TikTok-ը ժամա՞նց, թե՞ կախվածություն

TikTok-ը ժամա՞նց, թե՞ կախվածություն

874

12-ամյա Լիլիթ Ստեփանյանը մեկն է այն բազմաթիվ երեխաներից, ովքեր ամբողջ օրն անցկացնում են TikTok հարթակում։

«Ես ամեն օր անպայման մտնում եմ TikTok ու նայում իմ տեսանյութերի դիտումները։ Շատ եմ սիրում հատկապես պարային ու կիսաբաց լուսամուտներից տեսանյութեր անել ու գցել իմ էջ, բայց մայրիկս անընդհատ նախատում է ինձ, քանի որ հաճախ այնքան եմ տարվում, որ դասերս չեմ հասցնում բոլորը սովորել»,-մեզ հետ զրույցում պատմում է Լիլիթը։

Ընդամենը 5-ամյա TikTok հավելվածը մոտ ապագայում կունենա 2 միլիարդ ներբեռնում ամբողջ աշխարհում։ TikTok-ը սոցիալական հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել կարճ, պարային, ծիծաղաշարժ, ժամանցային, դուետային և այլ տիպի տեսանյութեր` մինչև 60 վարկյան տևողությամբ։ Սա միակ հավելվածն է, որտեղ հասարակ ստեղծագործողը կարող է հայտնի դառնալ ամբողջ աշխարհին՝ առանց գումար ծախսելու, փոխարենը՝ նոր բովանդակություն ներկայացնելով։  

Ի սկզբանե կոչվելով Douyin՝ այս հավելվածն առաջին անգամ թողարկվել է 2016թ․ սեպտեմբերին չինական ByteDance ընկերության ջանքերով։ Հետագայում միջազգային լսարանի համար թողարկվել է հավելվածի կրկնօրինակը՝ կոչվելով TikTok։ Այն հասանելի է ավելի քան 150 երկրներում։

Ունի մոտավոր 1 միլիարդ օգտատեր։ 2020 թվականի մարտին գրանցել է ռեկորդային ցուցանիշ՝ ներբեռնվելով 115 միլիոն անգամ և մոտենալով 2 միլարդի։ Ըստ երկրների ներբեռնման՝ առաջատար դիրքում Հնդկաստանն է՝ 500 միլիոն, այնուհետև  Չինաստան՝ 180 միլիոն, և Միացյալ Նահանգները՝ 130 միլիոն։

Հոգեբան Աննա Ղազարյանը մեզ հետ զրույցում նշում է՝ սա սովորական կախվածություն է. «Tik Tok-ի նման սոցիալական ցանցերը ավելի ու ավելի շատ երիտասարդներ են գրավում աներևակայելի խելացի արհեստական բանականության միջոցով, որը զանգվածաբար կախվածություն է ստեղծում: Տեսանյութերն ավտոմատ են միանում, և անհրաժեշտ չէ սեղմել դրանց վրա: Դա ժամանակ չի տալիս այլ բանով զբաղվելու: Դիզայնը, իհարկե, ռազմավարական է: Նրանք ուզում են, որ մեկը մյուսի հետևից տեսանյութ դիտեք։ Ի տարբերություն Facebook- ի և սոցիալական մեդիայի այլ հարթակների, ստատիկ գլխավոր էջ չկա»։

39-ամյա Անի Նահապետյանը շատ անհանգստացած է իր երեխայի համար, քանի որ հաճախ է տեսնում, որ իր 10-ամյա աղջիկը գրեթե ամեն օր մտնում է TikTok ու նայում այդ տեսանյութերը. «Ես տեսնում եմ, որ իմ երեխան անընդհատ մտնում է այդ հարթակ ու կլանվում այդ տեսանյութերից, միշտ բարկանում եմ, հեռախոսն եմ վերցնում, բայց ամեն դեպքում նա գնում է դպրոց ու այնտեղ ընկերների հետ են դիտում։ Չգիտեմ ինչպես խոսեմ նրա հետ ու փորձեմ կտրել նրան այդ հավելվածից, նաև հասկանում եմ, որ հիմա գրեթե բոլորը հետաքրքրվում են դրանով, բայց դա բասացական է ազդում երեխաների հոգեբանության վրա»։

Հոգեբան Աննա Ղազարյանի բնորոշմամ, ծնողները նույնիսկ տեղյակ չեն՝ ինչ հավելված է ու բացասական ինչ հետեվանքներ է թողնում երեխայի վրա. «Կան ծնողներ, որոնք անգամ տեղյակ չեն այդ հարթակի մասին և չգիտեն էլ, որ իրենց երեխան օգտվում է այդտեղից։ Պետք է ամեն կերպ փորձել երեխային այլ հետաքրքիր զբաղմունքներով շեղել. նոր խաղեր խաղալ, գրքեր կարդալ, ուսուցանող ֆիլմեր դիտել, անգամ TikTok-ի մասին, և նա ինքնստինքյան կհեռանա այդ հարթակից»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ամբողջ աշխարհում է TikTok-ըդժգոհություններ առաջացնում. «Շատ կոչեր կան TikTok-ն արգելափակելու համար։  Չնայած որ պաշտոնապես չի ընդունվում, որ TikTok-ն արգելափակված է, բայց կա տպավորություն, որ պարբերաբար արգելափակվում է և նաև շատ դանդաղ է աշխատում։ Կարծում եմ՝ ինչ-որ ձևով ներազդեցություն արվում է, որ թուլացվի TikTok-ի տարածումը Հայաստանում, որովհետև, իսկապես, անվերահսկելի է։ TikTok-ում կա հոգեբանական մի խնդիր՝ շատերն ուզում են դառնալ հայտնի ու պատրաստ են հանուն դրա ինչ ասես անել՝ սկսած ապատեղեկատվություն և հիմարություն տարածելուց»։

TikTok հավելվածը դեռ շարունակում է մնալ ամենաշատ ներբեռնված հարթակների տասնյակներում, քանի որ համարվում է ամենաարագ աճող սոցմեդիա հարթակներից մեկը, և նոր սերնդի համար այն ուրիշ աշխարհ է և մի նոր մշակույթ։ Նշենք նաև, որ այսօր TikTok-ը դարձել է գումար վաստակելու հարթակներից մեկը, և դա էլ ավելի է շահագրգռում մարդկանց ներբեռնել հավելվածն ու նկարել տեսանյութեր՝ գումարի համար։

Անահիտ Քարամյան

3-րդ կուրս

Կիսվել