Հայաստանում մարդիկ կարող են առցանց, առանց տանից դուրս գալու հարցում, դիմում կամ բողոք ուղարկել Հայաստանի պետական մարմիններին, հետևել նամակի ընթացքին՝ տրամադրված հսկիչ համարով, ստանալ նամակի պատասխանը հենց հարթակի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Հարցումների թվայնացման գործընթացում ամենամեծ քայլերից մեկը իրականացվեց 2016 թվականից: ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրում գործող Կոլբա լաբ նորարարական լաբորատորիան՝ Եվրոպական միության հետ համագործակցությամբ, նախաձեռնեց 2-ամյա ծրագիր՝ հանրային ոլորտում նորարարական լուծումների կիրառումը խթանելու համար։
Ծրագրով ստեղծվեց էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը՝ e-request.am-ը, որը հնարավորություն տվեց բարձրացնել հանրային կառավարման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը։
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ («ԷԿԵՆԳ»)-ի տնօրեն Լեոնիդ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքացին հարթակի միջոցով տեսնում է նաև հարցումը ստանալու վերջնաժամկետը:
«Եթե նա տեսել է, որ ժամկետը անցել է, կարող է որոշակի քայլերի դիմել: Հարցում ուղղողը կարող է նաև գնահատել, ինչպես հարթակի գործունեությունը, այնպես էլ պետական մարմնի տված պատասխանները»,-ասաց Լեոնիդ Ավետիսյանը:
Այսպիսով՝ հարթակը հնարավորություն է տալիս անմիջական կապ հաստատել պետական մարմինների հետ՝ խնայելով ժամանակ և էներգիա:
Հանրության կողմից e-request հարթակի կիրառությունը
Վերջին շրջանում հարթակի կիրառությունը հանրության կողմից զգալիորեն մեծացել է: Աճ նկատվեց հատկապես 2020թ. մարտին, երբ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակվեց քաղաքացիների տեղաշարժը, և պետական մարմինները որոշ ժամանակաշրջանում արգելեցին ֆիզիկական դիմումների փոխանցումը: Ավտոմատ կերպով e-request-ը դարձավ եզակի հարթակ, որով հանրությունը կկարողանար կապ հաստատել պետական մարմինների հետ:
2018 թվականից մինչ այժմ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով հարցումների ներկայացման վիճակագրությունը ցույց է տալիս հարցումների կիրառության այդ աճը: Միայն 2020 թվականին հարթակի միջոցով պետական մարմիններին ուղարկվել է 227,350 հարցում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի համակարգող Մանե Մադոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարթակի կիրառման ակտիվությունը հնարավորություն տվեց նաև հասկանալու՝ իրականում ի՞նչ խնդիրներ ունի հարթակը:
«Սկսեցին հարթակում որոշ փոփոխություններ անել։ Ավելացավ պետական մարմինների ցանկը, որոնց կարելի է ուղղել հարցումը»,-ասաց նա:
Լեոնիդ Ավետիսյանն էլ ասաց, որ, թեև հարթակի միջոցով հարցումներ ուղարկելու թիվը մեծացել է, այնուամենայնիվ հիմնականում հարցում են ուղարկում Երևան քաղաքի բնակիչները, իսկ համայնքներից ուղարկվող հարցումների թիվը չափազանց փոքր է:
Արգավանդ, Գայ, Մեծամոր, Հայանիստ, Հովտաշատ համայնքներում մեր անցկացրած հարցախույզը, որ նպատակ ուներ պարզել, թե գյուղերի բնակիչներից քանիսն են կիրառել այս հարթակը, այնքան էլ լավ պատկեր չարձանագրեց Մասնակցից 89 մարդուց 54-ը չէր օգտվել e-request հարթակից:
Իսկ ի՞նչ է արվում հանրությանը հարթակի մասին տեղեկացնելու համար: Լեոնիդ Ավետիսյանը ասաց, որ իրենք ակտիվորեն կիրառում են e-request-ի «ֆեյսբուքյան» հարթակը՝ հանրությանը հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանցելու համար: Մարզերում, մարզպետարաններում և բոլոր ՏԻՄ-երում արդեն կան փոքրիկ պաստառներ, որոնք նկարագրում են e-request-ի ֆունկցիաները և հրավիրում են քաղաքացիներին հարթակի միջոցով «շփվել» պետության հետ:
Հարցումներին ի պատասխան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Լուսինե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնագիտության բերումով շատ հաճախ է օգտվում հարթակից և կարևորում է դրա դերակատարությունը.
