբ հասկանում ես, որ հիմա իսկապես գտել ես այն, ինչը իրապես քոնն է: Շատերը կարծում են, որ դերասան լինելով հաճախ ստիպված ես լինում կեղծել ինքդ քեզ, բայց ես այդպես չեմ կարծում: Երբ մարմնավորում ես որևէ կերպար, նախ և առաջ պիտի ապրես հերոսիդ ապրած ամեն մի վայրկյանը, միայն ամբողջությամբ նրա կերպարի մեջ մտնելով դու կարող ես հրաշալի խաղ ցույց տալ, դա չի նշանակում կեղծել ինքդ քեզ: Երբ անկեղծ չես ինքդ քեզ հետ, հանդիսատեսիդ երբեք չի հաջողվի հուզել»:

Թատրոն, երաժշտություն… թվում է մի ամբողջ կյանքն էլ բավական չէ, որպեսզի հոգուդ ամբողջ ասելիքն ասես աշխարհին: Բայց Լիլիթն այսքանով չի բավարարվում: Առաջին սերն իր հետ բերում է ևս մեկ տաղանդ` նա սկում է գրել:

«Գրել սկսել եմ բոլորովին վերջերս, առաջներում երբեք նման ցանկություն չեմ ունեցել` գրելու միջոցով թղթին հանձնել մտքերս, զգացմունքներս: Կարծում եմ յուրաքանչյուրն իր ոգեշնչման աղբյուրն ունի: Ես գրում եմ այն, ինչը բարձրաձայնել չեմ կարող, այն ինչը զգում եմ, բայց այլ կերպ արտահայտել չեմ կարողանում: Գրելիս հոգիս մի տեսակ թեթեվանում է: Մի բաժակն սուրճն ու գիշերվա անդորրը իմ անբաժան ընկերներն են դարձել վերջերս: Սիրում եմ նոթատետրս, իմ սիրելի գրիչը և այն ապրումները, որոնք ստիպում են ինձ ստեղծագործել»:

Մի գեղեցիկ զբաղմունք ևս, որով սիրում է իր օրը լցնել մեր հերոսուհին.

«Ձեռագործ իրեր շատ եմ սիրում, սա ևս արվեստի մի տեսակ է ինձ համար, որը բավականին հետաքրքիր բայց միևնույն ժամանակ ժամանակատար աշխատանք է: Տանը այն իրերը, որոնք արդեն անպետք են և պարզապես պետք է դեն նետել, ես փորձում եմ այդ ամենից ստանալ որևէ գեղեցիկ հուշանվեր, կամ ինչու չէ նաև օգտագործման ենթակա որևէ իր: Ընկերներս մեծ մասը սիրով կրում են իմ պատրաստած թևնոցները, դրանք իսկապես իրենց տեսքով եզակի են և տարբերվող: Վերջերս սկսել եմ նաև հագուստների, բարձերի վրա ձևավորումներ կատարել: Ես սիրում եմ այն ամենը, ինչով զբաղվում եմ»:

 

Աշխեն Սարգսյան

5-րդ կուրս

Կիսվել