Բնության պատկերներ ու գեղեցիկ տեսարաններ, որոնք ակամայից տեղափոխում են դիտողին ուրիշ աշխարհ, որտեղ ամեն ինչ կատարյալ է ու գրեթե անթերի` զարմանալի իր հետաքրքիր գույներով, իր տեսակների բազմազանությամբ: Ահա «Արմափ» արշավական խմբի առօրյան ու գործունեությունը:
«Արմափը» արշավասերների ակումբ է, որի շուրջ հավաքվում են մի խումբ արկածասեր մարդիկ և պարբերաբար կազմակերպում արշավներ` Հայաստանի տարբեր ուղղություններով: Ամիսների ընթացքում խումբը համալրվել է նոր անդամներով և, քանի որ, մեծացել ու ծավալվել է «Արմափ»-ի գործունեությունը հասարակության մեջ, այն 2016-ի նոյեմբեր ամսին գրանցվել է որպես «Արմափ արշավական ակումբ» հասարակական կազմակերպություն:
Այսպիսով, նոր տարում նոր մտադրություններով և նորանոր բարձրունքներ գրավելու բարձր տրամադրվածությամբ, օրեր առաջ Նարեկացի Արվեստի Միությունում բացվեց «Չբացահայտված Հայաստան» խորագրով «Արմափ» արշավախմբի լուսանկարների ցուցահանդեսը: Ֆոտոցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի բնական ու պատմական հուշարձանները, վայրի բնությունը, հազվագյուտ ու անհետացող բույսերի ու կենդանիների լուսանկարները` այսպիսով պատմելով այդ թանկ հարստության մասին:
Ի սկզբանե «Արմափի»-ի նպատակը մեկն է եղել` արշավական մշակույթի զարգացումը Հայաստանում. «Մենք չենք կազմակերպում տուրիստական արշավներ, մենք փորձում ենք զարգացնել այդ մշակույթը, և որ ամենակարևորն է` մենք սովորեցնում ենք փորձ չունեցող, բայց շատ ցանկացող մարդկանց ճիշտ ու գրագետ արշավի կազմակերպումն ու անվնաս շարունակումը»,- ասում է ակումբի փոխնախնախագահ Գոռ Իսկանդարյանը:
Հետագայում, արդեն իսկ ընդլայնվեցին ու մեծացան ակումբի նպատակներն ու գործունեության սահմանները: «Ընդլայնել էկոզբոսշրջության շրջանակները ինչպես Հայաստանում, այնսպես էլ Արցախում, որն էլ նաև կնպաստի երիտասարդություն և բնություն կապի մեջ առողջ ապրելակերպին: Նպատակների մեջ մտնում է նաև սեմինարների և միջազգային գիտաժողովների կազմակերպումը Հայաստանում»,-իր գործընկերոջ խոսքին հավելեց ակումբի նախագահ Սոնա Վարդանյանը: Կազմակերպության շուրջ հետագայում հավաքվեցին մասնագետներ, ովքեր պատրաստակամ են հստակ իրականացնել «Արմափ»-ի կողմից առաջադրված ծրագրերը:
Մնալ անվնաս ու ամենակարևորը` չիմացության պատճառով չվնասել բնությանը, պաշտպանվել վայրի կենդանիներից ու կողմնորոշվել տեղանքում արևի, երկնային լուսատուների և համաստեղությունների միջոցով՝ խորհուրդներ է տալիս արշավական ակումբի անվտանգության պատասխանատու Տիգրան Վարդանյանը, ով ոչ միայն պատասխանատու է խմբի անդամների անվտանգության համար, այլ նաև սեմինարների, գործնական պարապունքների կազմակերպիչն է:
Ջեմմա Հովսեփյան
5-րդ կուրս