«Առանց այս հարթակի բարդ է պատկերացնելը: Միակ խնդիրը, թերևս, որը կապված չէ e-request-ի հետ այն է, որ հաճախ պետական տարբեր մարմիններ ոչ լիարժեք կամ ուշացած պատասխաններ են տալիս»: 2022 թվականի փետրվարի 12-ին Լուսինեն ուղարկել է հարցում Երևանի քաղաքապետարան և ստացել ուշացած, ոչ լիարժեք պատասխան, որը վնասել է իր նյութի օպերատիվ հաղորդմանը:
Ինչո՞վ է պայմանավորված տեղեկատվության ստացման հարցումներին ուշացմամբ կամ ոչ լիարժեք պատասխան տալը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա հաճախ պայմանավորված է այն բանով, թե ինչ տեղեկություն ենք մենք խնդրում: Եթե տեղեկությունները պարզ են, ինչ-որ զգայուն կամ քաղաքական խնդիրների չեն առնչվում, դրանք արագ, օրենքով սահմանված ժամկետներում տրամադրվում են:
«Եթե տեղեկությունները առնչվում են ապօրինություններին, կոռուպցիոն ռիսկերին, անօրինական արարքներին՝ որպես կանոն, նման տեղեկություններ ստանալու հարցումները հետաձգվում են, անպատասխան են մնում կամ արժանանում են անօրինական մերժումների»,-ասաց նա:
ԻԱԿ-ի կողմից ստեղծված givemeinfo.am հարթակում տեղադրվում են պետական մարմիններին ուղղված հարցումներն ու դրանց պատասխանները: Այն հնարավորություն է տալիս, եթե ոչ լիարժեք, ապա մասամբ հասկանալ, թե որ պետական մարմինը հիմնականում ինչ կերպ է պատասխանում հանրային հարցումներին:
Շուշան Դոյդոյանի խոսքով՝ ԻԱԿ-ի սև ցուցակում ամենից հաճախ աչքի է ընկել Պաշտպանության նախարարությունը, որը վատ է արձագանքում տեղեկություն ստանալու հարցումներին, հաճախ լղոզված պատասխաններ է տալիս: Անցյալ տարի ԻԱԿ-ի կողմից ժանգոտ կողպեքի է արժանացել Երևանի քաղաքապետարանը, որը «մինչ օրս լիարժեք բարեփոխումներ չի արել հաղորդակցության և տեղեկատվության ազատությոն խնդիրները բացառելու կամ նվազագույնի հասցնելու համար», ինչպես նաև Ազգային ժողովը, որն անցյալ ամառ կիրառեց ԱԺ շենքի տարածքում լրագրողների տեղաշարժի աննախադեպ սահմանափակումներ:
Տեղեկատվության ստացման պահանջի մերժման օրինական կողմերը
Տեղեկություն ստանալու հարցումը կարող է մերժվել բացառապես Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության պարագայում, եթե այդ հիմքերը առկա չեն, մերժումը կլինի անօրինական: Այդ հիմքերն են օրինակ՝ պետական, ծառայողական, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները:
«Դրանց հրապարակումը արգելվում է, որովհետև դրանց հրապարակմամբ կարող է վնաս հասցվել ազգային անվտանգությանը, ընդհանրապես՝ օրենքներով պահպանվող մյուս կենսական շահերին»,-ասաց Շուշան Դոյդոյանը:
Այդ հիմքերի թվին են պատկանում նաև մարդու անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիությունը, նախաքննական գաղտնիքի հրապարակման սահմանափակումը, փաստաբանական, բժշկական գաղտնիքը:
Հարցման մերժումը պետք է, անպայման, լինի գրավոր և պարունակի հղում այն իրավական նորմին, որի համաձայն մերժվում է տեղեկատվության տրամադրումը:
Ի՞նչ անել, եթե խախտվել է տեղեկություն ստանալու Ձեր իրավունքը
Եթե տեղեկություն տնօրինողը անհիմն մերժել է տեղեկություն ստանալու հարցումը, ապա կարելի է այդ մարմնին ենթարկել ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության: 1-ին անգամ խախտում թույլ տալու պարագայում տույժը կկազմի 30,000 դրամ, 2-րդ անգամ, եթե նույն պաշտոնատար անձը կրկին մերժում է տեղեկատվության տրամադրումը, ապա՝ 50,000 դրամ: Քրեական պատասխանատվությունն ավելի բարձր է, սակայն ընդունման օրից՝ 2003 թ-ից, մինչ օրս երբեք չի կիրառվել:
Ըստ Շուշան Դոյդոյանի՝ ամենաուժեղ զենքը հանրային պարսավանքն է: Իհարկե, բացի դրանից, կարելի է դիմել մարդու իրավունքների պաշտպանին կամ դատական հայց ներկայացնել ապօրինի պատասխան ներկայացրած կառույցների դեմ: Որոշ դեպքերում բավական լավ դատական որոշումներ են կայացվում, որոնց հիման վրա տրամադրվում են տեղեկությունները, բայց, մյուս կողմից, դատական պաշտպանությունը անարդյունավետ է, որովհետև Հայաստանում դատարանները ծանրաբեռնված են և շատ ժամանակ անց է կայացվում որոշումը: Ուստի՝ դրա հիման վրա ստացած տվյալներն արդեն ժամանակավրեպ են, և որևէ մեկին չեն հետաքրքրում:
Այսպիսով՝ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը լայն հնարավորություններ է ընձեռում հասարակությանը պետական մարմինների հետ կապ հաստատելու և անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար, սակայն շատ հաճախ հենց նույն պետական մարմիններն էլ խախտում են անձի տեղեկություն ստանալու իրավունքը, ինչը անընդունելի է ժողովրդավար երկրի համար:
Հ.Գ. Խնայենք ծառերը՝ ուղարկելով էլեկտրոնային հարցում
Բազմաթիվ գրքեր կարդալիս, տետրերում ինչ-որ նշումներ անելիս ու ընդհանրապես, թղթերն ուղղակի այրելիս՝ մենք հաճախ չենք էլ հիշում, որ դրանց արտադրման համար հատվել են բազմաթիվ ծառեր: Մեկ մեծ և հաստաբուն ծառից մոտավորապես ստացվում է 58 կգ թուղթ, որն էլ կիրառվում է տարբեր բնագավառներում: Որքան քիչ օգտագործվեն թղթերը, այդքան ավելի շատ թթվածին կունենանք մենք:
Քրիստինե Թորոսյան
2-րդ կուրս